«Արմենպրես»
Հայերի ու Հայաստանի մասին պատմող «Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմը ցուցադրվում է աշխարհի հեղինակավոր հեռուստաալիքներով ու արժանանում դրական արձագանքների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության տարածման ուղղությամբ բազմակողմանի աշխատանքներ են կատարվում: «Իսպանական The Buzz Business S.L. կազմակերպությունը ոչ միայն նկարահանեց ֆիլմը, այլեւ նրա վրա էր դրված ֆիլմի տարածման պարտականությունը, ինչը մեր գործընկերները հաջողությամբ իրականացրին»,- նշեց Ապրեսյանը: Ֆիլմի նկարահանումը հատկանշական էր նրանով, որ Հայաստանի մասին պատմելու էին ոչ միայն կարճ հոլովակներ, այլեւ 52 րոպե տեւողությամբ Հայաստանը ներկայացնող ֆիլմը:
«Հայաստան. Նոյի երկիրը» վավերագրական ֆիլմն արդեն ցույց տրվել է, մասնավորապես, իսպանական պետական Television Espanola հեռուստաընկերության միջազգային եւ ներքին լսարանների համար նախատեսված հեռուստալիքներով, որոնց տարածման ծավալը 100-ից ավելի երկրներ ու տարածքներ են` 400 միլիոն լսարանով: Այն ցուցադրվում է նաեւ ֆրանսիական TV5, Voyage TV, իտալական Rai, Gaia ալիքներով, ինչպես նաեւ սկանդինավյան երկրների, ռուսական, չեխական, լեհական ալիքներով: Ֆիլմը ցուցադրվել է իսպանական բոլոր տրանսպորտային միջոցներում, ինչպես նաեւ օդանավակայաններում:
Armenia. The land of Noaհ ֆիլմը նկարահանվել է 2008թ.-ին իսպանական The Buzz Business S.L. կողմից: Այն ներկայացնում է ամբողջ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը, նաեւ Անին ու Արարատ լեռը: Կատարվում է պատմական ակնարկ Հայաստանի տարածքին, ներկայացվում են փաստեր, վավերագրական նյութեր: