ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մեր օրերի ամենաքննարկվող թեման Հայաստանի ինտեգրման խնդիրն է: Մեր հասարակությունը փորձում է հասկանալ, թե դեպի ո՞ւր է շարժվելու Հայաստանը, եւ գործնականում հնարավո՞ր է արդյոք համատեղել եվրոպական ինտեգրացիայի խորացման գործընթացը ապագա Եվրասիական միության հետ, ինտեգրացիոն գործընթացները խորացնելով: Վերջին տասը ամիսների հասարակական, քաղաքական եւ փորձագիտական քննարկումների արդյունքում մեր հասարակությունը իր համար ձեւակերպել է ժամանակակից ինտեգրացիոն գործընթացներին մեր երկրի մասնակցության մոտեցման բանաձեւը: Այն հնչում է մոտավորապես հետեւյալ կերպ. Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի գործընթացը չի հակադրում եվրասիական ինտեգրման թափ հավաքող գործընթացին, այլ փորձելու է այդ գործընթացները համադրելու միջոցով լուծել տնտեսական եւ քաղաքական բնույթի կարեւորագույն խնդիրներ: Այս բանաձեւը ավելի կարճ լրագրողնորը նույնիսկ ձեւակերպել են, իբրեւ «ոչ թե կամ-կամ, այլ եւ-եւ»: Այս բանաձեւը ներքաղաքական կայունություն եւ քննարկումները ծավալելու ճանապարհին եվրոպամետների եւ ռուսամետների միջեւ անիմաստ, բայց շատ վտանգավոր քաղաքական առճակատում չստեղծելու ճանապարհին հանգեցրել է մի կոնսենսուսի, որտեղ գլխավոր խնդիրըՙ քաղաքատնտեսությունից գլուխ հանող եւ տնտեսագիտության մեջ ուժեղ համարվող հեղինակություններին ձայնը տալն է, ովքեր էլ հուշելու են բոլորիս, թե ինչպես է այդ բանաձեւը գործնականում կիրառվելու քաղաքական քայլերում:
Տնտեսական հաշվարկների կարեւորությունը
Վերջին մեկ ամսվա ընթացքում շատ հետաքրքրական եւ նշանակալից քաղաքական իրադարձություններ են եղել, որոնք եվրասիական ինտեգրման հիմնախնդիրներին արտակարգ հնչողություն են հաղորդել: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների Մինսկում անցած հանդիպման շրջանակներում, Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են նաեւ Մաքսային միությանն առնչվող հարցերը: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ասել է, որ «Հայաստանն, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրանում մասնակցել: Մենք էլ ենք դա կարեւոր համարում, անհրաժեշտ է միայն պատշաճ ձեւաչափ գտնել համապատասխան համագործակցության համար»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել է, որ «մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ ոչ մի կասկած չկա, եւ մեր նախագահները նույնպես քննարկել են այդ թեման: Հիմա արդեն տեխնիկական մակարդակով է անհրաժեշտ ամեն ինչ որոշել, թե ինչ տեմպերով, ինչ քայլերով շարժվել առաջ… Մենք ստորագրել ենք երկու արձանագրություն, որոշել ենք հարցերի այն հերթականությունը, որով առաջ ենք շարժվելու»,- եզրակացրել է նա: Այդ հանդիպումից չորս օր անց, Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինը իր առաջին ասուլիսում ասել է. «Ռուսաստանը ողջունում է Հայաստանի ձգտումըՙ ինտեգրվելու Եվրասիական եւ Մաքսային միություններին»: Նա նշել է, որ Եվրասիական միության հետ համագործակցության ձեւաչափը կարող է տարբեր լինել: Դեռ պարզ չէ, թե ինչ ձեւաչափով Հայաստանը կմիանա Եվրասիական կամ Մաքսային միություններին: Դա կարող է լինել ասոցիացիա, գործընկերություն կամ անդամություն: «Հարցը մանրազնին ուսումնասիրություն է պահանջում»,- եզրակացրել է դեսպանը: Հետաքրքիր է, որ հենց այս օրերին հրապարակվեցին տնտեսական հաշվարկներ, որոնք վերաբերում են Եվրոպական միության հետ խոր եւ համապարփակ առեւտրի պայմանագիրը ստորագրելու դեպքում Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարին: «1-in.am» հայկական լրատվական գործակալության ուշագրավ հաղորդագրության համաձայն, կատարվել է միանգամից երկու հետազոտություն, որոնք տարբեր պատկերներ են ներկայացրել Հայաստանի տնտեսության համար հնարավոր օգուտների վերաբերյալ: Այսպես, տնտեսագետ Լեւոն Բարխուդարյանը իր համահեղինակների հետ հրապարակել է «Խոր եւ համապարփակ առեւտրի մասին պայմանագրի ազդեցությունը երկկողմ առեւտրական կապերի վրա» աշխատությունը, որտեղ եկել է եզրակացության, որ «ազատ առեւտրի գոտու հաստատումը Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա»: Միեւնույն ժամանակ նիդեռլանդական «Էկորիս» եւ լեհական «Քեյս» ընկերությունների կատարված հաշվարկները ցույց են տվել, որ այդ պայմանագիրը երկարաժամկետ հեռանկարում կարող է էական ազդեցություն ունենալ ինչպես երկկողմ ապրանքաշրջանառության, այնպես էլ Հայաստանի ազգային եկամտի վրա: Այսպես, հնարավոր է, որ Հայաստանի ներքին համախառն արդյունքը հինգ տարի հետո աճի 2.3%-ով: Աշխատավարձը կաճի 2.6 %-ով, իսկ որոշ ապրանքների գները կարող են իջնել: Ներմուծումը Եվրոպական միությունից կավելանա 8%, իսկ Հայաստանից արտահանումը 5 տարի հետո կարող է աճել 15%-ով: Այս երկրորդ ուսումնասիրությունը, ըստ նույն աղբյուրի, ցույց է տվել նաեւ այն բարդությունները, որոնք ընկած են այս ցուցանիշներին հասնելու ճանապարհին: Վերջերս ռուսաստանյան ԶԼՄ-ները հրատարակել են նաեւ Մաքսային միության ներուժի անընդհատ մեծացման մասին կոնկրետ վիճակագրական տեղեկություններ: Այն, որ Մաքսային միությանը անդամակցելու հետաքրքրություն դրսեւորել են ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքի որոշ երկրներ, այլեւ հեռավոր արտասահմանի այնպիսի պետություններ, ինչպիսիք են Վիետնամը, Նոր Զելանդիան եւ Սիրիան, հայտնի էր դեռ անցյալ տարվանից: Այս տարի արտաքին առեւտրում Մաքսային միության երկրների շոշափելի դրական սալդոյի մասին տեղեկությունները փորձագետների շրջանում քննարկվում են արտակարգ հետաքրքրությամբ: Այսպես, 2012 թ. Մաքսային միության անդամները արտահանել են 600 մլրդ դոլարի ապրանքներ եւ ներկրել են 339 մլրդ դոլարի: Ռուսաստանի դրական սալդոն կազմել է 192,1 մլրդ դոլար, Ղազախստանինը 158,6 մլրդ, իսկ Բելառուսինըՙ 10,2 մլրդ դոլար: Այն, որ Մաքսային միությունը զարգացման եւ բոլոր ցուցանիշներով առաջխաղացման միտում է դրսեւորում արդեն որերորդ տարին, լուրջ հետաքրքրության առարկա է դարձնում նրա հետ համագործակցելու հնարավորությունը: Հայաստանում, ինչպես եւ Ուկրաինայում, ինչպես եւ Ղրղզստանում, որոնց հարաբերությունները Մաքսային միության հետ ավելի կանոնակարգված են, մենք փորձելու ենք հասկանալ, թե ի՞նչ տնտեսական ակնկալիք կարող է ունենալ Մաքսային միության հետ մեր համագործակցության յուրաքանչյուր ձեւաչափը: Կրկնելով եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայայի միտքը, մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրեյ Արեշեւը վերջերս հայտարարեց, որ Եվրասիական ինտեգրման պարագայում խոսքը միայն տնտեսական միության եւ ոչ թե քաղաքական միության մասին է: Այստեղից կարելի է ենթադրել, որ անցած ամիսների ընթացքում քննարկումները հետխորհրդային տարածքում հանգեցրին հետեւյալ ըմբռնումներին. 1. Մաքսային միության զարգացումը եւ Եվրասիական միության ձեւավորումը տնտեսական ներուժի համախմբման եւ տնտեսական միություն ստեղծելուն ուղղված քայլ են դառնում: Ինչպես եւ տեղի էր ունենում Եվրոպական միության ձեւավորման մի քանի տասնամյակների ընթացքում, տնտեսական դաշինքն է, որ պետք է պետությունների համար շահեկան դարձնի այլ ասպարեզներում, օրինակՙ քաղաքական ասպարեզում ավելի սերտ համագործակցություն ծավալելու հարցը: Այժմեական քննարկումների հարցաշարից հանելով քաղաքական ինտեգրացիայի հարցը, այսօր մեծապես թեթեւացրել է ինտեգրացիոն գործընթացներին ավելի լիարժեքորեն մասնակցել ցանկացողների մտադրությունները: 2. Ընդգծելով ապագա դաշինքի տնտեսական բնույթը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը ընդգծում են տնտեսական հաշվարկների, տնտեսական ակնկալիքի գործոնները, փաստորեն ճանապարհ բացելով հաշվարկելու հնարավորությունների համար: Որովհետեւ եթե չկա քաղաքական պարտադրանք, կամ քաղաքական օր առաջ համախմբման հրամայական, ապա հաղթելու են տնտեսական օգուտի եւ շահի մասին ճշգրիտ հաշվարկները: Ուրեմնՙ Հայաստանում մոտակա ամիսներին անհրաժեշտ է միամյանցից անկախ առնվազն մի քանի հաշվարկ ունենալ, որոնք առարկայական կդարձնեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացին մասնակցելու լավագույն ձեւաչափի ընտրությունը:
Քաղաքական նպատակահարմարության հարցը
Տնտեսական հաշվարկները այսպես թե այնպես հանգեցնում են քաղաքական մոտեցումներ որդեգրելու եւ քաղաքական որոշումներ կայացնելու հարցին: Օրինակՙ «Ուկրաինսկի վիբոր» անկախ վերլուծական պորտալի ներկայացուցիչ Վլադիմիր Վոյուշը գտնում է, որ «(Ուկրաինայում) մի քանի տարվա ընթացքում որոշում չենք ընդունում տնտեսական ինտեգրացիայի վեկտորի կապակցությամբ, ամեն տարի փող ենք կորցնում»: Նա գտնում է, որ ուկրաինական «մտորումների» ամեն տարին երկրին արժենում է մոտ 10 մլրդ դլոար, կապված գազի բարձր գնի, մաքսային տուրքերի եւ ներքին համախառն արդյունքի կորուստների հետ: Հեռուստատեսությամբ շատերս ենք տեսել, թե ինչպես ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, անդրադառնալով Ուկրաինայի եւ Ղրղզստանիՙ Մաքսային միությանը ավելի սերտ մասնակցության հարցին, ասաց, որ ժամանակը անսպառ չէ, պետք է կայացնել որոշում, որովհետեւ այս ձեւաչափով հանդիպումը կարող է լինել վերջինը: Սա նշանակում է, որ իր կենսունակությունը արդեն ապացուցած Մաքսային միությունը շուտով կարող է եւ լուրջ պայմաններ կամ նախապայմաններ դնել նոր անդամագրվող թեկնածու երկրների համար: Հայտնի է, որ 2015 թ. հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի բոլոր կառույցները անցնելու են Եվրասիական միությանը: Այս մասին համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների մակարդակով: Եվրասիական միության ստեղծման ճանապարհին կարեւոր նկատված ընկալումներից մեկն այն է, որ եվրասիական տարածքի պետությունները ուզում են լինել մի տնտեսական դաշինքի մեջ, որը լավագույնս կհաղթահարի ժամանակակից գլոբալ տնտեսության մարտահրավերներ: Քաղաքագիտական մտքի հաղթանակ կարելի է համարել այն դիտարկումը, որ այսօր աշխարհում շատերն են հասկանում, որ համաշխարհային տնտեսությունը բազմաբեւեռ աշխարհում իրենից ներկայացնելու է տարածաշրջանային տնտեսական (գուցե եւՙ քաղաքական) ալյանսների ամբողջություն: Ռուսաստանը, իբրեւ նոր բազմաբեւեռ աշխարհակարգի ինքնուրույն ծանրության կենտրոններից մեկը, իրավունք ունի հավակնելու, որ այդ ալյանսներից մեկը ձեւավորվի իր շուրջը, մանավանդ որ Մաքսային միության գոյության առաջին տարիների շատ տպավորիչ տնտեսական արդյունքները իրավունք են տալիս նման հավակնությունների համար: Այսինքն, խոսքը ոչ թե Ռուսաստանից վախենալու արդյունքում նրան ենթարկվելու որոշման մասին է, ինչպես դա կարող են չարախոսել Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները, այլՙ ամուր տնտեսական շահերի ընդհանրության վրա կառուցված դաշինքի մասին: Տնտեսական ակնառու ցուցանիշների ազդեցության տակ շատ դժվար է Ռուսաստանին մեղադրել նոր Խորհրդային Միություն ստեղծելու կամ կայսրությունը վերականգնելու ձգտումների մեջ: Պարզ է, որ նման մեղադրանքները համոզիչ չեն լինելու, եթե Մաքսային միության գալիք տարիների ոգեւորիչ աճի ցուցանիշները շարունակեն բարձր մնալ:
Հայաստանի ներսում ֆունդամենտալ տնտեսագիտական հաշվարկներ կատարելու հետ միասին, մոտակա ամիսներին գծագրվում է եւս մի աշխատանքի ոլորտ: Դա հայ-վրացական համագործակցությանը այնպիսի թափ հաղորդելու խնդիրն է, որը կհանգեցնի ռուս-վրացական հարաբերությունների կարգավորմանը եւ աբխազական երկաթուղու վերաբացմանը: Եթե նույնիսկ ճշմարիտ են այն դատողությունները, ըստ որոնց աբխազական երկաթուղու վերաբացումը առանց Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության առանձնապես մեծ տնտեսական օգուտներ չի խոստանում Հայաստանին, ապա այդ վերաբացումը աշխարհայացքային մակարդակով Հայաստանը անվիճելիորեն կդարձնի էլ ավելի եվրասիական երկիրՙ կյանքի բոլորովին նոր մակարդակ եւ տեղաշարժման ավելի մատչելի հնարավորություններ ընձեռելով հայաստանցիներին: Իր երեւանյան այցի ընթացքում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նույնիսկ ակնարկ էր արել հայ-վրացական տնտեսական ինտեգրացիայի անհրաժեշտության մասին: Եթե հայ-վրացական տնտեսական ինտեգրացիայի մասին տեսական դատողությունները իրականություն դառնան, եւ ի չիք չլինեն Ադրբեջանի խանգարիչ դերի արդյունքում, եւ մյուս կողմից կարգավորվեն ռուս-վրացական հարաբերությունները (ինչի մասին խոսում ենք ոչ միասյն մենք Հայաստանում, այլեւ բազմաթիվ վրացի քաղաքական-հասարակական գործիչներ), ապա մեր կտրվածությանը եվրասիական տարածքից կգա փոխարինելու այդ տարածքի լիարժեք եւ իրավահավասար տնտեսական սուբյեկտ դառնալու գիտակցությունը: Այս թեման ինքնուրույն խոսակցության նյութ է եւ արժանի է, որ քննարկվի ամենայն մանրամասնությամբ:
Վերադառնալով Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթացները խորացնելուն ուղղված փնտրտուքին եւ մասնավորապես տնտեսական նպատակահարմարության հաշվարկներին, մենք երբեք չպետք է մոռանանք, որ խոսքը մեր ռազմաքաղաքական դաշնակիցների հետ բազմաբնույթ համագործակցությունը կայուն պահելու եւ էլ ավելի խորացնելու գործընթացի մասին է: Եվ որ միայն թափանցիկ, հասկանալի եւ կանխատեսելի կեցվածքով կարելի է բարձր պահել հուսալի դաշնակցի եւ հավատարիմ բարեկամի ձեւավորված համբավը: