«Գեղարդ» հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «Հայաստանը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի»։
Ներկայացնում ենք «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը․
«Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»:
Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում: Այդ ընթացքում Խոջալուից և Շուշիից չէին դադարում տարբեր զինատեսակներով հարձակումները հայկական բնակավայրերի վրա (մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի), ուստի Արցախի ազատագրական ուժերի համար մեծ կարևորություն էր ստացել Խոջալուի և Շուշիի ազատագրումը:
1992 թ․ փետրվարին` ռազմական գործողությունների ընթացքում, հայկական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրում Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին` բնակավայրից դուրս գալու համար: Սակայն, Աղդամի մոտակայքում գտնվող Շելլի բնակավայրի մոտ ադրբեջանական Ազգային ճակատի զինյալները գնդակոծում են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, այնուհետև` անարգում դիակները (այս տեղեկատվությունն ստանում ենք ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի` երկու օր տարբերությամբ կատարված նկարահանումներից):
Այս դեպքերից օրեր անց Ադրբեջանը կատարվածը ներկայացնում է` որպես հայերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության «ցեղասպանություն»:
Տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից տարածվող այս շինծու թեզն այսօր շրջանառվում է նաև պետական մակարդակով:
Այն, որ այդ վայրագությունները կազմակերպված են եղել ադրբեջանցիների կողմից, վկայում են ոչ միայն Խոջալուից փրկված ականատեսներն, այլև` Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա` Խոջալուի բարբարոսությունը կազմակերպված է եղել ինչ-որ ուժերի կողմից` իրեն վարկաբեկելու և իր հրաժարականը պահանջելու համար:
Փաստորեն` ներքաղաքական խարդավանքների արդյունքում` իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժոովրդին ղոչնչացնելուց:
Իրականում` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Արցախում և իրենց վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում հայերի ջարդեր ու կոտորածներ իրականացրած ադրբեջանական, հատկապես` Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը և հենց ինքը` Ադրբեջանի ղեկավարը, պետք է ներողություն խնդրեն և ընդունեն արցախահայության կամարտահայտությունը` ապրելու իր հայրենիքում` ազատ և անկախ»: