Կառավարությունը հրաժարվում է իր իսկ որոշումից
Օգոստոսի 15-ին Գյումրու ավագանին արտահերթ նիստում հավանություն է տվել մի նախագծի, որով ծրագրվում է քաղաքում հիմնել Լոզանի հյուրընկալության դպրոցի մասնաճյուղ: Այն բարձրակարգ կրթություն է տրամադրելու կառավարման, զբոսաշրջության, ռեստորանային, հյուրանոցային եւ այլ ծառայությունների ոլորտում: Սա իհարկե, լավ բան է եւ կարելի էր ողջունել, եթե չլիներ մի «փոքրիկ» եւ, թող ներվի ասելը, տարօրինակ «բայց»…
Բանն այն է,որ այդ հաստատության տեղակայման համար տրամադրվելու է Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող, նախկինում Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցին պատկանած եռահարկ շենքը, որը ներկա իշխանության օրոք, ՀՀ կառավարության 2018թ. հուլիսի 26-ի 834-Ա որոշմամբ անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել էր Շիրակի երկրագիտական թանգարանին: Տեղում Հայաստանի այն ժամանակվա մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մասնակցությամբ ոգեւորված ասուլիսներ էին արվել, նաեւ նախարարության ուղղորդմամբ դրամահավաք էր կազմակերպվել, կարծեմ շենքի վերակառուցման-վերանորոգման նախագծում էր սկսվել, բայց բավարար գումար չհավաքվելու պատճառով շինաշխատանքները չէին սկսվել ու այդպես մնացել էր…
Անցած վեց տարիների ընթացքում մի շենքի նորոգման գումարի հարցը մնացել էր առկախ, երբ այսօր անչափելի այլ հրատապ խնդիրներ ունեցող մեր երկրում գործի է դրվել բազմամիլիարդ վիթխարի ծախս պահանջող մի անհասկանալի ակադեմիական քաղաքի ծրագիր: Երեւի ինչպես այս վերջին դեպքում, այնպես էլ Գյումրու նշված շենքի տնօրինման հարցում խիստ գրավիչ է եղել խոստացվող ներդրումների պարագան:
Եվ ահա հանրապետության կառավարությունը, գուցե ամոթ զգալով ինքն իր որոշումից հետ կանգնելուց, որոշել է այդ շենքն իրենից հեռացնել, նվիրատվություն անել համյանքին, բայց եւ՝ այն նշված նպատակին տրամադրելու պայմանով: Ինչն էլ ավագանին ընդունել-վավերացրել է…
Շիրակի երկրագիտական թանգարանը առաջին հերթին լուրջ գիտական, հետազոտական հաստատություն է: Նրա հնագիտական արշավախմբերը մեր պատմության էջերի վրա լույս սփռող բազմաթիվ նյութեր են հայտնաբերել ու դրել գիտական շրջանառության մեջ: 1930-ից գործող թանգարանում այժմ պահվում է 25-30 հազար, շատ դեպքերում եզակի ցուցանմուշ՝ ընդգրկելով հին քարի դարից մինչեւ մեր օրերը: Բայց այդ ցուցանմուշները երկրաշարժից հետո՝ արդեն 36 տարի մի կերպ պահվում են մի նեղլիկ շինության անհարմար արկղերի մեջ… նաեւ առանց ցուցադրվելու հնարավորության: 2018-ի որոշումը դրանք փրկելու կարեւոր ու ոգեւորիչ քայլ էր, որից այժմ հետքայլ է արվում:
Գուցե նաեւ այն պատճառով, որ «Պատմական Հայաստանը մեզ խանգարո՞ւմ է»…
Ու հիմա ասում, փորձում են հասարակական միտքը հանգստացնել թե՝ թանգարանի համար նոր շենք կգտնենք: Որ գտնող էիք՝ մինչեւ հիմա ի՞նչ էիք անում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կումայրի