«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի հանձնումը միջազգային հանրության, նախկինների եւ այլոց գրպանը գցելու համար, երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց ԼՂ կարգավորման ողջ պատմությունը։ Երբ ընդդիմադիրները մեղադրեցին, թե խոստացել էիք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջ մղել, այնինչ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա հանձնվեց թշնամուն, Փաշինյանը դիմեց «կռուտիտների» եւ ասաց, թե կարգավորման պրոցեսում ինքնորոշում ասելով ի սկզբանե նկատի ունեին Ադրբեջանի կազմում ինքնորոշումը։
«Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք, վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ` Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից»,- ասաց նա, ինչին պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց.
«Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտություն, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակը որոշեին` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»:
Եվ կարդաց կազանյան փաստաթուղթը, որտեղ գրված է․ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը… Ապա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող էր որոշել Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն, եւ դա է ինքնորոշումը»: