Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անթալիայում, Դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Այս մասին Բայրամովը տեղեկացրել է իր Х-ի միկրոբլոգում։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր գրառման մեջ հերթական անգամ չի մոռացել հարձակվել Հայաստանի վրա՝ հանրապետությանը մեղադրելով «սադրիչ» հայտարարությունների մեջ։
«Ընդգծել եմ, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա սադրիչ արտահայտություններից եւ հայտարարություններից, որպեսզի էլ ավելի չվնասի խաղաղության եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք նաեւ քննարկել ենք տարածաշրջանային եւ միջազգային իրադարձությունները»,- գրել է Բայրամովը։