Հայաստանը կարող է ապագայում գազ գնել Ադրբեջանից, եթե երկու երկրների միջև հաղորդակցությունները բացվեն. Հայկական 2-րդ գլոբալ գագաթնաժողովում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ խաղաղության դեպքում ապագայում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- ասաց նա։
Ադրբեջանական մամուլն անմիջապես տարածել է նրա այդ հայտարարությունը՝ հրապարակումները վերնագրելով այսպես՝ Հայաստանը պատրաստ է բնական գազ գնել Ադրբեջանից։
Ադրբեջանը 2023-2024 թվականներին արտահանել է 37 մլրդ խմ գազ. Հայաստանին գազ վաճառելը նրա համար քաղաքական նշանակություն ունի։
Կասկած չկա, որ Ադրբեջանը պատրաստ է անգամ շատ ավելի էժան գնով Հայաստանին գազ վաճառել, փոխարենը ամբողջ երկիրն իր բռի մեջ կհավաքի ու կախվածության մեջ կպահի՝ կուզի գազի «վինծիլը» կբացի, կուզի՝ կփակի։ Նայած թե Հայաստանն իրեն ինչպես կպահի։
Իսկ ՀՀ իշխանությունը դա կներկայացնի որպես «ձեռքբերում, հաջողություն»։ Տեսնո՞ւմ եք՝ ռուսները մեզ թանկով էին գազը տալիս, իսկ ադրբեջանցիները՝ շատ ավելի էժան։ Բա որ ասում էինք՝ Արցախը տանք, լավ ենք ապրելու…
«Չենք կարող բացառել այն սցենարը, երբ Ադրբեջանից Նախիջևան կամ Թուրքիա տարանցիկ գազատարը կանցնի Հայաստանով»,-ադրբեջանալկան մամուլւ խանդավառված մեջբերում է Փաշինյանի խոսքը։