Տարին սկսվեց կայանատեղիի վարձավճարի բարձրացմամբ ու ավարտվելու է հասարակական տրանսպորտի թանկացմամբ:
Որոշ ժամանակ առաջ մեծ աղմուկ հանած տրանսպորտի թանկացման հարցը պատճառ դարձավ, որ օրինագիծը չընդունվի: Հայտարարվեց, որ օրինագիծը կվերանայվի եւ նորովի կներկայացվի հասարակությանը: Այդպես էլ եղավ.
«Սիրելի՛ երեւանցիներ, հարգելի՛ գործընկերներ: Միասնական տոմսային համակարգի լրամշակված նախագծով, որը կքննարկվի ավագաու առաջիկա նիստում, նախատեսվում է՝ 30 օրվա համար 8800 դրամ, 90 օրվա համար 23600 դրամ, 365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթեւեկելու հնարավորությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը եւ ավելացրել, որ ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:
Տրանսպորտի մասին նոր նախագծում գների իջեցում նախորդի համեմատ եւ անսահմանափակ երթեւեկություն է խոստանում Երեւանի քաղաքապետարանը:
«Ժամանակին ներկաներն էին պայքարում տրանսպորտի թանկացման դեմ, իսկ հիմա իրենք են ձեռնամուխ եղել թանկացման ոչ թե 50 դրամով, այլ 200 դրամով: Էս օրենքը, որ վերջնական ընդունեն, ավելի լավ է մեքենա գնեմ կամ էլ տաքսիով տեղից տեղ գնամ: Գոնե գիտեմ մեջքիս վրա երկուսից երեք հոգի չեմ տանում»,- մեզ հետ զրույցում ասում է 39-ամյա Կարապետը:
Մինչեւ ուղեվարձի թանկացումը Երեւանի քաղաքապետարանը պետք է ձեռնամուխ լիներ ավտոբուսի կանգառները վերականգնելու ու կահավորելու աշխատանքներին: Այսինքն լինի գին-որակ հարաբերակցությունը: Բարեփոխումների իրականացման արդյունքում պետք է նաեւ հստակեցվի, որտեղ են կանգառները, կանգառներում լինեն ցուցատախտակներ, որտեղ կնշվի, թե ե՞րբ է մոտենալու տրանսպորտը, ո՞ր համարի հասարակական տրանսպորտն է երթեւեկում:
«Իրար վրա խցկված մարդիկ երթեւեկում են քիչ է, մի հատ էլ տրանսպորտի գին են թանկացնում: Առանց այդ էլ մեր ժողովուրդը հազիվ ապրում է, օրվա հաց վաստակելով: Ինչու են համեմատվում Եվրոպայի հետ, երբ մենք դեռ չենք հասել նրանց սոցիալական ապահովության եւ զարգացվածության ամենաներքեւի մակարդակին: Նախկինների դեմ ժամանակին պայքարողները շարունակում են նրանց գործը»,-ասում է 64-ամյա Սուսաննան:
Մեզ հետ զրույցում 29-ամյա Աննան, որը հասարակական տրանսպորտից օգտվում է ոչ հաճախ, հեգնանքով նշում է, որ. «Շատ լավ է, ինտեգրվում ենք Եվրոպային: Ցավոք՝ աշխատավարձերը, կենսաթոշակն ու ծիծաղ առաջացնող կրթաթոշակները մնում են դեռ խուլ ու հետամնաց կովկասյան ստանդարտերի վրա:
Երբ համեմատում ենք հարեւան Թբիլիսիի հետ, ապա նկատում ենք, որ նրանց նստելավարձը բավականին ադեկվատ է ծառայության որակին, եւ բացի այն, որ տարվա կտրվածքով է մատչելի, նաեւ փաթեթում ներառված է մետրոն, իսկ 90 րոպեի ընթացքում կարող ես ավտոբուսը փոխել՝ անվճար»:
Երբ չկա համակարգային մոտեցում, ապա կարող ենք սպասել դուբլ երեքին էլ, չորսին էլ:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ