ԱՄՆ-ը զե՞նք է մատակարարում Հայաստանին
Օրերս Euronews-ը ակամայից միացել է Հայաստանին զենք ու զինամթերք մատակարարող երկրների բացահայտման գործին լծված ադրբեջանական մամուլի արշավին ու ընդամենը հիմք ընդունելով ադրբեջանական Caliber.az վեբկայքի հրապարակումները նշել, որ ԱՄՆ-ը զենք է մատակարարում Հայաստանին ու հավելել.
«Իր վաղեմի հակառակորդ Ադրբեջանի նկատմամբ երկու անգամ պարտություն կրելուց հետո, ռազմական գործընկերներ ու դաշնակիցներ ընտրելու հարցում Երեւանի մոտեցումները փոփոխության են ենթարկվել»:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն շտապեց հերքել այդ տեղեկատվությունն ու հայտարարեց, որ ԱՄՆ-ը մահաբեր զենք չի մատակարարել Երեւանին:
Ընդ որում, Հայաստանին մատակարարվող զենքերի լոգիստիկ խնդիրները կարգավորելու հարցում Իրանը նույնպես հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Caliber.az-ի փոխանցմամբ, Հնդկաստանում եւ Ֆրանսիայում արտադրվող զենքերն Իրանի տարածքով Հայաստան տեղափոխելիս, մաքսային ստուգումների անվան տակ, Թեհրանն իր մասնագետների միջոցով տեխզննման է ենթարկում, ինչը, իբր, Իրանին հնարավորություն է տալիս արդիականացնել երկրում արտադրվող զենքերը:
Caliber.az-ը անգամ նշում է, որ Երեւան առաքվող 155 մմ տրամաչափի թնդանոթով հագեցած ֆրանսիական «Սեզար» համակարգը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում զննության ենթարկվելու համար, Թեհրանում Ֆրանսիայի դեսպանությունը բողոք է ներկայացրել: Caliber.az-ի պնդմամբ, հակառակ Ֆրանսիայի զգուշացումների, Իրանը շարունակում է իր ուսումնասիրությունները:
Բնականաբար, այս կարգի հորինածին տեղեկատվություններն անմիջապես հերքվում են մեղադրանքների թիրախ հանդիսացող երկրների պատկան մարմինների կողմից: Սակայն Բաքուն շարունակում է ոչ միայն Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու պարբերական բնույթ կրող իր անհիմն մեղադրանքները, այլեւ միջազգային մամուլը ծառայեցնում իր հեռագնա նպատակների համար:
Բոլորովին վերջերս էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին էր որակել Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել:
Հիշեցնենք, որ Լոնդոնում հրապարակվող եւ Սաուդյան Արաբիաի կողմից ֆինանսավորվող «Iran International» կայքի միջոցով հրապարակվող նյութերի հավաստիությունը հաճախակի են վիճարկվում:
«Iran International» կայքը, վկայակոչելով իրանական ծագումով անանուն մի աղբյուր, տեղեկացրել էր, որ Իրանն ու Հայաստանը 500 միլիոն դոլար արժողությամբ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի, Թեհրանը Երեւանին պետք է տրամադրի կամիկաձե ԱԹՍ-ներ: Ըստ նույն աղբյուրի, մի քանի ամիս առաջ ստորագրված երկկողմ համաձայնագիրը բաղկացած է տարբեր ենթաբաժիններից:
Կայքին տեղեկատվություն փոխանցած անանուն աղբյուրը, ըստ «Iran International»-ի, բարձրաստիճան ռազմական պաշտոնյա է, եւ իբր վերջինիս անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նրա ինքնությունը չի բացահայտում:
«Iran International» կայքի տրամադրության տակ եղած «գաղտնի» տեղեկատվության համաձայն, Իրանը Հայաստանին է տրամադրելու նաեւ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Shahid 136, Shahid 129, Shahid 197 եւ Mohajer ԱԹՍ-ներ:
Ըստ նույն համաձայնագրի, Իրանը նաեւ Հայաստանին կտրամադրի «Խորդադ-3», «Մաջիդ», «Խորդադ-15» եւ «Արման» տիպի հակահրթիռային պաշտպանության համակարգեր:
Նշված է նաեւ, որ Հայաստանի ու Իրանի պաշտպանական գերատեսչությունները «Iran International» կայքի ՝ այդ կապակցությամբ տրված հարցերին չեն արձագանքում:
Ռազմական եւ անվտանգային հարցերի վաշինգտոնյան վերլուծական կենտրոնում աշխատող իրանցի փորձագետ Ֆարզին Նադիմին, ըստ լոնդոնյան կայքի, այդ առիթով հայտնել է, որ նման ծավալների հասնող գործարքը, այդ տարածաշրջանի չափանիշներով, բավականին ուշագրավ է:
Նա հավելել է, որ Իրանը նախկինում էլ անօդաչու թռչող սարքեր եւ այլ կարգի սպառազինություն է վաճառել հայկական կողմին, սակայն ծավալները երբեք այդքան մեծ չեն եղել:
Կայքը նաեւ Հայաստանի 2024 թ. պաշտպանական նպատակների համար նախատեսված 1,4 միլիարդ դոլարի հասնող բյուջեն համեմատել է 2020 թվականի բյուջեի հետ եւ նշել, որ աճը կազմել է 81 տոկոս:
Կայքի հաշվարկներով, Իրանի հետ ռազմական համագործակցության համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմում են ընթացիկ տարվա պաշտպանական նպատակների համար նախատեսված Հայաստանի բյուջեի 1/3-ը:
«Iran International» կայքը, վկայաբերելով որոշ վերլուծաբանների տեսակետները, ենթադրում է, որ Հայաստանը հավանաբար Թեհրանի խոստացած 500 միլիոն դոլար վարկից է կարողանալու այդ խոշոր գնումն իրականացնել:
«Iran International»-ը հավանական է համարում, որ հայ-իրանական ռազմական համագործակցությունը ներառելու է նաեւ այլ ասպեկտներ, այդ թվում՝ ռազմական տեղեկատվության տրամադրում, Հայաստանի տարածքում ռազմական վարժանքների անցկացում եւ ռազմահենակետերի տեղակայում:
Նկատի ունենալով հայ-իրանական ռազմական համագործակցության ծավալների օրավուր աճը, Ֆարզին Նադիմին ենթադրում է, որ այդ իրավիճակը չի կարող չանհանգստացնել տարածաշրջանին եւ չի կարող անտարբեր թողնել Վաշինգտոնին:
«Iran International»-ը նաեւ մեջբերել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի՝ հունիսի 28-ին Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցի հետեւյալ հատվածը. «Իմ ուղերձը նրանց (ԱՄՆ-ին) հետեւյալն է՝ նրանք անտեղի հայ-իրանական հարաբերություններին չպիտի միջամտեն»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ