ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Քրիստոնեության խնդիրներով զբաղվողները թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Ամերիկայում ահազանգում են դասական եկեղեցիների եւ ամբողջությամբ վերցրած քրիստոնեության ճգնաժամի մասին: Հետազոտողներն ընդգծում են, որ քրիստոնյաների թիվն աշխարհում պատմության ընթացքում միշտ աճել է եւ մինչ այս պահը նվազման միտում չի դրսեւորել: Ավանդաբար իրենց քրիստոնյա համարողների թիվը 16-րդ դարում կազմել է աշխարհի բնակչության 19%-ը, 19-րդ դարի ամենասկզբումՙ 23%-ը, երկրորդ եւ երրորդ հազարամյակների սահմանագլխին քրիստոնյաները կազմել են աշխարհի բնակչության մեկ երրորդը: Լյութերական քարոզիչներն, օրինակ, կարծում են, որ Եվրոպային սպառնում է քրիստոնյաների թվի նվազում, ավելի կոնկրետՙ 2050 թ. Եվրոպայում քրիստոնյաները կնվազեն 67 միլիոնով: Կաթոլիկ ուսումնասիրողներից ոմանք կարծում են, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ճգնաժամն այնքան խորն է, որ այն սպառնում է, առհասարակ, եկեղեցու հիմքերին: Բազմաթիվ հեղինակներ փորձել եւ փորձում են բացատրել 21-րդ դ. դասական քրիստոնեական եկեղեցիների հետ կապված խորացող ճգնաժամի պատճառները: Օրինակ, կարծիք կա, որ ժամանակակից արեւմտյան աշխարհի համար ինդուստրիալ դարաշրջանում նոր ունիվերսալ հավատք է դարձել տնտեսությունը, իսկ ավելի ճիշտՙ անընդհատ աճող սպառումը: Ավանդական բազմաթիվ հասկացությունների բովանդակության եւ որակի փոփոխման պայմաններում հասարակությունը դարձել է պարզ սպառող, որտեղ արտադրության իմաստը նոր, ավելի թանկ ու ավելի որակով ապրանք արտադրելն է, նոր վերնախավերի ճաշակն ու ցանկությունները բավարարելու համար: Այսպիսով, այս նոր հասարակությունը, որտեղ շատ խորացած են տարբերությունները ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ, արդեն այլ կերպ է նայում բարոյականության եւ բարոյախոսության խնդիրներին, քան ավելի վաղ, երբ դա քարոզում էին գլխավորապես քրիստոնեական եկեղեցիները:
Արեւմտյան քրիստոնեության ճգնաժամը եւ արեւելյան քրիստոնյաների փնտրտուքը
Արեւմտյան հասարակության նեոլիբերալ դարաշրջանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այստեղ բացարձակացված են մարդու ազատությունների եւ ժողովրդավարության արժեքները: Մեր օրերում, երբ արագորեն փոփոխվում է ավանդական թվացող արժեքների ներքին բովանդակությունը, ինչպիսիք են, օրինակ, ընտանիքը, պարտականությունները, բարոյական արժեքները եւ այլն, մարդիկ դարձել են ավելի ինքնապարփակ եւ ավելի քիչ տուրք են տալիս այնպիսի պարտականություններին, ինչպիսիք ենՙ եկեղեցի հաճախեըլ, հաղորդվելը կամ կրոնական բարոյագիտության հետ կապված այլ պարտականություններ կատարելը: Բրյուսելցի ուսումնասիրող Ջոզեֆ Կոմբլինը գտնում է, որ մեր օրերի ճգնաժամի հաղթահարման ճանապարհին հավատքը, իհարկե, ապագա ունի, սակայն այն փոխելու է իր ավանդական բովանդակությունը: Ապագա քրիստոնեական հավատքն, ըստ նրա, կլինի ավելի միստիկ, քան նախկինում: Այն ավելի շատ ուշադրություն կդարձնի Աստծո խոսքին, քան երկրպագությանը: Այն ուղղված կլինի ավելի շատ լսելուն եւ սպասելուն, քան հարցնելուն եւ հիանալուն: Երկրպագությունը կլինի ոչ այնքան Աստծո մեծարումը, որքան Նրա ներկայությունը մեր աշխարհում տոնելը: Ըստ Կոմբլինիՙ ապագայի կրոնը ավելի քիչ ուշադրություն կդարձնի կրոնական օբյեկտներին եւ ավելի շատՙ սուբյեկտներին: Ավելի քիչ ուշադրություն կդարձնի կանոնների տառացիությանը եւ ավելի մեծ տեղ կտա անձնական հոգեւոր փորձին: Այնուհետեւ, երկխոսությունը եւ մարդկային փոխհարաբերությունները կդառնան ապագայի կրոնի առանցքը: Կրոնական ձեւական կառույցներին փոխարինելու կգան ոչ մեծ համայնքներ, որոնք իրար հետ կապված կլինեն եղբայրության փոխհարաբերություններով: Ավանդական իմաստով ընտանիքը կամաց-կամաց կկորցնի իր նշանակությունը, կվերանայվեն նաեւ հարեւանային հարաբերությունները եւ կառաջանան բնական կարիքով ստեղծված մարդկային համայնքներ, որոնք կդավանեն նույն կրոնը, կունենան ընդհանուր նպատակներ եւ ընդհանուր արժեհամակարգ: Քրիստոնեության ճգնաժամի մասին խոսակցությունները շարունակվել են ամբողջ 20-րդ դարի ընթացքում, եւ թվում էր, թե միմյանց հաջորդող քաղաքացիական պատերազմները, երկու համաշխարհային պատերազմները, երիտասարդական եւ ֆեմինիստական հեղափոխությունները իսպառ խարխլում են ավանդական հասարակությունների հիմքերը: Այսօր ընտանիքները ձեւավորվում եւ քայքայվում են շատ արագ եւ դրանք արդեն, առնվազն, մեկ տղամարդուց, մեկ կնոջից եւ նրանց երեխաներից բաղկացած ավանդական հանրությունը չեն: Միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման, հասարակական, քաղաքական կյանքում նրանց աճող իրավունքների դեմ բողոքել փորձող դասական քրիստոնեական եկեղեցիները օրենսդրական պայքարի իրենց փորձերում անընդհատ պարտվել եւ պարտվում են: Այս պայմաններում այն ահազանգը, թե, օրինակ, դեռ մեր սերնդի աչքի առջեւ կարող է դադարել գոյություն ունենալ միասնական Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, արդեն ոչ թե բարբաջանք է թվում, այլ սպառնալիքին ուղղված նախազգուշացում:
Հետխորհրդային իրականությունը այնպիսին է, որ քրիստոնեական եկեղեցիները անցած քսան տարիների ընթացքում շտկել են իրենց մեջքը 70-ամյա մարտնչող աթեիզմի դարաշրջանից հետո, եւ այս տարածքում ամենուրեք նկատվում է հոգեւոր կյանքի աշխուժացում եւ մարդիկ փարվում են եկեղեցիներին: Կրոնական համայնական կյանքի աշխուժացումը ուղղափառ քրիստոնյաների շրջանում զուգակցվում է մեր աշխարհի նոր պայմանների համեմատ կենցաղային եւ հոգեւոր բարոյական արժեքների փնտրտուքով: Ռուս նշանավոր լրագրող եւ հասարակական գործիչ Վիտալի Տրետյակովը, օրինակ, գտնում է, որ եթե Ռուսաստանը ուզում է վերականգնել իր երբեմնի հզորությունը եւ կարեւոր տեղ ունենալ ժամանակակից աշխարհումՙ պետք է անընդհատ մեծացնի Ռուս ուղղափառ եկեղեցու դերը եւ, որ նույնպես շատ կարեւոր է, ձեւավորի ոչ թե սպառման, այլ խնայողության հասարակություն: Խնայողությունը ինքնին քրիստոնեական ավանդական արժեք է, եւ դրա կարգախոսով ապրող հասարակությունը ի վիճակի է կուտակելու ռեսուրս ապագա հզորացման եւ ուժային բեւեռ դառնալու համար: Ռուսական լրատվամիջոցներով քարոզվող ավանդական քրիստոնեական արժեքները դեռեւս չեն ներդաշնակեցրել այն բարոյալքման վնասները, որոնք հետխորհրդային հասարակությունները ունեցան խորհրդային համակարգի փլուզումից հետո, որը ոչ միայն աշխարհաքաղաքական աղետի էր նման, այլեւ իր հետ բերեց բարոյական արժեքների եւ աշխարհայացքի ավերման ծանր հետեւանքներ: Էլեկտրոնային կայքերը, որոնք ուսումնասիրում են քրիստոնեական ավանդական եկեղեցիների մերօրյա ճգնաժամը, առատ են բազմաթիվ դատողություններով ու բացատրություններով, թե ինչու արեւմտյան քրիստոնեությունը չի կարողանում գործնական ազդեցություն ունենալ իշխող վերնախավերի աշխարհայացքի եւ ընդունվող քաղաքական որոշումների վրա: Օրինակՙ շատ դժվար է բացատրել, թե ինչու եվրոպական հասարակությունները վերջին տասը տարիների ընթացքում Մեծ Մերձավոր Արեւելքից դուրս բերեցին եւ ընդունեցին ավելի քան մեկ միլիոն քրիստոնյաների, բայց չկարողացան կամ չուզեցին լրջորեն պաշտպանել նրանց իրավունքները վաղ քրիստոնյաների բնակության ավանդական վայրերում: Հռոմի վերջին երկու պապերի անհանգստություններն ու հորդորներըՙ աջակցել մերձավորարեւելյան քրիստոնյաներին, մնում են լոկ բարի ցանկություններ:
Հայ առաքելական եկեղեցու մերօրյա փորձությունները
Հետխորհրդային հասարակությունների վերաբերյալ վերոհիշյալ դիտարկումները ամբողջովին վերաբերում են մեր եկեղեցուն: Փաստ է, որ եկեղեցիները վերաշինվում են, եկեղեցական կյանքըՙ աշխուժանում: Հայ առաքելական եկեղեցին հին արեւելյան հինգ եկեղեցիների շարքում առանձնանում է նրանով, որ հայերը պետություն ունեն: Եվ դա օբյեկտիվորեն ուժեղացնում է եկեղեցու դիրքերը: Իր պատմության ընթացքում մեր եկեղեցին վերապրել է բազմաթիվ փորձություններ եւ անընդհատ տոկունության քննություն է բռնել: Պատմականորեն ձեւավորված հանդուրժողականության բերումով, մեր եկեղեցին այսօր հեղինակություն է վայելում աշխարհի քրիստոնյա եկեղեցիների շարքում: Հայաստանը աշխարհի քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին երկիրն է եւ այս նոր մարտահրավերին համարժեք արձագանքելու ուժ, իհարկե, կունենա: Շատ կարեւոր է, որ ինտեգրման քաղաքականության ապագա դրսեւորումներում մենք կարողանանք, ինչպես հենց նույն վերոհիշյալ Ջ. Կոմբլինն է նշել, լինել այնպիսի քրիստոնյա փոքրամասնություն, որը, չնայած շրջապատող վայրիվերումներին, ապրելու է իր ուրույն օրենքներով եւ ուշադրություն չի դարձնելու շրջապատող աշխարհի դեգերումներին:
Միեւնույն ժամանակ, մեր կարծիքով, գալիս է մի պահ, երբ իր հավատքի պահպանման 1700-ամյա փորձ ունեցող մեր եկեղեցին կարող է լուրջ միջազգային դերակատարություն ունենալ քրիստոնեության ապագային վերաբերող քրիստոնյա աշխարհի փնտրտուքում:
Հայաստանում ես էլի գիտեմ գործիչների, ովքեր համամիտ են ինձ հետ այն հարցում, որ ժամանակակից քրիստոնյա աշխարհում դիմագրաված դժվարությունների համատեքստում մեր եկեղեցին կարող էր ստեղծել մի ընդունելի հարթակ, ասենք, համաքրիստոնեական պարբերական կոնֆերանսներ, որտեղ դժվար ժամանակներ ապրող եկեղեցիների ներկայացուցիչները կարող էին հավաքվել եւ քննարկել քրիստոնեության ապագայի խնդիրները: Ժամանակակից գլոբալ աշխարհում բացարձակ արժեք հռչակված մարդկային ազատությունների եւ իրավունքների իրացման ճանապարհին շատ կարեւոր է հասնել ժամանակի հետեւից եւ կանխել ավանդական բարոյական արժեքների անկումը: Մեր ավանդական հասարակությունը այս համատեքստում կարող է ինքը խաղալ ընդօրինակելի դեր, փորձելով ոչ միայն տնտեսական դժվարությունների հետեւանքով քայքայվող ավանդական արժեքների եւ աշխարհայացքի փլուզումը մեզանում կանխել, այլեւ հրավիրել աշխարհի մյուս քրիստոնյաներին ավելի համախմբված հանդես գալու վերոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ:
Քրիստոնեական աշխարհայացքը եւ քաղաքականությունը
Շատ կարեւոր է հասկանալ, որ նույնիսկ ազատ հասարակություններում բարոյականությունը եւ բարոյագիտությունը ուղղակի թե անուղղակի կապված են քաղաքականության եւ քաղաքական վերնախավերի հետ: Սպառողական հասարակության մեջ վերնախավերի բարոյականությունն է դառնում նմանակման առարկա, եւ նրանք են թելադրում բարոյական արժեքները: Սա հասկանալի է եւ անխուսափելի: Ժամանակակից Եվրոպան եւ Ամերիկան կես դար փորձում էին տարբեր քաղաքակրթությունների եւ մշակույթների ներկայացուցիչներին եփել եվրոպական արժեհամակարգի խառնարանում եւ ձեւավորել այսպես կոչված նեոմոդեռնիստական հասարակություն: Այս հոլովույթն, իմիջիայլոց, քաղաքացիություն է ստացել ժամանակակից Արեւմուտքում: Սակայն նույն Եվրոպայի եւ Ամերիկայի բազմաթիվ հետազոտողներ արձանագրում են, որ բազմամշակութային եւ բազմակրոն հասարակություն ձեւավորելու այդ կեսդարյա փորձերը, ըստ էության, ձախողվել են: Քրիստոնեական եկեղեցիներից աստիճանաբար հեռացող մարդկանց կողքին մենք տեսնում ենք ավանդական իսլամի կողմնակիցների բացառիկ աշխուժացում նույն Եվրոպայում եւ Ամերիկայում:
Քրիստոնեության խնդիրներով զբաղվող հեղինակներից մեկը նկատել է, որ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ քրիստոնյաների թիվը չի աճում ավելի արագ, քան նրանց բնական աճն է, եւ ընդհակառակըՙ մենք ապրում ենք մի ժամանակ, երբ մյուս համաշխարհային կրոնների հետեւորդները ոչ միայն բնական աճ են ունենում, այլեւ մեծանում է նրանց հետեւորդների թիվը: Քրիստոնեությունը Եվրոպայում ժամանակին դիտարկվում էր իբրեւ համախմբող մշակութային հիմքերից մեկը: Սակայն դեռ տարիներ առաջ եվրոպական սահմանադրության հեղինակները հրաժարվեցին քրիստոնեությունն անվանել ժամանակակից Եվրոպայի արժեքային խարիսխներից մեկը: Հիմա, երբ տեղի է ունեցել բազմամշակութային եւ բազմակրոն հասարակության ձեւավորման փորձի ձախողումը, դասական եկեղեցիներին ուրիշ ոչինչ չի մնում, քան բռնել միմյանց հետ երկխոսության ու համագործակցության ճանապարհը եւ ազդել քաղաքականության ու քաղաքական որոշումների վրա: Աշխարհիկ ժողովրդավարական հասարակություններում դա անելը հեշտ չի լինելու, եւ Եվրոպայում մինչեւ հիմա այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը անհաջողության են հանդիպել: Հենց դրա համար արժե հրավիրել ծանոթանալու արեւելյան հնագույն եկեղեցիներից ոմանց հաջողված փորձին: Մենք գիտենք, որ թե՛ Հայաստանում, թե՛ մասնավորապես, հարեւան Վրաստանում, եկեղեցու հեղինակությունը շատ բարձր է: Սա նշանակում է, որ մենք կարող ենք հավակնել համաքրիստոնեական քննարկումներ եւ ուսումնասիրություններ կազմակերպելու բարդ գործին, որի համար հովանավորներ թե՛ Հայաստանում, թե՛ հայկական Սփյուռքում անպայման կգտնվեն: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու բարձրացող միջազգային հեղինակության, այլեւ բարդ քաղաքական պայմաններում գոյատեւող Հայաստանի Հանրապետության հեղինակության խնդիր է: Մեր հասարակությունը կարիք ունի միջազգային աջակցության եւ բարեկամության դրսեւորումների եւ վերոհիշյալ հարթակի ստեղծումը քրիստոնյա աշխարհում կարող էր հասկանալի եւ ընդունելի լինել: Արեւմտյան քրիստոնեության ճգնաժամի պայմաններում Հայ առաքելական եկեղեցու միջազգային նախաձեռնությունները պետք է որ հասկանալի եւ ընդունելի լինեն: