Դիլիջանի «Իմպուլսը» նամակով դիմել է ֆուտբոլի ֆեդերացիային, որում տեղեկացնում է, որ հրաժարվում է մասնակցել 2013/14-ի ՀՀ առաջնությանը: Պատճառն ակումբի ղեկավարության դժգոհությունն է մրցավարությունից: Մասնավորապես «Իմպուլսը» պահանջել է վերախաղարկել «Գանձասարի» հետ առաջնության վերջնագծում կայացած հանդիպումը, որն ըստ ակումբի ղեկավարության անցել էր կողմնակալ մրցավարության պայմաններում:
Հիշեցնենք, որ Դիլիջանի «Իմպուլսը» ստեղծվել էր 2009-ին Վարուժան Սուքիասյանի նախաձեռնությամբ: Ակումբի սեփականատերը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է, իսկ նախագահըՙ նրա որդինՙ Տիգրան Հակոբյանը:
Ընդհանրապես նոր մրցաշրջանի մեկնարկի շեմին առաջնության մասնակից որոշ թիմերի ճակատագիրն անորոշ է: «Ուլիսը» հայտնվել է ֆինանսական բարդ իրադրությունում, ուստի որոշել է հրաժարվել փորձառու մի խումբ ֆուտբոլիստներիցՙ թիմում ընդգրկելով միայն երիտասարդների: «Բանանց» ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը վերջերս հրաժարական տվեց եւ առայժմ հայտնի չէ, թե ի՞նչ ճակատագիր է սպասում թիմին: Խոսակցություններ կան, որ ակումբի նախագահի պաշտոնը ստանձնելու է «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը: Ըստ որոշ աղբյուրների էլ, «Բանանցը» կարող է ղեկավարել Կարեն Նալբանդյանը:
«Արմավիայի» սնանկացումից հետո ֆինանսական խնդիրներ են ծագել նաեւ «Միկայում», որի հովանավորը Միքայել Բաղդասարովն է: Այնպես որ առայժմ դժվար է գուշակել, թե 2013/14-ի ՀՀ առաջնությանը քանի թիմ կմասնակցի: