Երբ 1828 թվին ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը ռուսական եւ պարսկական կայսրությունների միջեւ, Երեւանի խանությունը, այսինքնՙ գործնականորեն Արեւելյան Հայաստանը ամբողջությամբ միացվեց Ռուսաստանին: Հայերը հրվճանքով տոնեցին այդ իրադարձությունը որպես վերջնական ազատագրում մահմեդական իշխանությունից: Իրականում դա ընդամենը տերերի փոփոխություն էր: Այդուհանդերձ, կատարվածը մեծապես ողջունվեց Խաչատուր Աբովյանի կողմից որպես պատմական օրհնություն իր «Վերք Հայաստանի» էպիկական վեպում:
Քրիստոնյա Ռուսաստանի կառավարիչները համեմատաբար ավելի հանդուրժող էին, քան, ասենք, իրենց օսմանյան գործընկերները: Բայց «համեմատաբար» բառը իր ամբողջական ենթատեքստով պետք է հասկանալ այստեղ, քանի որ հայերը հետագայում ռուս պաշտոնյաներից լսեցին զգուշացումներ, որ Ռուսաստանին պետք է Հայաստանն առանց հայերի: Ռուսական բռնատիրության մեկ օրինակ կարող է ծառայել այն, որ ցարի հրամանով բռնագրավվեցին հայկական եկեղեցու ունեցվածքները:
Հայերի նկատմամբ ռուսների վերաբերմունքն այնքան էլ չտարբերվեց այլ գաղութարար տերությունների, ինչպես օրինակՙ Բրիտանիայի, վերաբերմունքից հանդեպ իրենց իշխանության տակ գտնվող բնիկ ժողովուրդները: Այդ վերաբերմունքը շատ դիպուկ բնութագրել է ռուս մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինն Էրզրումից գրած իր հուշագրություններում, որոնցում վատաբանում է տարածաշրջանի հայ հասարակ մարդկանց այնպիսի քամահրանքով, ինչպես Մ. Նահանգների ծովակալ Մարկ Բրիստոլն էր ներկայացնում նրանցՙ Վաշինգտոն ուղարկած 1916 թվի իր զեկույցներում: Նույնիսկ այսօր հայերը, մի փունջ կազմած կովկասյան մնացած ժողովուրդների հետ, Ռուսաստանի կողմից դիտվում են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ:
Սակայն պետք է նշել, որ ընդհանուր առմամբ ռուսական իշխանությունը պատմականորեն ավելի նպաստավոր է եղել մեր գոյությունը պահպանելու առումով, քան օսմանյան տիրապետությունը: Այդ է պատճառը, որ հայ ազգի ղեկավար առաջնորդները, սկսած Իսրայել Օրիիցՙ 17-րդ դարում միշտ էլ նախընտրել են ռուսական կողմնորոշումը: Ռուսները, մյուս կողմից, պատմական տարբեր հանգամանքներում դավաճանել են հայերին: Նման արարքներից ամենագլխավորը 1923-ին Լենինի եւ Աթաթուրքի միջեւ կնքված գործարքն էր, որը վճռեց Հայաստանի ճակատագիրը եւ սահմանները:
Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանը Կովկասում ռուսական քաղաքական եւ զինվորական ազդեցության առաջատար պաշտպանն է եւ համարվում է Մոսկվայի ռազմավարական դաշնակիցը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը, մինչդեռ, եղել է միապետական, ոչ պատշաճ հարգալից:
Անկախության առաջին տարիներին, երբ վերադասավորություններ էին կատարվում Կովկասյան տարածաշրջանում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ ծագեց: Այդ ժամանակ Հայաստանում որոշ քաղաքական դեմքեր առաջարկեցին օգտվել «երրորդ այլընտրանքային տարբերակից», որն էր Թուրքիային մոտենալը: Հայրենասեր գիտնական Ռաֆայել Իշխանյանը, հատկապես, կոչ էր անում հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մոռանալով Թուրքիային ուղղված Երեւանի օգնության ապարդյուն կոչերը 1921 թվի փետրվարյան ապստամբության (ընդդեմ խորհրդային իշխանության) օրերին:
Թուրքերը մատը մատին չտալով թողեցին, որ Հայաստանը խեղդվի արյան մեջ: Նման քաղաքականությունը Հայաստանի կողմից անշուշտ նույնքան պարզամիտ էր, որքան բարձրահունչ: Նախագահ Բորիս Ելցինը, այդ ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընկերը, չտատանվեց օգնելու ադրբեջանցիներին, որպեսզի հայկական զորքերին կոտորելով գրավեին Ղարաբաղի գրեթե կես տարածքը, մինչեւ որ ճակատագրի անիվը փոխվեց, եւ Ղարաբաղը ազատագրվեց շնորհիվ Մոսկվայի:
Վերջերս Հայաստանը միջին ուղի է որդեգրել տարածաշրջանի գերիշխանության համար մարտնչող գլխավոր ուժերի միջեւ: Մոսկվայի հետ ռազմավարական դաշնակից լինելով եւ պայմանագիր կնքելով մինչեւ 2044 թիվը Հայաստանում ռուսական ռազմական բազան պահպանելու վերաբերյալ, Հայաստանը, այնուամենայնիվ, համագործակցում է ՆԱՏՕ-ի հետՙ խաղաղապահ ուժեր ուղարկելով Կոսովո եւ Աֆղանստան: Հայաստանը միաժամանակ փորձում է ընկերակցել ինչպես Եվրասիական մաքսային միության, այնպես էլ Եվրոմիության խոր եւ համակողմանի ազատ առեւտրի գոտու ստեղծման ծրագրերի հետ:
Մինչեւ հիմա Մոսկվան հանդուրժողական, բայց նաեւ զգուշավորությամբ հետեւում էր Հայաստանի քաղաքական կողմնորոշումներին: Ըստ երեւույթին, ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրյալի ժողովին Հայաստանի բացակայությունն էր, որ համբերության բաժակը լցրեց: ՀԱՊԿ-ի ռազմական այդ ալյանսը Պուտինը փորձում է ստեղծել հակադրվելու համար ՆԱՏՕ-ին: Չնայած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ մի պատվիրակություն մեկնեց մասնակցելու այդ ժողովին, նախագահ Սարգսյանը չմեկնեց այլ պարտավորվածություններ ունենալու պատճառաբանությամբ, եւ այդ քայլը հավանաբար Մոսկվայի կողմից մեկնաբանվեց որպես մարտահրավեր, բայց Արեւմուտքի կողմից ընդունվեց որպես խիզախ քայլ:
Դրա պատասխանը շատ չուշացավ: Հայտարարվեց, որ Մոսկվան ավելի քան 1 մլրդ դոլարի զենք է վաճառում Ադրբեջանին: Իրադրությունը կարծես 1990-ականների կրկնությունը լինի: Կան թեր ու դեմ կարծիքներ, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ավելի քան անհանգստացնող է: Ամեն անգամ, որ մենք մեր հույսը եւ ճակատագիրը կապել ենք օտարերկրյա ռազմական ուժերի հետ, մենք հիասթափվել ենք: Հայաստանը երկընտրանքի մեջ է: Ինչպե՞ս ենք առաջ գնալու:
Ադրբեջանին զենք վաճառելը անտարակույս անորոշության մթնոլորտ է ստեղծելու տարածաշրջանում: Ըստ ռուսական պաշտպանական արդյունաբերության աղբյուրների, Ադրբեջանի հետ 2011-ին եւ 2012-ին կնքված պայմանագրերի շրջանակներում, այդ երկիրը 94 T-90 C տիպի տանկեր, հետեւակի մարտամեքենաներ, ծանր հրանետային համակարգեր եւ այլ զենքեր է ստանալու: Հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանը հիմա է հիշում մեկ կամ երկու տարի առաջ ստորագրած պայմանագրերը, երբ պատրաստ է ճնշում գործադրել Հայաստանի վրա:
Ադրբեջանի համար գործարքը հոգեբանական խթան է հանդիսանալու մի ժամանակահատվածում, երբ նախագահ Ալիեւը պատրաստվում է նախագահական իր երրորդ շրջանի համար պայքարել: Խոսակցություններ կան նաեւ, որ նա կարող է այդ դինաստիական պաշտոնը վերապահել իր տիկնոջըՙ Մեհրիբան Ալիեւային, սպասելով, անշուշտ, երեխաների մեծանալուն եւ իրենց հերթին այդ պաշտոնի տերը դառնալուն:
Ալիեւը վերջերս Եվրոպա կատարած իր այցելության ժամանակ արժանացավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի եւ Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզոյի գովասանքներին: Նրանք արդարացրին Ալիեւի բռնակալական իշխանությունը, խոստովանելով, որ «Եվրոպան էլ կատարյալ չէ»:
Հայ պաշտոնական անձինք դժվարանում են արդարացնել ռուսական զենքի գործարքը Ադրբեջանի հետ: «Բայց նրանք (եւ ընդհանրապես հայերը) չպետք է քննադատեն Ռուսաստանինՙ Ադրբեջանին զենք վաճառելու համար», ասաց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ավելացնելով, որ Ռուսաստանն իրավունք ունի զենք վաճառելու որեւէ երրորդ, այդ թվում նաեւ Հայաստանի թշնամի մի երկրի: Նա նաեւ նշեց, որ Մոսկվան եւ Երեւանը շուտով կստորագրեն պաշտպանության եւ անվտանգության մի նոր պայմանագիր:
Մեկնաբաններն, իրենց հերթին, նշում են, որ մտահոգություններին զուգահեռ հավասարակշռությունը չի խախտվում, քանի որ Հայաստանն էլ է զենք ստանում:
Հանգստացնող խոսքեր լսվեցին նաեւ ռուսական կողմից: Գյումրիի ռուսական բազա այցելության ժամանակ ՌԴ ԱԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը վստահեցրեց, որ ռուսական զինծառայողների ներկայությունը երաշխիք է, որ ոչ մի բացասական զարգացում տեղի չի ունենա Հայաստանում: Որեւէ հարձակման դեպքում Գյումրիում տեղակայված հինգ հազար ռուս անձնակազմը հայերի հետ կողք կողքի կկռվի:
Ադրբեջանը զենք է գնում նաեւ Իսրայելից: Ուժերի հավասարակշռությունը չէ, որ ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, այլ ռազմավարական մտքի առավելությունը:
Բոլոր վերոնշյալ դատողություններն ու պատճառաբանությունները չեն կարող հանգստացնել Հայաստանի քաղաքացիների մտքերը: Նրանք հակված են ավելի խաղաղ վայրեր որոնելուՙ հեռու ամեն տեսակի հնարավոր պատերազմական վտանգներից:
«Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը մեղադրում է Ռուսաստանինՙ Ադրբեջանին զենք վաճառելու համար, ասելով, որ Ռուսաստանը լինելով Հայաստանի դաշնակիցը, չպետք է նման քայլ կատարեր: «Մեր դաշնակիցը զինում է մեր թշնամուն: Հայաստանը պետք է պաշտոնապես դատապարտի այդ քայլը», ասել է նա լրագրողներին:
Մինչ Կովկասում մթնոլորտը բարելավվում էր Վրաստանի նորընտիր կառավարության հետ առավել բարեկամական հարաբերությունների եւ Իրանի չափավոր բարեփոխական Հասան Ռոհանիի նախագահ ընտրվելու շնորհիվ, Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանը դարձյալ դարձնում են պայթյունավտանգ եւ ստիպում Հայաստանի քաղաքացիներին մտորելուՙ բարեկա՞մ է արդյոք Մոսկվան, թե՞ թշնամի:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.