Գյումրին եւ Լեհաստանի Բելոստոկ քաղաքն այսուհետեւ կլինեն քույր քաղաքներ: Շիրակի մարզկենտրոնի ղեկավար Սամվել Բալասանյանը եւ երկօրյա այցով Գյումրիում գտնվող լեհական Բելոստոկ քաղաքի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին անցած շաբաթ օրը ստորագրել են համագործակցության նախնական հուշագիր, որով նախատեսվում է երկու քաղաքների համագործակցություն հատկապես մշակույթի եւ սպորտի բնագավառներում:
Բելոստոկը մեծությամբ ու նշանակությամբ Լեհաստանի 11-րդ քաղաքն է, ունի 300 հազար բնակիչ եւ հարուստ մշակութային ժառանգություն: Լեհական քաղաքի պատվիրակությանն ընդունել, այնուհետեւ հուշագրի ստորագրմանը ներկա է եղել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Գումրու քաղաքապետը լեհ գործընկերոջն ու նրա ղեկավարած պատվիրակության անդամներին հրավիրել է «Գյումրին` ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի հունիսի վերջին կայանալիք մեկնարկի հանդիսավոր միջոցառումներին, իսկ լեհ քաղաքապետն իր հերթին Սամվել Բալասանյանին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Բելոստոկում, Արեւելյան գործընկերության ծրագրով կայանալիք համաժողովին:
Երկու քաղաքների համագործակցության հուշագիրը ստորագրվել է Գյումրու քաղաքապետարանի շենքի աջ թեւի երրորդ հարկի նույն օրը հանդիսավոր բացված սրահում, որտեղ այսուհետեւ նախատեսվում է անցկացնել համայնքային ավագանու նիստերը: Դրանք մինչեւ այժմ անցկացվում էին քաղաքապետի աշխատասենյակում: Նորակառույց շենքի այս հատվածը մինչեւ այժմ չէր գործում` հարդարման աշխատանքների ավարտված չլինելու պատճառով: Այստեղ կտեղավորվեն նաեւ համայնքապետարանի որոշ բաժինների աշխատասենյակները: