Գնալով խորանում է ԵՄ-Բաքու երկխոսությունը «Միջին միջանցքի» ձևավորման ու դրա շահառուների հստակեցման շուրջ: Այս մասին գրում է. Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:
«Օրերս էլ Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Նաբիևը հայտարարեց Երվահանձնաժողովի հետ ձեռքբերված համաձայնության մասին՝ «Միջին միջանցքը» այլևս դիտարկելու որպես ԵՄ տնտեսական ու լոգիստիկ դիվերսիֆիկացմանն ուղղված կարևոր նախագիծ:
Հիշեցնեմ, որ «Միջին միջանցքի» նախագիծն արդեն մի քանի անգամ ողջունվել է ԵՄ տարբեր չինովնիկների կողմից, այդ թվում՝ 2022 թ.-ին Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կողմից «Տաշքենդի հռչակագիրն» ընդունելուց հետո:
Վերջինիս համաձայն՝ «Միջին միջանցքի» կամ «Արևելք-Արևմուտք-Միջին Տրանսկասպյան միջանցքի» նպատակն է ապահովել Չինաստան-Եվրոպա մուլտիմոդալ տրանսպորտային կապը Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի տարածքով: Հատկանշական է, որ հռչակագրում հղում է արվում TRACECA նախաձեռնության վրա, որի նպատակ է ձևավորել Եվրոպա-Կովկաս-Ասիա լոգիստիկան՝ շրջանցելով Ռուսաստանը:
Այլ կերպ ասած՝ «Միջին միջանցքը» փաստացի ինտեգրվում է եվրոպական տրանսպորտային ռազմավարության մեջ:
Իսկ հիմա ամենակարևորը: Նույն «Տաշքենդի հռչակագրում» հատուկ ուշադրություն է դարձվում «Արևմտյան Ադրբեջանի» և Նախիջևանի միջև ցամաքային տրանսպորտային կապի հաստատմանը։ Հռչակագրի 11-րդ կետում կարդում ենք. «Կողմերը կարևորում են Արևելյան Զանգեզուրը և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը կապող Զանգեզուրի միջանցքի բացումը՝ միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնման համար»:
ԵՄ-ն շարունակում է դիտարկել «Զանգեզուրյան միջանցքը» որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային ռազմավարության մաս: Այժմ էլ փորձում է տեղավորել այն «Միջին միջանցք» նախագծի մեջ: Նպատակը պարզ է՝ ստանալ հավելյալ ելք դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա՝ ածխաջրածինների ներկրման ուղիների տարատեսակացման, «Անդրկասպյան գազամուղի» կառուցման համար:
Եվ այս հարցում ԵՄ ու Անկարայի շահերն առավել քան համընկնում են՝ հատկապես հաշվի առնելով վերջինիս նկրտումները կայանալու որպես միջազգային էներգատրանսպորտային խաբ: Որպես տրանսպորտային կարևոր խաչմերուկ է կայանում նաև Ադրբեջանը, որին, ինչպես տեսնում ենք, հաջողվում է բաղադրել «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» մեգածրագրերը: (Չինաստանի ուղղությամբ էլ առանձին ռազմավարություն է իրականցվում, ինչին կանդրադառնամ առանձին գրառմամբ):
Այսպիսով, «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը»: