Լրագրող Արմեն Վարդանյանը գրում է.
Նախկին բաղնիքից` նախկին լվացքատուն. ահա Հայաստանում առողջապահական գործի կազմակերպման էվոլուցիան վերջին 40 տարում` մի պոլիկլինիկայի օրինակով։
N 2, «Նոր Արեշ», «Գրիգոր Նարեկացի». սա նույն բուժհաստատությունն է, որի հետ այսպես թե այնպես առնչվում եմ վերջին 50 տարիներին (այնտեղ աշխատում էր մայրս)։ Պոլիկլինիկան այսօր ունի վերանորոգված տարածք` նախկին լվացքատան շենքում։ Առաջին անգամ երբ մտա թերապեւտի սենյակ վերականգնվեց հին հիշողությունս` մորս աշխատասենյակն էր` փոքրիկ մի սենյակ, մի պատուհան, որը ոչ մի տեղ չէր նայում, այդ սենյակ տանող մի նեղ միջանցք, որտեղ եթե մի 10 մարդ հերթ կանգներ` հեղձուկ մթնոլորտ էր ստեղծվում ու աղմուկ։
Այն, ինչ կար մանկական հիշողությանս մեջ, վերակագնվեց այս նոր շենքում։ 1980-ականների սկզբին պոլիկլինիկան տեղափոխվեց եռահարկ նորակառույց շենք ու հիմա` 2024-ին վերադառնում է հնին, միայն բաղնիքը փոխարինվում է լվացքատնով։ Սա անգամ բանակի «80-ականների զենքեր»-ը չի, սա երեւի 1940-50- ականներն են, երբ այդ նույն պոլիկլինիկան տեղավորվեց նախկին բաղնիքի շենքում։ Ինչպես մեծն Պարոնյանը կասեր. «Առաջ պոռալով հետ-հետ կքալենք»։