Փետրվարի վերջին մեկ-երկու օրերի տարբերությամբ Ստամբուլում կայացած երեք համերգները պոլսահայ երաժշտասեր հանրությունը գնահատեց՝ որպես նշանակալից եւ հիշատակելի: Պոլսահայ բարիտոն Արթուր Պաղտասարյանի հետ համերգային տարբեր ծրագրերով հանդես եկան Հայաստանից ժամանած դաշնակահար Մարգարիտ Սարգսյանը եւ օպերային մեներգչուհի Դիանա Հարությունյանը: Ա. Պաղտասարյանը երաժշտական բարձրագույն կրթություն է ստացել Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում՝ հայտնի բաս – բարիտոն Վալերի Հարությունյանի դասարանում: Տարիներ առաջ մենահամերգով հանդես է եկել Երեւանում, հայտնի է Ստամբուլում եկեղեցական արարողությունների ընթացքում եւ այլուր իր հոգեւոր եւ աշխարհիկ երգեցողությամբ: Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգահան Մ. Սարգսյանի հետ իր ստեղծագործական համագործակցությունը երկար պատմություն ունի: Նրանց եւ Դ. Հարությունյանի մասնակցությամբ՝ իրարից զանազանվող ծրագրերով բեմելույթները տեղում բնութագրվեցին իբրեւ «մակարդակավոր եւ բացառիկ երեւույթներ»: Մինչ համերգային եռաշարքի մեկնարկը երաժիշտների եռյակին հյուրընկալեց Սահակ Բ. Պատրիարքը՝ հույս հայտնելով, որ «համերգները պիտի գան մաս կազմելու քաղաքիս մշակոյթի ձեռնարկներուն, ի վայելումն մեր մշակութասէր ժողովուրդին»:
«Հայկական երաժշտության գիշեր», «Գեղարվեստական գիշեր» եւ «Արեւմուտքից դեպի արեւելք՝ երաժշտական կամուրջ» կարգախոսներով համերգները, ինչպես արձանագրել է տեղի «Նոր Մարմարա» պարբերականը, «ծառայեցին իրենց նպատակներին»: Առաջին համերգը կայացավ փետրվարի 21-ին Ֆերիգյուղի Ս. Վարդանանց եկեղեցու «Շիրինօղլու» սրահում՝ ի նշանավորում՝ ծնունդով հալեպահայ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրող, հրապարակախոս Հակոբ Այնթափլյանի ծննդյան 85-ամյակին:
Համերգային երեկոյի առաջին բաժնում կատարվեցին Հ. Այնթափլյանի խոսքերով եւ Մարգարիտ Սարգսյանի երաժշտությամբ երգերը: Դրանց պրեմիերաները մինչ այդ կայացել էին Երեւանում, միայն մեկն էր, որ այստեղ հնչեց առաջին անգամ. «Ես քեզի կուգամ»-ը Մ. Սարգսյանի նվագակցությամբ երգեց Ա. Պաղտասարյանը: Հայտագրի հաջորդ բաժնում ընդգրկված էին գործեր, որոնք ոչ պատահաբար առնչվում էին նույնժամ նշվող՝ մայրենի լեզվի համաշխարհային օրվա պատգամին: Եզրափակմանն իր սրտի խոսքն ասաց Ա. Պաղտասարյանը, որ այդ ձեռնարկի գլխավոր կազմակերպիչն էր:
Մեկ օր անց Պոլսո Պատրիարքական աթոռի, Հայ առաքելական եւ կաթողիկե համայնքների զանազան կառույցների աջակցությամբ Պեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցու «Նարեկյան» սրահում անցավ երկրորդ համերգը: Հնչեցին Նիկոլ Գալանտերյանի ռոմանսները, որոնք մշակել եւ դաշնամուրային նվագակցության համար փոխադրել է Մ. Սարգսյանը: Ըստ էության, հենց նրա մշակումների եւ հետեւողականության շնորհիվ է Ն. Գալանտերյանի թողած հարուստ եւ արժեքավոր ժառանգությունը մեր օրերում նոր «կյանք» առել: Վերջին հինգ-վեց տարիներին Երեւանում կայացած՝ գալանտերյանական երեկոների տրամաբանական շարունակությունն էր այս համերգը, որի երկրորդ բաժնում կատարվեցին նաեւ Կոմիտասի, Կանաչյանի, Չուխաջյանի, Սպենդիարյանի, Մանուկյանի ստեղծագործությունները: «Նոր Մարմարա» թերթը հաջորդ օրն այսպես արձագանքեց. «Տիանա Յարութիւնեան ու Արթիւր Պաղտասարեան երբեմն զուգերգերով, երբեմն ալ առանձին բեմ ելան մեկնաբանելու համար քնարական բնոյթով այդ յօրինումները, որոնք մեր ականջը շոյեցին որպէս կատարում ու երաժշտական գործ: Կասկածէ դուրս է, որ տարիներու բարեկամութիւնն ու համագործակցութիւնը անկաշկանդ երգելու եւ նուագելու դաշտը բացած է երեք արուեստագէտներու համար: Վստահաբար այդ է պատճառը, որ երէկ գիշեր Փրոֆ. Սարգսեանի արհեստավարժ նուագակցութիւնը կը ձուլուէր երգերուն հետ եւ մեղեդի-կշռոյթ-ներդաշնակութիւն եռանկիւնը առատահոս երաժշտականութեամբ կը հասնէր մեր ականջներուն:
Երգիչները բացառիկ արհեստավարժութեամբ կը մեկնաբանէին երգերը՝ գեղեցիկ ամբողջութեան մը մէջ: Տիանա Յարութիւնեան շա՜տ կը վայլէր բեմին, եւ իր հզօր ձայնը հիանալի կերպով յարմարցնելով «ռոմանսներու» շունչին՝ կը տպաւորէր մեզ: Արթիւր Պաղտասարեանը, որուն երգեցողութիւնը պարբերաբար կ՛ունկնդրենք զանազան առիթներով, այս անգամ ալ իր կատարելագործուած մեկնաբանութեամբ, երկարամեայ բարեկամներու հետ բեմը բաժնելու ուրախութիւնը կ՛ապրէր եւ այդ ուրախութենէն ծնունդ առած արուեստէն լիուլի բաժին կը հանէր ներկաներուն: Գալով Փրոֆ. Մարգարիտ Սարգսեանի, ան իր ուժեղ մատներով ու ամբողջ յայտագրի վրայ ունեցած վերահսկողութեամբ փաստեց արհեստավարժ մասնագէտի հմտութիւնն ու վարպետութիւնը:
Զգածուած էինք: Համերգը կարծես մէկ շունչով մատուցուած էր, եւ երգերու պատառիկները դեռ պար բռնած էին մեր սրտին մէջ: Յատկապէս «Մոռացել ես»-ի, «Վարդեր ունեմ»-ի, «Արդեօք ո՞ւր ես»-ի, «Շուշան աղջիկ»-ի, «Դու նորից եկել ես»-ի, «Հաբրբան»ի, «Անոր»-ի, «Հայաստան աշխարհ»-ի, «Այ վարդ»-ի, «Գարուն»-ի կատարումները յայտագրի գագաթնային պահերն էին»:
Համերգաշարի երրորդ՝ եզրափակիչ փուլը կայացավ Ստամբուլի Ֆիլհարմոնիկ միության հովանու ներքո: Այս անգամ հայտագրում ներառված էին արիաներ՝ համաշխարհային համբավ ունեցող կոմպոզիտորների ստեղծագործություններից, ինչպես նաեւ՝ նմուշներ հայ երաժշտարվեստի գանձերից:
«Շատ կարեւոր համերգաշար էր, քանզի մեզ հաջողվեց մշակութային հետաքրքրություն արթնացնել պոլսահայ միջավայրում, շարժ մտցնել հայկական համայնքի հոգեւոր կյանքում,- իր տպավորությունն է կիսում Մարգարիտ Սարգսյանը: Մեր ունկնդիրները մեծ ոգեւորությամբ եւ երախտագիտությամբ ընդունեցին մեր ելույթները: Դրանք իրենց համար, հիրավի, մշակութային նշանակալից իրադարձություններ էին: Մեր նպատակն էր հիշեցնելու իրենց հայ լինելը, մեր մշակութային արժեքների ժառանգ լինելը, հայի ոգին արթնացնելը: Գիտակցում եմ նաեւ, որ շատ ավելի լուրջ խնդիր ունենք մեր սեփական երկրում հայությունը եւ հայեցին պահպանելու»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ