Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ոստիկանական ուժեր են մեկնել Կիրանց. Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ 

Կիրանց են բերվել ոստիկանական ուժեր։

Իշխանությունները կիրանցեցիներին փոխհատուցում են առաջարկում իրենց տները, հողատարածքները Ադրբեջանին հանձնելու դիմաց, սակայն նրանք չեն համաձայնում։

Ի նշան բողոքի՝ նրանք նորից փակել են ճանապարհը։

«Մենք փակել ենք ճանապարհը, որ ՄԻՊ-ը գա այստեղ ու արձանագրի այս մարդկանց իրավունքները, որոնք ոտնահարվում են: Այստեղ մարդկանց կադաստրի վկայականները ձեռքին ասում են, որ իրենց տունը հրապարակված քարտեզով անցնում է թուրքին: Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն»,- ասաց բնակիչներից մեկը:

Մի քանի օր առաջ կիրանցեցիները հույս ունեին, որ կամուրջը կմնա իրենց տարածքում, սակայն պարզվել է, որ Փաշինյանը բանավոր համաձայնությամբ կամուրջն էլ է հանձնել թշնամուն։

«Փաշինյանը մեր երկրի շնչառությունը փակել է, կամուրջը հայտարարությամբ տվել է Ադրբեջանին»,- վրդովված ասաց կիրանցեցին:

Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում չի թաքցրել, որ Կրանցում խնդրահարույց տարածքներ կան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։

Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։

Հիշեցնենք, որ Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն այսօր հայտնել է, որ հրաժարական կտա ու կմնա իր ժողովրդի կողքին։