Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ:
Պարոն վարչապետն այսօր արձագանքել է, ավելացնելու բան չունեմ. նույն նախադասությունը բազմիցս կրկնեց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ակնհայտ ցույց տալով, որ ուղղակի պատասխան չունի ու անգիր արած մեկ նախադասությունը թեկուզ 1000 անգամ պատրաստ է կրկնել։
Վեհափառ Հայրապետի առջև ոստիկանական պատնեշի, քաշքշոցի, հրմշտոցի առնչությամբ ասաց.
«Կա պետական արարողակարգ և կան պահանջներ, որոնք պետք է պահպանվեն և վերաբերում են հրավիրվածներին: Արարողակարգի գործընկերների փոխանցմամբ տվյալ պահին իրականացվել են ճշգրտումներ և ի սկզբանե հրավիրյալների ցանկում չի եղել, և հետևապես հարցը լուծվել է: Ցանկացած դեպք, այդ թվում այս դեպքը գտնվում է նախարարության հակակոռուպցիոն և ներքին անվտանգության վարչության մոնիտորինգի ուշադրության կենտրոնում: Եթե փաստերի համադրման արդյունքում գտնեն, որ կա ծառայողական քննության կարիք, ապա վստահեցնում եմ այն կլինի»,- նշեց նա:
Ինչպես հայտնի է, մայիսի 28-ին Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ ոստիկաններն արգելել են, պատնեշ կազմել, սակայն Վեհափառին հաջողվել է հաղթահարել խոչընդոտն ու մոտենալ հուշահամալրին։
Համազգային ամոթի առնչությամբ Փաշինյանն այսօր ասել է. «Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել ու չի լինի, եթե եկեղեցու դեմ արշավ տեսնում եք, ուրեմն դա ուրիշ տեղ պետք է տեսնեք, ու այդ տեղը կապ չունի ՀՀ կառավարության ու կառավարող մեծամասնության հետ»։