Պատերազմը ո՛չ միայն մարտի դաշտում է, այլ նաեւ վիրտուալ տիրույթում:Սահմանին զինվորներն են պայքար մղում, թիկունքումՙ «ԻնստագրաԴ»-ը, անվրեպ խոցելով սոցցանցերը:
Վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը, որն ունի 65 000 բաժանորդ, հայրենիքին օգտակար լինելու իր յուրովի տարբերակն ունի:Պատերազմական իրավիճակում հայրենիքին օգնելու ցանկությունը վիդեոբլոգերին մղել են համացանցում գումար աշխատելու տարբերակներ փնտրել եւ ստացվող գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Թիրախավորում ենք հայտնի մարդկանց,որոնք շատ մեծ լսարան ունեն ինստագրամում, որպեսզի նրանք խոսեն կամ մեր հիմնադրամի կայքը տարածեն, օգնելով մեզ գումար բերել հիմնադրամին:Եվ հետո երիտասարդների շրջանում լուրերն այդքան չեն կարդացվում, իրենք ավելի շատ հետաքրքրված են ինչ-որ սելեբրիթիներով, կամ ինչ-որ հանրահայտ մարդկանցով, ու այս ձեւով կարողանում ենք նաեւ երիտասարդներին իրազեկել ներկա իրավիճակի մասին»,- նշում է խմբի համակարգող Ռուբեն Եսայանը, ավելացնելով որ արձագանքողներ շատ են եղել, նրանց թվումՙ կես միլիոնից մինչեւ տասնյոթ միլիոն հետեւորդներ ունեցող հայտնի մարդիկ:
Ավելի ուշ ստեղծվեց եւ YouTube-ում հրապարակվեց «ԻնստագրաԴ» անունով տեսանյութերի շարք: Եսայանն ասում է, որ նախաձեռնությունը շատերին է ոգեւորել, թեպետ սկզբում իր սպասելիքները մեծ չէին, քանի որ YouTube-ը, մանավանդ հայկական դիտումների համար, քիչ է վճարում, բայց մարդիկ սկսել են նաեւ աշխատած գումարի վրա գումար ավելացնել, եւ ստացվել է հաջողակ նախագիծ: Տեսանյութերից ստացված գումարի վերջնարդյունքը վերաճել է հասնելով 15,000 դոլարի:
Մինչեւ այժմ պատրաստվել եւ YouTube-ում հրապարակվել է 6 տեսանյութ: Տեսանյութ դիտողները պետք է պահպանեն հետեւյալ կանոնները, որոնք բացատրվում են յուրաքանչյուր տեսանյութի սկզբում, օրինակՙ մինչեւ վերջ անպայման դիտել տեսանյութը, առաջ չտալ գովազդները, ձայնը լրիվ չիջեցնել եւ այլն:
«Մեծ մասը երաժշտություն եմ դնում,փորձում եմ այնպիսի բաներ հրապարակել, որոնք մաքուր հայկական են, որոնք ոչ միայն փող կբերեն, այլեւ կկրթեն մարդկանցՙ Կոմիտաս, Առնո Բաբաջանյան կամ ինչ-որ հայկական ժողովրդական բենդերի երգեր: Բացի YouTube-ից, նաեւ փնտրում եւ ուսումնասիրում եմ, թե ինչ այլ ճանապարհներ կան ինտերնետով գումար աշխատելու, որոնք էլի անպայման գործի մեջ եմ դնելու»,-նշում է Եսայանը:
Ռուբենի խոսքով, քանի որ հիմա չի կարող առաջնագծում լինել, գոնե այս ձեւով փորձում է օգնել:
«Հիմա շատ կարեւոր է ֆինանսապես մեր երկրի ապահովված լինելը, ու յուրաքանչյուր միջոցառում, որը կարող է պարզապես ոչ մի բանից գումար ստանալ, մեր մասով այդպես է ստացվում, շատ լավ է: Դա այսօր մեր երկրին ոչ միայն օգնություն է, այլՙ մեծ օգնություն»,- նշում է նա: