Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 3 օր է Ոսկեպարում է, նկարահանում է իրավիճակը, հարցազրույցներ է անում տավուշցիների հետ։
Azg.am-ին նա պատմեց, որ քանի որ վերջին 2 օրերին ցուրտ էր ու անձրև, ոսկեպարցիները ժողով չեն արել։ Այսօր համեմատաբար տաք է, ու նրանք նորից են հավաքվել գլխավոր խնդրի՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու թեման քննարկելու, պայքարի ելքեր գտնելու համար։
Նիկոլյանին գյուղում տուն են հատկացրել, նա այնտեղ է ապրում, որպեսզի անընդհատ հետևի իրադարձություններին և նկարահանումներ անի։
«Ոսկեպարցիներն ասում են, որ Երևանից մեծ թվով ոստիկաններ են բերվել։ Նրանք Իջևանում են։ Այստեղ ասում են, որ ուժայիններին հատուկ հրահանգով են բերել, որպեսզի եթե դիմադրություն լինի, նրանք Տավուշի 4 գյուղերի բնակիչներին ստիպեն դուրս գալ իրենց տներից։ Ոսկեպարը հեռու է Իջևանից, ես ոստիկաններին չեմ տեսել, բայց գյուղում այդ մասին խոսում են»,- պատմեց Լեո Նիկոլյանը։
3 օրվա ընթացքում բացի Ստյոպա Սաֆարյանից, ոչ ոք չի եկել Երևանից Ոսկեպար։
Նիկոլյանը նկարահանել է Սաֆարյանի զրույցը ոսկեպարցիների հետ։
Հարց է առաջանում. իշխանամետ Ստոյապ Սաֆարյանն ինչ նպատակով է գնացել Ոսկեպար։
Վստահ ենք՝ այն նույն նպատակով, ինչի համար Ոսկեպար էր գնացել Լևոն Շիրինյանը։
Ոսկեպարցիները խիստ անհանգիստ են, որովհետև եթե գյուղը հանձնվի, դպրոցը 80 մ հեռավորության վրա է լինելու ադրբեջանցիներից՝ չհաշված բնակելի տները։
Ինչպե՞ս կարելի է ադրբեջանցիների ֆիզիկական ներկայության պայմաններում ապրել, աշխատել, դպրոց գնալ…
Փաշինյանը ոսկեպարցիներին ժամանակ է տվել, որ պատասխանեն իրեն։