«Արմինյն Միրոր-Սփեքթյթր» շաբաթաթերթում անցյալ հուլիսին տպագրված իմ հոդածում (տես «ԱԶԳ»ի 25 հուլիս-1 օգոստոս համարը) գրել էի, որ Հայաստանի բացակայությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Շանհայի համագործակցության կազմակերպության» (SCO) գագաթնաժողովից՝ մարտավարական սխալ քայլ էր: Միեւնույն հոդվածում նշել էի նաեւ, որ տարածաշրջանային գլխավոր պետություններ հանդիսացող Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան մտադիր են նվազեցնել արեւմտյան աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, իրենց հետ ունենալով Չինաստանը` որպես նորաթուխ դերակատար Հարավային Կովկասում: Վերջինս ամերիկյան ներկայության եւ շահերին դեմ պայքարող կազմակերպությանը միացավ հատկապես Ամերիկայի իր դեմ որդեգրած դիրքորոշման պայմաններում: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասի շուրջ ծավալվող մրցակցության մեջ Հայաստանը չի կարող մեկուսացված արտաքին քաղաքականություն վարել:
Վերջերս հայտարարվեց, որ Հայաստանը բարձրագույն մակարդակի պատվիրակությամբ (ներառյալ վարչապետը) մասնակցելու է Կազանում (Ռուսաստան) նախատեսված «ԲՐԻՔՍ»-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին: Դրան հաջորդեց մամուլի ասուլիսը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակալիորեն դրական ակնարկներ ուղղեց Ռուսաստանին: Նա շնորհակալություն հայտնեց «Զվարթնոցում» տեղակայված ռուսական սահմանապահներին իրենց կատարած աշխատանքի համար, որը Հայաստանի խնդրանքով վերջ գտավ օգոստոսին: Նա նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության համար եւ բացառեց քննարկումները Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական հենակետի դուրս բերման վերաբերյալ: Նա հատկապես ընդգծեց Ռուսաստանի հետ հարգալից հարաբերությունները պահպանելու եւ հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու կարեւորությունը: Թվում է, թե այս բոլորը Ռուսաստանում «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովին մասնակցելու հայտարարությանը ժողովրդին նախապատրաստելու փորձեր են: Հայաստանում որոշ փորձագետներ Փաշինյանի այս որոշումը համարեցին արտաքին քաղաքականության կշռադատված կիրառում կամ կոմպլեմենտարիզմի վառ օրինակ (նախագահ Քոչարյանի իշխանության օրոք որդեգրված քաղաքականություն): Իրականում, կարծում եմ, ՀՀ վարչապետը հարկադրված է գնում Ռուսաստան` մասնակցելու այդ գագաթնաժողովին: Մի քանի շաբաթ առաջ պարզվեց, որ Թուրքիան արդեն դիմել է միանալու «ԲՐԻՔՍ»-ին, իսկ Ադրբեջանը շահագրգռվածություն է ցուցաբերում միանալու: Հնարավոր է, որ Ռուսաստանում կայանալիք համաժողովի ընթացքում պաշտոնական մեկնարկ տրվի այս երկու գործընթացներին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր հարեւանները, բացառությամբ Վրաստանի, շահագրգռված են «ԲՐԻՔՍ»-ով եւ ցանկանում են խորացնել համագործակցությունը այդ կազմակերպության հետ` դառնալով դրա անդամ երկրները:
Վրաստանում իրադրությունը բավականին ինտրիգային է: Հոկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են էապես ազդել նրա հետագա արտաքին քաղաքականության վրա: Եթե այնպիսի կառավարություն ձեւավորվի, որ կամենա սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ գործարկի օտար գործակալների վերաբերյալ օրենքը, որն ստիպում է 20 տոկոսից ավելի արտասահմանյան ֆինանսավորում ունեցող կազմակերպություններին գրանցվել, ապա Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության հետ կարող են խաթարվել, ինչը կանդրադառնա նաեւ տնտեսական կապերի եւ այլ առաջնահերթությունների վրա: Դա Վրաստանին կստիպի տնտեսական նոր գործընկերներ եւ հարթակներ որոնել խթանելու համար իր արտահանումները եւ մեծացնելու շահագրգռվածությունը «ԲՐԻՔՍ»-ի հետ կապերն առավել սերտացնելու համար:
Ամփոփելով նշենք, որ Իրանը «ԲՐԻՔՍ»-ի անդամ երկիր դարձավ այս տարի, բայց ավելի վաղ եւ այժմ բավականին ակտիվ կերպով համագործակցում է կազմակերպության անդամ պետությունների հետ: Նախքան «ԲՐԻՔՍ»-ին միանալը, Իրանը անդամակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպությանը (SCO), որի շնորհիվ «ԲՐԻՔՍ» մուտք գործելը դարձավ ավելի սահուն: Ադրբեջանը պատրաստվում է անդամակցել «ԲՐԻՔՍ»-ին, ակտիվ համագործակցելով Շանհայ համգործակցութան կազմակերպության հետ: Թուրքիան՝ նույնպես, իսկ Վրաստանի դիրքորոշումը պարզ կդառնա հոկտեմբերի վերջին:
Այսպիսով, Հայաստանը, կարելի է ասել, որ շրջապատված է «ԲՐԻՔՍ»-ի անդամ կամ անդամության թեկնածու պետություններով, ինչը նշանակում է, որ սահմանափակ են Հայաստանի այլընտրանքային տարբերակները: Հայաստանը ստիպված է հարաբերությունները սերտացնել «ԲՐԻՔՍ»-ի հետ, նույնիսկ անդամակցել նրան: Պարզ է, որ տարածաշրջանային երկրները թույլ չեն տալու Հայաստանին հետապնդելու տարբեր կողմնորոշում: Նշված բոլոր պետությունները, անշուշտ, ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, եւ Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանային այդ խճանկարից եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային տնտեսական կառույցից:
«ԲՐԻՔՍ»ը Չինաստանի տնտեսական հզորությամբ սկսել է մեծապես հետաքրքրել նաեւ արաբական երկրներին, ներառյալ Եգիպտոսին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին: Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը ընդլայնում է աշխարհագրությունը եւ ընդարձակում իր տնտեսական շուկան:
Ես չեմ պնդում, որ Հայաստանը անպայման պետք է միանա «ԲՐԻՔՍ»-ին, բայց իմ կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրականությունը հաշվի առնելով, Հայաստանը սահուն կերպով եւ մարտավարական նրբագույն հմտություններով պարտավոր է նավարկել ներկա ժամանակների հարափոփոխ աշխարհում: Հակա-ամերիկյան, հակա-եվրոպական, հակա-ռուսական կամ հակա-իրանական արտաքին քաղաքականություն որդեգրելը բոլորովին էլ ընդունելի տարբերակ չէ: Մենք պետք է բացառենք նման սխալ քայլերը եւ հետամուտ լինենք առավել գործնական մոտեցումներ գտնելու, որպեսզի պահպանենք մեր պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հայաստանը պարտավոր է իր շահերը համապատասխանեցնել արտաքին գլխավոր խաղընկերնների շահերի հետ եւ հակամարտությունների փոխարեն ընդհանուր եզրեր գտնել համագործակցելու նրանց հետ:
Ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը զգուշավոր է եւ քայլեր չի ձեռնարկում արտաքին դերակատարների շահերի դեմ: Սա գուցե գործնական, բայց իրականում նաեւ երկչոտ, անվճռական կամ անսկզբունքային մոտեցում է, որը նաեւ մեր ազգային շահերի դեմ է: Այն պետք է անհապաղ վերանայվի:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)