Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

ԻՍՐԱՅԵԼԸ 1964 Թ.-ԻՆ 80-100 ՏՈՆՆԱ ՈՒՐԱՆԻ ՕՔՍԻԴ Է ԳՆԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻՑ

Պ. Ք.

Իսրայելի միջուկային զինանոցի գոյությունը վատ քողարկված «գաղտնիք» է, սակայն այդ երկրի միջուկային ծրագիրը դեռ մնում է անթափանց: Հիմնվելով վերջերս բացահայտված վավերագրերի վրա, հետազոտողներ Ուիլյամ Բյորը եւ Ավներ Կոենը Foreign Policy թերթում պատասխանում են գլխավոր հարցերից մեկին. ինչպե՞ս եւ ե՞րբ Իսրայելին հաջողվեց հումք ստանալ միջուկային զենքի արտադրության համար:

1964 թ. հուլիսի կեսերին ԱՄՆ պետդեպարտամենտը եւ ԿՀՎ-ն Արգենտինայում եւ Իսրայելում ամերիկյան դեսպանություններին հանձնարարեցին ստուգել, թե արգենտինացիներն իրո՞ք 80-100 տոննա ուրանի օքսիդ են վաճառել հրեական պետությանը, ասվում է հոդվածում: Այդ նյութը, որը հայտնի է նաեւ «դեղին կեկ» անունով, որպես վառելիք է օգտագործվում ռազմական պլուտոնիում արտադրող միջուկային ռեակտորների համար:

Ամերիկացի դիվանագետները հաստատեցին գործարքի փաստը, եւ պետդեպարտամենտը հայտնվեց ծանր կացության մեջ, քանի որ ԱՄՆ-ը չէր կարող իր մերձավորագույն դաշնակցին պատժել եւ ստիպել հրաժարվել միջուկային հավակնություններից, նշում են հոդվածագիրները:

Իսրայելի միջուկային ծրագիրը սկսվել էր ֆրանսիացիների օգնությամբ Դիմոնի միջուկային ռեակտորի կառուցումից: Սակայն իշխանության գլուխ անցած գեներալ Շառլ դը Գոլը էապես սահմանափակել էր ուրանի մատակարարումը Իսրայելին, եւ վերջինս սկսել էր փնտրել միջուկային վառելիքի նոր աղբյուրներ:

Արգենտինա-Իսրայելի շփումների մասին առաջինն իմացել էին կանադացի հետախույզները: Նրանք հայտնել էին բրիտանացիներին, վերջիններս էլՙ ամերիկացիներին:

Իսրայելում ԿՀՎ գործակալներին չէր հաջողվել որեւէ բան պարզել «դեղին կեկի» մասին: ԱՄՆ դեսպան Ուլվորտ Բարբուրին հանձնարարվել էր տեղեկություններ հայթայթել ավելի բարձր մակարդակով: Սակայն Իսրայելի արտգործնախարարը խուսափողական պատասխաններ էր տվել:

Ուրանի օքսիդի գնումը Իսրայելի կարեւոր գաղտնիքն էր, բայց գլխավոր միջուկային գաղտնիքը Դիմոնում բանեցված ռեակտորային վառելիքը ռազմական պլուտոնիումի վերածող կայանքի գոյությունն էր, ասվում է հոդվածում:

Արգենտինական «դեղին կեկի» վաճառքի եւ ռազմական նպատակներով դրա օգտագործման պատմությունը մարդկությանը հերթական անգամ հիշեցնում է ուրանի օքսիդի վաճառքի միջազգային սահմանափակումների բացակայության եւ դրա հետեւանքների մասին: