Էդուարդ Շարմազանովը գրում է․
Նիկոլիզմն ու կոլաբորացիոնիզմը։
2018-2024թթ. հակապետական քաղաքականության արդյունքում Հայաստանի Երրորդ Հանրապետությունը աստիճանաբար դադարում է գոյություն ունենալ։
Փաստացի ու դժբախտաբար Հայաստանում չկա ինքնիշխան պետականություն։
Ֆորմալ առումով այն կա, բայց իրականում՝ ոչ։
Փաշինյանի «կառավարությունն» ինձ հիշեցնում է Ֆրանսիայի Պետենի գլխավորությամբ Վիշիի ռեժիմ-կառավարությունը՝ Ֆրանսիայում/1940-1944/:
Մի տարբերություն կա ընդամենը Վիշիի ռեժիմի ու Փաշինյանի ռեժիմի միջև. Վիշիի ռեժիմն ենթարկվում էր բացառապես նացիստական Գերմանիային, իսկ նիկոլիզմի ռեժիմը՝ բոլորին…առավոտ՝ Արևմուտքին, ցերեկը՝ Հյուսիսին, գիշերը՝ Թուրքիային։
Մնացածը՝՝ գրեթե նույնն է։
Թե առաջին և թե երկրորդ դեպքում ազգակործան զիջումները արդարացվում են «խաղաղության դարաշրջանով»։
Թե Պետենի Ֆրանսիայում, և թե Փաշինյանի Հայաստանում զվարճանքի, համերգների ու անհոգ հեծանվորդների պակաս չկար։
Մի կողմից անկում էր ապրում ազգային պետականությունը, իսկ մյուս կողմից՝ տեսարանների պակաս չկար։
Բայց Ֆրանսիան չհանդուրժեց հակազգային ու հակապետական Վիշիի ռեժիմը՝ համախմբվելով Շառլ դը Գոլի շուրջ ու ընտրելով պետություն ունենալու ճանապարհը։
Ֆրանսիացին ապացուցեց, որ արժանի չէ ընկածի կարգավիճակին ու հաղթեց իր մեջ պարտվածին։
Ֆրանսիան հաղթեց կոլաբորացիոնիստ Պետենին նաև ԽՍՀ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի աջակցության արդյունքում։
Աշխարհի մեծերն աջակցեցին Ֆրանսիայի անկախության պայքարին, քանի որ ֆրանսիական ազգը Դը Գոլի գլխավորությամբ որոշեց ոչ թե հնազանդվել, այլ պայքարել նացիզմի և նրա «վեցնոց» Վիշիի ռեժիմի դեմ։
Մինչև «հայկական Վիշիի ռեժիմը» չհեռացվի, որևէ լավ բան մի սպասեք։
Շատերը հարցնում են՝ վե՞րջ։
Իհարկե՝ ոչ։
Բայց հաղթանակներ ունենալու համար պետք է արժանի լինենք այդ հաղթանակներին, անկախ հայրենիք ունենալու համար՝ արժանի պետք է լինել Հայաստանին։
Իսկ արժանի՞ ենք մենք անկախ ու ինքնիշխան հայրենիքի։
Կասկածում եմ… հազիվ իրար մեղադրենք ու մտածենք սեփական անսխալության մասին։
Հաղթանակները վերադառնալու են…
Ե՞րբ։
Երբ արժանի լինենք մեր հոգու զույգ հենարաններին՝ Աստծուն ու Հայրենիքին։