Ոստիկանությունը հաղորդում է մոտ մեկ շաբաթ առաջ Երևանում հայտնաբերված նորածին երեխայի մոր ինքնությունը պարզելու մասին: Շիրակի մարզի 24-ամյա բնակչուհին այսօր հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին:
«Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին», – ասված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունն այլ մանրամասներ չի փոխանցում: