Այն, որ այսօր Բաղրամյան պողոտայում կայանալիք հավաքը տարբերվելու է հունիսի 12-ին կայացած հավաքից, ակնհայտ է, ուստի իշխանությունների արձագանքը ևս տարբեր կլինի. պատճառն այն է, որ ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանի շենքում չեն լինելու։ Այսքանով արդեն իսկ մեծ տարբերություն կա այսօր կայանալիք և հունիսի 12-ին կայացած հավաքների միջև։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը։
«ԱԺ շենքն այլ բան է, երբ բոլոր պատգամավորները ներսում են՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, այլ բան է, երբ միայն ընդդիմության ներկայացուցչներն են այնտեղ լինելու։ Ուստի, կարծում եմ՝ այլ բան է շենքի պաշտպանությունը, այլ բան՝ իշխանության ներկայացուցիչներինը։
Կարծում եմ՝ այս տարբերությունից ելնելով էլ բախումներ այսօր չպետք է ակնկալել։ Ոստիկանությանն, ամենայն հավանականությամբ, հրահանգ կտրվի կատարել իր նվազագույն պարտականությունները և չդրսևորել այնպիսի պահվածք, ինչպիսին դրսևորեց հունիսի 12-ին»,- ասաց քաղաքագետը։
Արթուր Ղազարյանը միաժամանակ ենթադրեց՝ այն զանգվածը, որը միշտ ներկա է եղել Սրբազան շարժման հանրահավաքներին, ներկա կլինի նաև այսօրվա հավաքին, մանավանդ որ հավաքը նշանակված է աշխատանքային օրվա ավարտին, եղանակն էլ նպաստավոր է։
«Նվազագույնը կարելի է ակնկալել մեծ հանրահավաքների ժամանակ եղած մարդկանց ներկայություն։ Կարծում եմ՝ ականատես կլինենք մեծ թվով մարդկանց ներկայության։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների՝ ԱԺ արտահերթ նիստը տապալելու որոշմանը, բանական է, որ այդպես էլ պետք է լիներ։ Իշխանությունը չի փորձում որևէ առիթ ստեղծել, որպեսզի շարժումը փուլ առ փուլ հաջողություն գրանցի։ Բնական է, որ իշխանությունն ամեն գնով պաշտտպանվելու է և հնարավոր ամեն առիթ օգտագործելու է, որպեսզի շարժումը տապալի։ Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ շարժումը ոչ միայն չի մարել, այլև հասարակությունը շարժումից հիասթափություն չի ապրում։ Սա շատ կարևոր է»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով շարժման առաջին իսկ օրվանից Բագրատ սրբազանի և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ եղած, սակայն վերջին օրերին անսպասելի կերպով անհետացած Սուրեն Պետրոսյանին՝ քաղաքագետը չբացառեց, որ նա արտաքին ինչ-ինչ ուժերի հետ հանդիպումների լինի։
«Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված Սուրեն Պետրոսյանի՝ Հայաստանում չգտնվելը։ Ուզում եմ հավատալ, որ նրա հետ որևէ պայմանավորվածություն չի եղել՝ նկատի ունենալով, որ Պետրոսյանին բերման են ենթարկել և հնարավոր ինչ-որ շրջանակներ նրա հետո որպես բանախոս-միջնորդ կարող էին հանդես գալ»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր՝ իրենց խմբակցությունը չի մասնակցելու հունիսի 17-ին օրենքի ուժով գումարվելիք ԱԺ արտահերթ նիստին։
«ՔՊ-ն արտահերթ նիստին չի մասնակցելու, որովհետև ընդդիմության օրակարգը կեղծ է և չի համապատասխանում ՀՀ պետական շահերից բխող օրակարգերին»,-ասել էր նա։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իր հերթին հիշեցրել էր, որ հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին, մեծ հավաք է տեղի ունենալու Բաղրամյան պողոտայում։
«Անկախ ամենից՝ շարժումը կենսունակ է և վճռականությամբ հասնելու է իր տրամաբանական եզրահանգման՝ այն է, այս մարդու հեռացումն ու ճշմարտության հաղթանակը»,- ընդգծել էր։
Ինչ վերաբերում է շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ապա հունիսի 12-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո հայտնի էր դարձել, որ Սուրեն Պետրոսյանն անհետացել է։ Ըստ ականատեսների՝ քաղաքացիական հագուստներով անձինք առևանգել են վերջինիս։
Սուրեն Պետրոսյանի կուսակից Հասմիկ Գաբրիելյանն ավելի ուշ Tert.am-ին հայտնել էր, որ վերջինս Հայաստանում չէ և Հայաստան կվերադառնա վաղը՝ հունիսի 18-ին։ Ճշտող հարցին՝ ե՞րբ և ո՞ր երկիր է գնացել, Գաբրիելյանը չէր պատասխանել՝ նշելով, թե չի կարող ասել։