Տրամաբանության խոցելիությունը
Հենց սկզբից էլ հասկացել եմ, որ վերլուծությունների օգնությամբ կանխատեսումներ անելն իմ խելքի բանը չէ:
Կանխատեսումներ անելու հարցում իմ ոչ բավարար ունակությունների մասին առաջին անգամ գաղափար եմ կազմել չորրորդ դասարանում: Շատերի նման մի օր ես էլ էի որոշել առանց դասերը պատրաստելու ներկայանալ դպրոց, համոզված լինելով, որ իմ հաշվարկի համաձայն այդ օրն ինձ դաս չեն հարցնելու: Երեւի կռահում եք, որ կանխատեսումս սխալ էր, եւ ինչ-որ տեղ կտրվել էր հերթս հաշվարկելու տրամաբանական շղթան, որի պատճառով պիտի արժանանայի ուսուցչուհուս դառը կշտամբանքներին:
Երեւույթների միջեւ գոյություն ունեցող տրամաբանական կապի օգնությամբ կանխատեսումներ անելու եւ անելիքներիս հերթականությունը ճշտելու հարցում միշտ էլ սխալվել եմ: Համալսարան ընդունվելիս սխալվել եմ անգամ մասնագիտություն ընտրելու, հետագայում նաեւ՝ նախասիրություններիս համապատասխան՝ աշխատանքային կարիերա ստեղծելու հարցերում:
Կենցաղային մյուս հարցերում իմ սխալ հաշվարկները, որոնց մասին կարող եմ անընդհատ խոսել ու բազմաթիվ օրինակներ բերել, այնքան էլ էական չէին: Հասկացել էի, որ ավելի կարեւոր է զգուշանալ քաղաքական գործընթացների վերլուծություններ ու տրամաբանական հաշվարկներ անելու գայթակղությունից: Զգուշավորության համար բազմաթիվ պատճառներ ունեի:
Հետանկախացման շրջանին բնորոշ հայտնի գաղջ մթնոլորտի պայմաններում միամտաբար փորձել եմ, իրավիճակի համակողմանի ու խորքային վերլուծությունների շնորհիվ, հանգել տրամաբանական հետեւությունների ու կանխատեսել կառավարման համակարգի անխուսափելի փոփոխության հեռանկարը, ինչը տեղի ունեցավ միայն այն ժամանակ, երբ այլեւս հնարավոր չէր նման փոփոխություն կանխատեսել: Բայց տեղի ունեցավ ինձ համար անսպասելի ու իմ հաշվարկների մեջ տեղ չունեցող փոփոխությունն, ու պարզվեց՝ ոչ միայն «Նիկոլն էր ճիշտ, Սերժը՝ սխալ», այլ նաեւ ես էլ էի սխալ, շատերն էին սխալ:
Չեմ ուզում խոսել պատերազմում պարտություն կրելուց հետո կառավարման համակարգում ակնկալվող անխուսափելի փոփոխությունների՝ իմ հիմնազուրկ կանխատեսումների մասին, որն ինչպես միշտ, սխալ էր:
Միայն ցանկանում եմ հուսալ, որ «բանը բանից անցած լինելու» մասին իմ վերջին տրամաբանական հետեւությունը, նախորդ կանխատեսումներիս նման նույնպես հիմնազուրկ ու սխալ կլինի:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ