Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

«Crocus»-ի ահաբեկիչներին կարող էին կառավարել տեղադրված չիպերի միջոցով

Ինտերպոլի ռուսաստանյան բյուրոյի նախկին ղեկավար, ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Օվչինսկին ենթադրել է, որ Մոսկվայի մարզում՝ «Crocus City Hall»-ի վրա գրոհած ահաբեկիչները կարող էին վերահսկվել նրանց մեջ տեղադրված չիպերի միջոցով, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։

Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» թոք-շոուի ժամանակ Օվչինսկին ասել է, որ ահաբեկիչների թիկունքում, որոնք պարզապես կատարողներ էին, կանգնած են արևմտյան հետախուզական ծառայությունները, որոնք ունեն նորագույն տեխնոլոգիաներ:

«Նրանց գիտակցությունն անջատել էին։ Ավելի շուտ համակարգված են գործել»,- ասել է ռուսաստանցի գեներալը՝ հավելելով, որ ազդեցությունը գործադրվել է հոգեմետ նյութերի, նյարդալեզվաբանական ծրագրավորման, հնարավոր է՝ տեղադրված չիպերի միջոցով:

«Այժմ նեյրոկենսաբանությունը թույլ է տալիս կառավարել մարդուն», – բացատրել է Օվչինսկին և բերել ամերիկացի ձեռներեց  Իլոն Մասկի օրինակը, որը դեռ 2020 թվականին ցուցադրել էր Գերտրուդա խոզին՝ ուղեղում տեղադրված չիպով, որը կապ էր ապահովում համակարգչի հետ: