Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ՍԱՍԱՆՎԱԾ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Կոպենհագենում կկայանա Դանիա-Հայաստան մրցախաղը

2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում այսօր Հայաստանի ազգային հավաքականը Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: ՀՀ հավաքականը երեկ առավոտյան «Բագրատ տուրի» կազմակերպած չարտերային չվերթով ուղեւորվեց Կոպենհագենՙ հանգրվանելով «Հիլթոն» հյուրանոցում: Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել 23 ֆուտբոլիստներ: Երեկ Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մեր ֆուտբոլիստներն իրենց միակ մարզումն անցկացրին, իսկ այսօր Երեւանի ժամանակով ժամը 22.15-ին կսկսվի հանդիպումը, որը կցուցադրվի «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

Մալթայի հավաքականից Երեւանում կրած խայտառակ պարտությունից հետո այսօր մեր ֆուտբոլիստներին առավել լուրջ փորձություն է սպասում: Մեր հավաքականն ընտրական մրցաշարում 4 անընդմեջ պարտություն է կրել ու հայտնվել է աղյուսակի ստորին հորիզոնականում: Պատահական չէ, որ դանիացիների հետ մրցավեճում բուքմեյքերները բացահայտ առավելություն են տալիս մրցակցին: Դանիայի հավաքականի հաղթանակի գործակիցը 1,28 է, մինչդեռ Հայաստանի հավաքականի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 8 գործակցով: Ոչ-ոքին գնահատվում է 4,5:

Ընտրական B խմբում Չեխիայի եւ Իտալիայի հավաքականների մրցավեճում դարպասները մնացին անառիկ: Իտալացիները խմբի բացահայտ առաջատարն են: Իսկ ահա դանիացիներին 2-րդ տեղի համար պայքարում այսօր հույժ կարեւոր է հաղթանակը:

Դանիայի հավաքականն ընտրական մրցաշարը սկսեց չեխերի հետ սեփական հարկի տակ գրանցված գոլազուրկ ոչ-ոքիով: Բուլղարացիների հետ մրցակցի հարկի տակ կայացած խաղում էլ գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: 3-րդ խաղում դանիացիներն Իտալիայում պարտվեցին 1-3 հաշվով, իսկ հետո անսպասելիորեն Չեխիայում 3-0 հաշվով ջախջախեցին մրցակցին: Դա առայժմ Դանիայի հավաքականի միակ հաղթանակն է ընտրական մրցաշարում: Վերջին խաղը դանիացիները անցկացրել են մարտի 26-ինՙ սեփական հարկի տակ ոչ-ոքի (1-1) խաղալով բուլղարացիների հետ:

Հայաստանի եւ Դանիայի հավաքականները միմյանց հետ մրցել են 2 անգամ Եվրո-96-ի ընտրական մրցաշարում: Դանիայի հավաքականն այն ժամանակ Եվրոպայի գործող չեմպիոնն էր: Այդ տիտղոսը դանիացիները նվաճել էին 1992-ին Շվեդիայում կայացած Եվրոպայի առաջնությունումՙ եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով աշխարհի չեմպիոն գերմանացիներին:

Երեւանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց 0-2 հաշվով, իսկ Դանիայում դաշտի տերերը հաղթեցին 3-1 հաշվով: Մեր հավաքականից գոլի հեղինակ դարձավ Արթուր Պետրոսյանը:

Կկարողանա՞ն արդյոք խայտառակությունից հետո ուշքի գալ մեր ֆուտբոլիստները, թե՞ ընտրական մրցաշարում, որն արդեն լիովին ձախողել են, Հայաստանի հավաքականը 5-րդ անընդմեջ պարտությունը կկրի: Այդ հարցի պատասխանը կտա այսօր կայանալիք հանդիպումը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Իտալիա642012-414
2. Բուլղարիա624011-410
3. Չեխիա62316-49
4. Դանիա51316-56
5. Հայաստան51042-83
6. Մալթա61052-143