Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ ՊՆ-ը հերքել է բոլոր մեղադրանքները, սակայն Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը

Հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, հայկական զինուժը Քելբաջարի շրջանի Մոլլաբայրամլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա   հրաձգային զինատեսակներից կրակ է բացել. հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ը։

Նշված ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ. ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը վերջին օրերին պարբերաբար հերքում է Ադրբեջանի ՊՆ-ն տարածած կեղծ հաղորդագրությունները։

Քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտնեց.

Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:

Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում։