ՖՐԻՆԱ ԲԱԲԱՅԱՆ, (պ.գ.թ., հնագետ)
ԱՂԱՎՆԻ ԺԱՄԿՈՉՅԱՆ, (պ.գ.թ., հնագետ)
ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ
Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակի ողջ տարածքում «Լինսի» հիմնադրամի միջոցներով 2003 թվականին իրականացվել են բարեկարգման, շինարարական աշխատանքներ` ծանր տեխնիկայի օգտագործման միջոցով: Ասֆալտե շերտը քանդելու ընթացքում տեղում անակնկալ բացվել են բնակելի շինությունների ստորգետնյա բաժանմունքներ, որոնց ուսումնասիրությունը հնությունների պահպանության գործակալության կողմից հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին: Լիազորված խումբը (պ.գ.թ. Գ. Կարախանայան, պ.գ.թ. Ֆ. Բաբայան, պ.գ.թ. Ա. Ժամկոչյան, ճարտարապետ Ա. Հովսեփյան) տեղում իրականացված աշխատանքներով պարզեց, որ դրանք անցյալ դարերին պատկանող բնակելի շենքերի նկուղային հարկաբաժինններ են (մառաններ)` կառուցված որոշակի ամֆիլադային հատակագծով, որմնամույթերի վրա պահվող թաղակապ ծածկերով, կամարակապ բարձր եւ լայն պատուհաններով, սալարկած տուֆաքար հատակներով, ընդլայնական պատերի բացվածքներով եւ շինարարական բազմաթիվ այլ հնարանքներով: Բնակելի եւ տնտեսական նպատակի ծառայող շինությունները ձգվում էին դեպի արեւելքՙ մի կողմից հրապարակի ժամացույցի, մյուս կողմից` շատրվանների ուղղությամբ: Նույնատիպ շինություններ բացվել են նաեւ նախկին «Արմենիա» (այժմՙ «Մարիոթ») հյուրանոցի մուտքի դիմաց, որը ջրով լցված լինելու պատճառով հնարավոր չեղավ պեղել: Հրապարակի մակերեսը խճանկարով հարդարելու նպատակով պեղված տարածքը արագընթաց ծածկվել է հողով եւ ավազովՙ ուսումնասիրությունը թողնելով ապագա սերունդներին: Հրապարակում բացված այս կառույցները ներկայացնում են ուշ միջնադարի շինարարական արվեստի մի կարեւոր հատված, որն այսօր բացակայում է Երեւանում: Հիշենք, որ 19-րդ դարասկզբին Ռուսական մեծապետական կայսրության հրահանգով ավերվեցին Հայաստանի, տվյալ դեպքումՙ Երեւանի 17-19-րդ դարերի ժամանակաշրջանը ներկայացնող բազմաթիվ կոթողներ. բերդեր, պալատներ, բնակելի եւ հասարակական շենքեր: Իսկ 20-րդ դարի 30-ական թվականներից սկսած սովետական կարգերի կրոնական տխուր քաղաքականության զոհը դարձան Երեւանի եկեղեցիները, մատուռներն ու գերեզմանատները (Պողոս-Պետրոս եկեղեցինՙ այսօրվա «Մոսկվա» կինոթատրոնի տեղում, Սուրբ Աստվածածինը, որից մազապուրծ եղավ Կաթողիկեն, գիտությունների ակադեմիայի նախկին շենքի կողքին, աստվածաշնչային անունը կրող Գետցեմանի մատուռըՙ օպերայի շենքի տարածքում, 11-րդ դարի հայտնի տոմարագետ ու աստղագետ Կոզեռնի մատուռըՙ Կոնդում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցինՙ Չարենցի անվան դպրոցի տեղում) եւ շատ այլ կառուցներ, որոնք հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն են կազմել:
Եթե Հայաստանի տարբեր ժամանակաշրջանների քաղաքական իրավիճակը ինչ-որ կերպ ընկալելի է, ապա ներկայումս, երբ Հայաստանը անկախ հանրապետություն է եւ ունի իր ուրույն խոսքը քաղաքական խնդիրների լուծման ասպարեզում, ապա հայկական ճարտարապետության կանոններից յուրաքանչյուր շեղում քննադատելի է: Եվ այսօր կոկիկ ու իմաստավորված հրապարակը, որ համայն աշխարհի հայության եւ այլազգի այցելուների համար քաղաքի եզակի այցեքարտերից մեկն է, չգիտես ինչու փոփոխության ենթարկվելու վտանգի առջեւ է կանգնած, դարձել է հասարակության լայն խավերի մտահոգության առարկա: Խոսքը հրապարակը վերաձեւելու եւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ծրագրի մասին է:
Չմոռանանք, որ հրապարակին արդեն հասցվել է առաջին լուրջ հարվածը: Լենինի արձանը ապամոնտաժելուց հետո վերացավ նաեւ գրանիտե քանդակազարդ պատվանդանը, արվեստի մի հազվագյուտ գործ, որը բեկորների վերածվելուց հետո փոշիացավ: Պատվանդանի կորուստը չմարսածՙ այսօր մի նոր ծրագիր է ենթադրվում:
Ծրագրի հեղինակներին հիշեցնենք, թե ինչ կերպ է ներկայացրել ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն, 1655թ. լինելով Երեւանում, մեր քաղաքի համայնապատկերը (տես` գծանկարը): Մի փոքր այլ ձեւով 1673թ. նույնը ներկայացրել է Ժան Շարդենը: Երկու դեպքում էլ նրանք առանձնացրել են քրիստոնյա հայերի բնակելի թաղը, երկու-երեք հարկանի, քանդակազարդ քիվեր կրող, բարձր պատուհաններ ունեցող շենքերով, փողոցներով: Թաղամասը բուն քաղաքի կենտրոնն է եղել, Շահար (Արարատյան թաղը), որտեղ 16-18 դդ. մինչեւ 20-րդ դարի սկիզբը կառուցվել եւ վերակառուցվել են շինություններՙ ժամանակի հայկական ճարտարապետության ավանդույթներին բնորոշ ոճով ու ճաշակով:
17-19 դդ. հայկական ճարտարապետությունը մասնագիտական գրականության մեջ դիտվել է իբրեւ ազգային շինարվեստի անկման շրջան: Պատճառն այն է, որ երկիրը երկու երկրների (Պարսկաստան, Թուրքիա) հակամարտության թիրախում գտնվելով մշտապես ավերվել է:
Այդ նույն ժամանակ հայոց մշակույթը զարգացել է տարբեր երկների հայկական գաղութներում եւ աչքի է ընկել ոճական բազմազանությամբ: Եվ թվում էր, թե Հայաստանում ամեն ինչ վերջացած էր: Սակայն նույն 17-րդ դարի առաջին քառորդում Արեւելյան Հայաստանում ստեղծվում են քաղաքական բարենպաստ պայմաններ, որոնց շնորհիվ Հայաստանի մի շարք քաղաքներում, նաեւ Երեւանում նորովի զարգանում են առեւտուրն ու արհեստները, շինարարական արվեստը: Տարանցիկ առեւտրի կենտրոնում ձեւավորվում է հայ քաղաքաբնակների դասը, որը, բնականաբար, պետք է ապրեր կենտրոնում, ժամանակի առաջավոր պահանջներին համապատասխան տներում: Նոր կառույցները ծնվեցին հին ավանդույթների կիրառության սկզբունքով` նախատիպ ունենալով հայկական ճարտարապետության վաղագույն շրջանի կառուցվածքները, սակայն այդ փոփոխությունները չդարձան նախորդ փուլերի կրկնությունը, այլ ունեցան հետաքրքրական առանձնահատկություններ եւ անվիճելի նվաճումներ (ճարտարպետ Մ. Հասրաթյան):
Հնի վերածնությամբ կառուցված շինություններ տեսնում ենք Տավերնիեի վերը նշված հատակագծի վրա: Բայց 1679թ. ամռանը Երեւանում տեղի է ունենում մեծ երկրաշարժ, որի հետեւանքով քանդվում են քաղաքի բոլոր շինությունները: Զաքարիա սարկավագի վկայությամբՙ հիմանահատակ են եղել Երեւանի բերդը պարիսպներով, եկեղեցիները, մզկիթները, կրկնահարկ, գեղեցկահարկ շինությունները: Այս գեղեցկահարկ բնակելի շենքերի մառաններն են, թերեւս, որ մնացել են փլատաների տակ:
Քաղաքի գլխավոր հատակագծի կենսագործմանը զարկ է տրվել 1862 թվականին: Բացվել է Աստաֆյան փողոցը, աժմՙ Աբովյան, փողոցին զուգահեռ այժմյան Մաշտոցի, Տեր-Գաբրիելյանի, Տերյանի, Նալբանդյանի եւ Ալավերդյանի (Հանրապետության փ.) համակարգը: Քաղաքի գործարար կենտրոնումՙ բուն հրապարակում նոր կառուցապատում չի իրականացվել:
Երեւան քաղաքի պատմության մասին կան շատ ուսումնասիրություններ, սակայն ուշ միջնադարյան պատմության շրջանը հնագիտական առումով դեռեւս ուսումնասիրված չէ: Մեզ ընձեռված պատեհության շնորհիվ հնարավոր եղավ երեւան հանել մեր մայրաքաղաքի ուշ միջնադարին վերաբերող աշխարհիկ շինությունների ձեւի, բնույթի հետ կապված մանրամասներ, իսկ շինությունների ներսից եւ շրջապատից հայտնաբերված համապատասխան շրջանի նյութական մշակույթի բեկորներ:
Հատուկ քննության առարկա է տուֆ քարե ջրատար խողովակաշարը, որը ձգվել է Աբովյան փողոցով: Համակարգի մի հատվածը մնացել է ասֆալտի տակ, մի քանիսը տեղափոխվել են Էրեբունի թանգարան:
Պեղումները անավարտ են եւ հետագա ուսումնասիրության կարիք ունեն: Մեր սերունդները պետք է ուսումնասիրեն եւ լրջորեն մտածեն վերականգնելու եւ ցուցադրելու որպես Երեւանի ուշ միջնադարյան ճարտարապետության դիմագիծը ներկայացնող վավերագիր:
Հեռանկարային ծրագիրը պետք է լինի տեղում ոչ թե ավտոկայան, այլ երկհարկանի հրապարակ ունենալու գաղափարը: