Վերջին շրջանում առավել տեսանելի է դարձել մի բան, որը միշտ էլ առկա էր, սակայն այժմ առավել ցցուն եւ անթաքույց ձեւեր է ստանում. Հայաստանը դարձել է մեծ տերությունների, մասնավորաբար Ռուսաստանի եւ արեւմտյան մի քանի խաղացողների՝ տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ հիբրիդային պատերազմի վարման փորձադաշտ: Այդ կրակին ցախ են լցնում նաեւ մեր տեղական շրջանակներից եւ լրատվամիջոցներից՝ նայած ուղղվածության, Հայաստանը դարձնելով այդ տեխնոլոգիաներով կառավարվող, օտարի (եւ ոչ հայկական) օրակարգը գեներացնող երկիր:
Այդ մասին ԱԺ նախագահին ուղղված մեր հարցին որպես պատասխան ավելի շատ ակնկալում էինք այդ օրակարգերով հրահրված ներքին ցունամիներից պաշտպանվելու մասին ինչ-որ մտահոգություն կամ խորհուրդ, սակայն ընդամենը մեր ասածը հաստատող պատասխան ստացանք՝ որ, այո, Հայաստանի դեմ վաղուց է հիբրիդային պատերազմ վարվում:
Մեր հարցի համար առիթ էր դարձել Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Հայաստան այցելելու մտադրության մասին լուրը, որ տարածել էր արեւմտամետ լրատվամիջոց, հղում անելով ռուսական ինտերնետ տարածքում առկա լրատվամիջոցի: Սակայն եթե նկատի առնենք, որ այժմ ռուսական ինտերնետ ռեսուրսները նախ սարսափելի գրաքննվում են (այսինքն՝ չէին կարող առանց հետին մտքի այսպիսի լուր տալ), բացի այդ՝ նրանց սնուցողները զանազան գոդնիսանովներ ու թուրք-ադրբեջանական ծագման փողեր են, ապա կարելի է վստահ պնդել՝ այդպիսի լուրը հատուկ նպատակ ունի: Կոնկրետ մեր դեպքում՝ հավանաբար հակառուսական շեշտադրությունը որոշ արեւմտամետ շրջանակների համար ցանկալի մակարդակի չէր, մանավանդ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման մասին France24-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ՔՊ-ական պատգամավորների մեկնաբանություններում հետքայլ էր արվել, թե բա՝ ՀԱՊԿ-ի նիստերին Հայաստանի չմասնակցելն է նկատի առնվել՝ սառեցվել ասելով:
Մեկ օր առաջ էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էր լրագրողներին ասել, թե այդ հայտարարությունը քաղաքական գնահատական է, եւ ոչ թե՝ իրավական ամրագրում, իսկ թե հետագայում ՀԱՊԿ-ից դուրս գալու գործողություններ կլինե՞ն՝ ժամանակը ցույց կտա:
Սա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պաշտոնական դիմում չստանալու եւ իրադրության հետագա պարզաբանման ռուսական սպառնալիքներին ի պատասխան:
Միգուցե մտածվե՞լ է այդ հակատեխնոլոգիան՝ լուր գցել, որ Զելենսկին գալիս է Հայաստան, լուրը պտտեցնելով լրատվամիջոցներով (անգամ նշվում է այցի օրը՝ մարտի 4), որպեսզի այդ մասին հարցեր ուղղվեն քաղաքական գործիչներին, ու ի վերջո դա արվեց՝ ԱԺ նախագահից ցանկալի արդյունք գրանցելով եւ ամենահարկավոր պատասխաններն արձանագրելով, թե՝ պլանը եղել է Հայաստանին եւ Ադրբեջանին ներքաշելը պատերազմի մեջ, խաղաղապահի դեմքով օղակը գցելով երկու երկրների վիզը, որ ոչ մի տեղ չփախչեն (խոսքը ռուս խաղապահների, ՀԱՊԿ-ի դերակատարման մասին է հայ-ադրբեջանական պատերազմում եւ դրանից հետո): Կամ այն տեսակետի արտահայտմամբ, որ՝ ԱԺ նախագահը վստահ չէ, թե ռուս խաղաղապահները կպաշտպանեն մեզ, մի քանի անգամ ապացուցվել է, որ չպաշտպանեցին, Արցախ եկան ու ժողովրդին դուրս ուղեկցեցին, մի օր էլ օդանավակայանի ռուս սահմանապահները կարող են մեզ դուրս ուղեկցեն, լավ կլինի՝ նրանց «Զվարթնոց» օդանավակայանից դուրս ուղեկցենք (ո՞վ կկասկածեր՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն գնահատեց վերջին բարձրաձայնումը «Զվարթնոց» օդնավակայանից ռուս սահմանապահներին դուրս հրավիրելու մասին, որպես անբարյացակամություն Ռուսաստանի հանդեպ, միաժամանակ հերքելով, որ Հայաստանը ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից դուրսբերման մասին դիմում չի ուղարկել: Գումարած՝ Զախարովան հերքել է վարչապետի այն ակնարկը, թե Ռուսաստանն ուզում է հեղաշրջում անել Հայաստանում):
Է, հա, ոչ մի նորություն, Արցախը հանձնելու եւ Հայաստանի սահմաններից կտորներ պոկոտելու մեջ ռուսներն իրենց վատ դերն են խաղացել, ո՞վ չի հասկացել դա: Բայց նույնն անում է նաեւ Արեւմուտքը, պետք չէ պատրանքների մեջ ընկնել: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, տո հենց Միսաք Մանուշյանի վերահուղարկավորման արարողակարգի ողջ էմոցիան ապահոված Ֆրանսիան ուրի՞շ բան են անում: Կամ ուրի՞շ բան են արել անցած դարասկզբին, որ էլի Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները պարզելու համար, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությանը խաբշտելով, Հայաստանը մանրադրամ եւ վճարամիջոց դարձնելով միմյանց հանդեպ ունեցած պարտքուպահանջներում՝ ներկա Հայաստանից երկու անգամ ավելի տարածքային կորուստ պատճառեցին մեզ: Ի՞նչն է փոխվել: Այժմ ուրիշ իրավիճա՞կ է: Բայց անցյալում խաբվելով՝ ինչո՞ւ նորից նույնը կրկնել, խելք չհավաքել անցյալում պատահածից: Ինչո՞ւ գեներացնել ոչ դիվանագիտական, ինտրիգային խոսույթ, որին նույն կերպ է պատասխանվելու, ավելի լավ չէ՞ լուռումունջ, հավասարակշռված դիվանագիտական աշխատանքը, ոչ թե աղմուկը, որը կարող է հավելյալ լարվածություն առաջացնել, նպաստելով մեր միջոցով մեծ խաղացողների՝ դիմակայություն հրահրելու ցանկություններին:
Ուզում եմ պատկերացնել՝ եթե ԱԺ նախագահ, վարչապետ, արտգործնախարար լինեին մարդիկ, որոնք այբից ֆե գիտենային մեր պատմությունը, մեր անցյալի բոլոր սխալները, մեզ պարտադրված պայմանագրերի մանրուքները, դիվանագետ լինեին, ասենք՝ այնպիսի մարդիկ լինեին, ինչպիսին Ջոն Կիրակոսյանը, Արման Նավասարդյանը, ծայրահեղ դեպքում՝ Արման Կիրակոսյանը, էլի՞ այս անվերահսկելի եւ խեղճ վիճակը կունենայինք դեպի արտաքին բացվածք, երբ դրսի ուժերը մեր ներսում արտահոսքերով, այլեւայլ միջոցներով վարում-ցանում են, այնպես անում, որ իրենց տեխնոլոգիաներով թելադրվող հարցերը օրակարգ ձեւավորեն, դրանց ի պատասխան այլ պետությունների հետ հարաբերություն սրող տեսակետներ հայտնվեն, այսինքն՝ նախ խոսույթի մակարդակով, ապա գործնականում պղտորվեն ջրերն ու բռնվեն արտաքին խաղացողներին հարմար ձկները:
Գոնե մեր առանցքային պաշտոնյաները տեսնես գիտակցե՞լ են, որ իրենց եւ Հայաստանին պատերազմ հրահրողի դերում են տեսնում Արեւմուտքում էլ, Ռուսաստանում էլ, ու որ՝ էլ ավելի վստահ են, թե այնպես կարող են սադրել մեր առաջին դեմքերին, որոնք կանեն այն հարկավոր հայտարարությունները, որոնցից հետո անխուսափելի կլինի էսկալացիան՝ սկզբում հայկական խնդիրներով, հետո վերածվելով տարածաշրջանային դիմակայության՝ մեզ համար տարածքային եւ մարդկային կորուստներով: Ռուսները մեզ կմեղադրեն արեւմտամետ լինելու մեջ, արեւմտյանները՝ ռուսամետ լինելու:
Արեւմուտքի գլխավոր թիրախն Իրանն է, նրան չեզոքացնելով՝ նաեւ Ռուսաստանին դուրս մղելը հեշտացնելու խնդիր է դրված, Ռուսաստանն էլ, միջոցների առաջ խտրություն չդնելով (այդ թվում՝ թքած ունենալով Հայաստանի շահերի վրա), դիմակայում է ազդեցության գոտիներից իրեն դուրս մղելուն: Իսկ թե այդ ճանապարհին Հայաստանը կմասնատվի՞, նրա զավակները կզոհվե՞ն, դա ոչ մեկին էլ չի հետաքրքրում:
Գոնե մեր ղեկավարների զգոնությունն այն աստիճանի լիներ, որ ավել-պակաս հայտարարություններ չանեին, սրան դեմ լինելու-նրան կողմ լինելու հակադիվանագիտական մոտեցումները չարտանետեին, ու լրատվամիջոցների սադրող հարցերին պատասխանելիս կարողանային մնալ դիվանագիտության շրջանակում (դիվանագիտությունն իրական մտադրություններն ու գործողությունները թաքցնելու համար են հորինել):
Վերադառնալով մեր գլխին կիրառվող տեխնոլոգիաներից այդ մեկին՝ Զելենսկու Հայաստան գալու լուրին, նշենք, որ իշխող կուսակցության պատասխանատուները, այդ թվում՝ ԱԽ նախագահը այդպիսի այցի հնարավորությունը տեսնում են միայն տարածաշրջանային համատեքստում, այսինքն՝ եթե Զելենսկին Ադրբեջան էլ այցելի:
Թող որ սխալվենք, բայց մեր կարծիքով այդպիսի այցի՝ անվտանգային ապահովման բարդությունը հենց Զելենսկուն պետք է հետ պահած լիներ այդպիսի մտմտուքից, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռուսական հատուկ ծառայությունները մեծ սադրանք չեն կազմակերպի այդ առիթով՝ ի վերջո նախադեպ եղել է, ռուս ուժայինները Հայաստան անցած ռուսաստանցի դասալիք Դմիտրի Սեդրակովին հենց մեր երկրում ձերբակալեցին ու տարան ռուսական ռազմաբազա: Բացի այդ՝ Հռոմի ստատուտը ռազմական գործողությունների մեջ ներքաշված բոլոր ղեկավարներին է վերաբերում: Եթե ավելի լայն նայենք՝ Զելենսկու հնարավոր այցի մասին լուրը եւ ռուսական շրջանակներին է ձեռնտու՝ Հայաստանին արեւմտամետության մեջ մեղադրելու, եւ արեւմտյաններին՝ այդ առթիվ հակառուսական շեշտադրումներ պոկելու համար Հայաստանի քաղդասից: Այնպես որ այս լուրի՝ սադրիչ բնույթը, եւ ոչ թե առարկայորեն ճշմարտությանը համապատասխանելը առավել, քան տեսանելի է, անկախ դրանից, թե ո՞ր շրջանակն է այն տարածել, մանավանդ ՝ լուրի պաշտոնական հաստատում դեռ չկա: Չնայած՝ չի բացառվում լուրի հայկական ծագումը՝ ամենավերին մակարդակով, որպես չմտածված քայլ, որն ավելի կշռադատելուց հետո մտածել են սրբագել՝ Զելենսկու գալը տարածաշրջանային համատեքստում տեղավորելով:
Եթե հաշվի առնենք նաեւ այլ տեխնոլոգիաներ, ներառյալ ռումբի տեղադրման մասին ահազանգերը, ապա հասկանալի է դառնում, որ Հայաստանում գործող հատուկ ծառայություններն այժմ թեւակոխել են մեր երկրում անկայունություն հրահրելու փուլ՝ մշտական անվտանգային սահմանային խնդիրների սպասմանը զուգահեռ, ու մեազ բոլորիս հարկ է ուշադիր լինել:
Վերջին օրերի այս հետնապատկերին Բեռլինում հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, զուգահեռ՝ եվրոպական կառույցներից Հայաստանին սատարող հայտարարություններ էին հնչում: Հայաստանի ԱԳ նախարարն այնուհետե կմեկնի Անկարա: Տեսնենք, թե ի՞նչ կհաջորդի՝ հիբրիդային եւ առարկայական հարթություններում:
***
Ի դեպ՝ այս օրերին ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին ակտուալ դարձած հարցին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի վերջո անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ վարչապետ Փաշինյանը բերեց հին արգումենտը, թե Հայաստանը չի ստացել ՀԱՊԿ-ին ուղղած իր այն հարցի պատասխանը, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին Հայաստանում: Այդ հարցը ծագել է այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը: Հայաստանը մեկ տարի արդեն ՀԱՊԿ-ում ներկայացուցիչ չունի, չի մասնակցում նիստերին, քանի որ չկա հարցի պատասխանը, որտեղ պետք է նշվեր ու կոնսենսուսով ստորագրվեր պատասխանատվության գոտու պարամետրերը: Ու եթե ՀԱՊԿ-ում շարունակեն չպատասխանել Հայաստանի հարցին՝ չի բացառվում, որ դեֆակտո հարաբերությունների սառեցումը վերածվի իրավական ձեւակերպման:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ