««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը, որը թույլ կտա խուսափել պետական բյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այսօրվա դրությամբ այս իրավասությունը վերապահված է ԿԳՄՍՆ-ին, և որպեսզի մենք ճիշտ բաշխենք դերերը, կարծում ենք՝ այս որոշումները պետք է կայացվեն կառավարության մակարդակով. մեկ մարմնի ղեկավարը չի կարող այնպիսի որոշումներ կայացնել, որոնք պետք է իրենցից ֆինանսական պարտավորություններ ենթադրեն։
Սա է հիմնական խնդիրը, որպեսզի մենք կոլեգիալ քննարկենք կարգավորումների փոփոխության հետևանքներն ավելի լայն համատեքստում»,- ասաց նախարարը։
Վահե Հովհաննիսյանը միաժամանակ պարզաբանեց՝ առանձին գերատեսչությունները չեն կարող այնպիսի կարգավորումներ իրականացնել, որոնք ունենան ֆինանսական հետևանքներ, օրինակ՝ մեկ նախարարը չի կարող որոշել բարձրացնել իր աշխատողների աշխատավարձային դրույքչափերը։
«Կարող է պարգևավճար տալ, բայց չի կարող… դա կառավարությունն է, քաղաքական հարց է։ Օրինակ՝ սոցապ նախարարը չի կարող որոշել, որ թոշակներն ավելացվում են, որովհետև դա որոշվում է օրենքով, կառավարության համապատասխան որոշումներով։ Այսօր էլ է այդպես. կառավարությունն է որոշում, ուղղակի որոշ որոշումներ, որոնք վերապահված են ԿԳՄՍ նախարարին, հանգեցնում են ֆինանսական հետևանքների, ուստի առաջարկում ենք, որպեսզի օրենքով այդ հաստատումը վերապահվի կառավարությանը»,- ասաց Վահե Հովհհանիսյանը։
Օրենքի նախագիծը հանձնաժողովը քննարկեց երկրորդ ընթերցմամբ և տվեց դրական եզրակացություն: