Այսօր՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է.
«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»:
Պետքարտուղարի կարծիքով՝ հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին:
«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության աջակցությանը՝ պետքարտուղարը, մասնավորապես, նշել է․ «Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար էթնիկ հայերին։ Սա վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև նրա տարածաշրջանային անվտանգության համար: Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման բանալին է»։