Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄԵՆԻՑ ԳԵՐ ՄԱՐԴԻԿ ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ

Պ. Ք.

ՄԱԿ-ի Գյուղատնտեսական եւ պարենային ծրագրիՙ FAO-ի հրապարակած վերջին հաշվետվության տվյալների համաձայն, աշխարհի չափահաս բնակչության մեջ ավելորդ քաշ ունի մոտավորապես 1,5 մլրդ մարդ: Ճարպակալումից տառապողների թիվը 350 միլիոն է:

Ընդունված է կարծել, թե գեր մարդկանց տոկոսն ամենաբարձրն է ԱՄՆ-ում: Սակայն վերջին տարիներին առաջատար է դարձել Մեքսիկան, նշում է ՀըԽ հեռուստաալիքը: Գիրացման գլխավոր պատճառները համարվում են «արագ սնունդը», գազավորված քաղցր ըմպելիքները եւ նստակյաց ապրելակերպը:

FAO-ի հաշվետվությունը վկայում է, որ Մեքսիկայի բնակչության 70 տոկոսն ունի ավելորդ քաշ: Ճարպակալումից տառապում է մեքսիկացիների 32,8 տոկոսը: Ի դեպ, 1989-ին, երբ Մեքսիկայում Fast food-ը տարածված չէր, այդ ցուցանիշը կազմում էր 10 տոկոս: Ճարպակալման հետեւանքներից են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, երիկամային անբավարարությունը, լյարդի հիվանդությունները, քաղցկեղը, ընկճվածությունը:

Ճարպակալումը տարածված է աղքատ մեքսիկացիների եւ երիտասարդների շրջանում: Նրանք նախընտրում են «արագ սնունդը», սպորտով չեն զբաղվում:

Ցանկում 2-րդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ը, որտեղ ճարպակալումից տառապում է բնակչության 31,8 տոկոսը: Երրորդ տեղում Սիրիան էՙ 31,6 տոկոս: Չորրորդ տեղը կիսում են Վենեսուելան եւ Լիբիան, հինգերորդ տեղում է Տրինիդադ եւ Տոբագո երկիրը: Առաջին տասնյակը եզրափակում են Իրաքը, Արգենտինան, Թուրքիան, Չիլին եւ Չեխիան: 11-18-րդ տեղերում են Լիբանանը, Նոր Զելանդիան, Սլովենիան, Մալթան, Պանաման, Իսրայելը, Ավստրալիան եւ Հունգարիան: 19-րդ տեղը կիսում են Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան (24,9 տոկոս):