Արդեն երրորդ տարին անընդմեջ ամերիկացի 15 ուսուցիչ մասնակցում է ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության ծրագրին, որն իրականացվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ։ Տասնօրյա տևողությամբ ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, որի նպատակն է իրական փաստերի և արխիվային փաստաթղթերի ուսումնասիրմամբ կազմակերպված դասընթացների միջոցով հենց ամերիկացի ուսուցիչներին ներկայացնել Հայոց ցեղասպանության պատմությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «The Genocide Education Project» կազմակերպության գործադիր տնօրեն, ամերիկահայ Ռոքսան Մաքասջյանը մանրամասնեց, որ կառույցը ստեղծվել է մոտ 25 տարի առաջ։
«Ես Սան Ֆրանցիսկոյից եմ: Տարիներ առաջ մենք մի խումբ մարդկանցով ցանկացանք իմանալ, թե ինչպե՞ս են ամերիկյան դպրոցներում դասավանդվում Հայաստանի և հատկապես Հայոց ցեղասպանության պատմությունը։ Խոսքը ոչ թե հայկական դպրոցների, այլ հենց ամերիկյան դպրոցների մասին է։
Տարիներ առաջ Կալիֆորնիա նահանգում օրենք ընդունվեց, որի համաձայն՝ Հայոց ցեղասպանության մասին պետք է պատրաստվեին նյութեր և դասավանդվեին ամերիկյան դպրոցներում, սակայն, երբ որոշ ժամանակ անց մենք ցանկացանք հասկանալ, թե դասավանդվո՞ւմ է արդյոք նման բան դպրոցներում, տեսանք, որ, ցավոք սրտի, այդ ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվում»,-նշեց Մաքասջյանը՝ հավելելով, որ դրա պատճառներից մեկը եղել է այն, որ այդ նպատակի համար դրամական միջոցներ չեն տրամադրվել, և Հայոց ցեղասպանության վերաբերյալ չեն պատրաստվել նյութեր, չեն պատրաստվել նաև դասավանդող ուսուցիչներ։
Նրա խոսքով՝ հենց այս հանգամանքից ելնելով էլ իրենց մոտ ծնվել է մի գաղափար, ըստ որի՝ անհրաժեշտ է եղել ստեղծել մի կազմակերպություն, որը կօգնի դպրոցներին և ուսուցիչներին ունենալ թեմայի շուրջ համապատասխան նյութեր և պատրաստված կադրեր, ովքեր պատշաճ կերպով կներկայացնեն ու կդասավանդեն Հայոց ցեղասպանության պատմությունը:
«ԱՄՆ-ում, ընդհանրապես, արդեն 15-16 տարեկան երեխաներն ավագ դպրոցներում ուսումնասիրում են Համաշխարհային պատմություն առարկան, սակայն Հայոց ցեղասպանության ժամանակահատվածն ու իրականությունը դրա մասին մնում են ոչ պատշաճ ուսումնասիրված: Հետևաբար, որոշեցինք, որ հենց մենք պետք է նման դասընթացներ պատրաստենք: Այդ հարցով դիմեցինք Սան Ֆրանցիսկոյի դպրոցների ընդհանուր տնօրինությանը՝ առաջարկելով մեր ծառայությունը, որպեսզի իրականացնենք նման դասընթացներ հենց ուսուցիչների հետ: Արդեն 2004-2005 թվականներին մենք իրականացրեցինք ուսուցիչների հետ առաջին դասընթացները: Շուրջ մեկ տարի շատ ինտենսիվ աշխատանք կատարեցինք Սան Ֆրանցիսկոյի դպրոցների ուսուցիչների հետ՝ ստեղծելու համար Հայոց Ցեղասպանության դասավանդման առավել հարմար տարբերակ: Իրականացված աշխատանքը շատ մեծ արդյունավետություն ունեցավ, և նույնիսկ մասնակից ուսուցիչները զարմանք արտահայտեցին՝ ասելով, որ իրենք մշտապես ցանկացել են անդրադառնալ այդ թեմային, սակայն չեն իմացել, թե որտեղից կարելի է սկսել»,-պատմեց կազմակերպության գործադիր տնօրենը և հավելեց, որ դրա պատճառն այն է, որ Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ մշտապես գոյություն է ունեցել շատ լուրջ հակաքարոզչություն, և ամերիկացի ուսուցիչները հաճախ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտեղից կարող են գտնել հավաստի և ճշմարիտ տեղեկատվություն պատմության վերաբերյալ:
Մաքասջյանը զրույցի ընթացքում նշեց. «Հասկանալով, որ այդ համակարգը կարող է արդյունավետություն ունենալ՝ որոշեցինք դա շարունակական դարձնել: Տարիներ շարունակ մենք այս աշխատանքը իրականացրել ենք սկզբում Սան Ֆրանցիսկոյում, այնուհետև էլ արդեն սկսեցինք տարածել այն ԱՄՆ-ի մյուս նահանգներում: Սակայն հասկացանք, թե ինչ մեծ նշանակություն կունենա այս ծրագիրը, եթե ամերիկացի ուսուցիչները հենց տեղում՝ Հայաստանում ստանան համապատասխան գիտելիքներ:
Նրա խոսքով՝ սա արդեն երրորդ տարին է, ինչ ծրագիրն իրականացվում է Հայաստանում՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և վերջինիս աջակցությամբ, որը ի սկզբանե մեծ շահագրգռվածություն է ցուցաբերել ծրագրի անցկացման նկատմամբ:
Անդրադառնալով ծրագրի մասնակից ուսուցիչների ընտրության առանձնահատկություններին՝ տիկին Մաքասջյանը նշեց, որ դա բավականին բարդ գործընթաց է:
Նա մանրամասնեց, որ մասնակիցները պետք է փաստեն, որ իրենք տարիների ուսուցչական փորձ ունեն, գոնե փոքր-ինչ տեղեկացված են նյութի մասին և որոշ ժամանակ արդեն իսկ դասավանդել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ, քանի որ ծրագիրը չի կարող մասնակից դարձնել մի ուսուցչի, ով բացարձակ ոչ մի գիտելիք չունի թեմայի վերաբերյալ: Բացի այդ, նրանք պետք է հստակ ցույց տան, որ իսկապես հետաքրքրված են Հայոց ցեղասպանության ուսումնասիրմամբ և ցանկանում են խորացնել իմացությունն այդ թեմայի շուրջ:
«Ամենակարևորն այն է, որ մասնակիցները ծրագրի ավարտից հետո կարողանան դասապլան կազմել ստացած գիտելիքների հիման վրա և այն ներկայացնել ոչ միայն իրենց աշակերտներին, այլև գործընկեր ուսուցիչներին, քանի որ դա ծրագրի պահանջներից մեկն է. 10-օրյա ծրագրի ավարտից հետո նրանցից յուրաքանչյուրը պետք է իր հերթին այս նյութը դասավանդի 20 այլ ուսուցիչի: Սրանով մենք նպատակ ունենք շատ ավելի մեծ տարածում հաղորդել Հայոց ցեղասպանության մասին իրականությանը»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ հիմա ծրագիրն ունի արդեն 45 մասնակից, ովքեր 3 տարվա ընթացքում անցել են այս ծրագիրը և տարածված են ԱՄՆ-ի 29 նահանգներում: Նա հավելեց, որ սա նշանակում է՝ նրանք այդքան շատ նահանգներում արդեն հարյուրավոր և հազարավոր ուսուցիչների և աշակերտների մոտ տարածել են ծրագրի նյութերը:
Մաքասջյանի գնահատմամբ՝ այս աշխատանքն իր համար ունի արդեն ռազմավարական նշանակություն, քանի որ ծրագրի միջոցով դասընթացները հասնում են ահռելի թվով ուսուցիչների և դասավանդողների:
Եզրափակելով միտքը՝ Ռոքսան Մաքասջյանը նշեց, որ ծրագրի ավարտից հետո ևս շարունակվում է հետևողական աշխատանք կատարվել ծրագրի մասնակիցների նկատմամբ՝ վերջիններիս հետ լինելով անդադար կապի մեջ:
Նա նաև հավելեց, որ դրամահավաքների միջոցով հնարավոր կլինի պահպանել ծրագրի ամենամյա շարունակականությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն իր հերթին ասաց, որ թանգարանը շատ է կարևորում այս ծրագիրը, քանի որ դրա միջոցով հնարավորություն է ստեղծվում Ցեղասպանության հարցը Միացյալ Նահանգներում քաղաքական հարցից բերել կրթական դաշտ։ Նրա կարծիքով՝ սա նշանակում է, որ ավելի մեծ հիմքեր են առաջանում, որպեսզի ԱՄՆ-ի բնակչության մոտ Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը և պատմությունն ավելի խորն ու հիմնավոր լինեն, ուստի այդ առումով սա խիստ կարևոր է նաև քաղաքական դաշտում հարցն առաջ տանելու համար։
«Այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հենց սկզբից ծրագրի նկատմամբ մեծ շահագրգռվածություն ցուցաբերեց։ Սա այն վայրն էր, որտեղ այդ դասընթացը պետք է անցկացվեր և որտեղ ուսուցիչներն ավելի լավ կհասկանային Հայոց ցեղասպանությունը՝ այցելելով հուշահամալիր, ժամանակ անցկացնելով թանգարանում, ինչպես նաև ծանոթանալով թանգարանում առկա նյութերի հետ, ինչը նրանց կրթական ծրագրերի համար շատ կարևոր է»,-ասաց թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ բացի դրանից, թանգարանի գիտաշխատողները ևս ներգրավված են այս ծրագրի մեջ:
Նա տեղեկացրեց, որ ծրագրի օտարազգի մասնակիցների համար առանձին դասախոսություններ են կազմակերպելու. «Օրինակ՝ Ցեղասպանության հուշահամալիրի մասին մեր նախկին տնօրեն պարոն Մարությանը դասախոսություն է կարդացել նրանց համար։ Տվյալ պարագայում ծրագրին մասնակցող ուսուցիչների նպատակը ոչ թե արխիվային նյութերի ուսումնասիրությունն է, այլ հասկանալն է, թե ի՞նչ արխիվային նյութեր կան, որոնք իրենց դասերի ժամանակ կարելի է օգտագործել»,-մանրամասնեց Գզոյանը։
Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ծրագիրը կլինի շարունակական, քանի որ այն շատ մեծ արդյունավետություն ունի, որովհետև ծրագրին մասնակցող յուրաքանչյուր ուսուցիչ պարտավորված է լինում ԱՄՆ վերադառնալուց հետո իր ստացած գիտելիքներով և փորձառությամբ կիսվել 20 այլ ուսուցչի հետ, վերջիններս էլ՝ այլ ուսուցիչների հետ։