Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկա համերգաշրջանը կեզրափակվի այսօր, հուլիսի 25-ին, Հասմիկ Պապյանի մասնակցությամբ կայանալիք համերգով: Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտորներ Ռիխարդ Վագների եւ Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյաններին: Համաշխարհային հռչակ վայելող սոպրանո Հասմիկ Պապյանը կկատարի արիաներ Ռ. Վագների եւ Ջ. Վերդիի հայտնի օպերաներից, իսկ համերգը կղեկավարի դիրիժոր, ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Ինչպես նշում է երգչուհին, ֆիլհարմոնիկի հետ 22 տարի առաջ է երգել ու իր համար վերադարձը շատ կարեւոր եւ հուզիչ է. «Իհարկե կան աշխարհում նվագախմբեր, որոնք ունեն 100-ամյակների ավանդույթներ, եւ նրանց սոցիալական պայմանները ուրիշ են, սակայն ՀՊՖՆ-ի նման նվագախումբ ունենալը իսկական հարստություն է մեզ համար: Իրենց հետ ես ինձ ազատ եւ հանգիստ եմ զգում»:
Երգչուհու հայաստանյան այցի նպատակը ի սկզբանե այլ է եղել, նա իրականում եկել էր ամառն ընտանիքի հետ անցկացնելու համար, սակայն երբ առաջարկ ստացավ ՀՊՖՆ-ից` չկարողացավ մերժել:
Անդրադառնալով համերգի նախապատրաստման դժվարությանը, Հասմիկ Պապյանն ասաց, որ կարճ ժամանակ ունեին այն իրականացնելու համար. «Մեկ շաբաթում կատարեցինք աշխատանք, որը ամիսների ջանք է պահանջում: Չնայած շոգին, փորձեցինք երկար, շատ լուրջ, քրտնաջան աշխատել, եւ հույս ունենք, որ լավ համերգ կունենանք»:
Նշենք, որ Հասմիկ Պապյանը որպես ջութակահար, ապա մեներգչուհի ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Նրա բեմելը կայացել է Երեւանի օպերային թատրոնում Ռոզինայի եւ Միմիի դերերգերով: 25 տարի շարունակ Հասմիկ Պապյանը եռանդուն եւ բեղուն գործունեություն է ծավալել համաշխարհային օպերային եւ համերգային բեմերում (Metropolitan Opera, Vienna State Opera, Bavarian State Opera, Deutsche Oper Berlin, Paris National Opera, La Bastille, La Scala եւ այլ հռչակավոր բեմահարթակներում): Նրա հայտնի դերերգերից են, Աիդա, Նորմա (կատարել է ավելի քան 150 անգամ աշխարհի տարբեր բեմերում), Լեդի Մակբեթ, Լեոնորա («Ճակատագրի ուժը»), Տոսկա, Դոննա Աննա, Աբիգայլ («Նաբուկո»), Միմի, Պամինա, Մաթիլդա («Վիլհելմ Տել»), Էլիզաբեթ («Դոն Կարլոս»), Դեզդեմոնա, Միքայելա, Սալոմե եւ այլ առաջատար դերերգեր: Իսկ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում նա կատարել է Օլիմպիայի դերերգը «Արշակ Երկրորդի» հեղինակային տարբերակի համաշխարհային պրեմիերայի ժամանակ (հայերեն թարգմանությամբ), ինչպես եւ մասնակցել է «Անուշ» օպերայի բեմադրությանը Միչիգանի օպերային թատրոնում: Հասմիկ Պապյանը համագործակցել է Ռիկարդո Մուտիի, Նելո Սանտիի, Մարչելո Վիոտիի, Պլասիդո Դոմինգոյի, Ջորջ Պրետրեի, Միշել Պլասոնի, Լեոնարդ Սլատկինի, Ջեյմս Քոնլոնի, Ջեյմս Լեվայնի, Գենադի Ռոժդեստվենսկու, Վալերի Գերգիեւի եւ այլ մեծահռչակ դիրիժորների, նշանավոր մեներգիչներ Նիկոլայ Գյավուրովի, Ռենե Պեպեի, Թոմաս Հեմփսոնի, Ռենատո Բրուզոնի, Ռոբերտո Ալանյայի, Ջակոմո Արագալի, Խոսե Կուրայի, Ջուզեպե Ջակոմինիի, Պլասիդո Դոմինգոյի հետ: Հասմիկ Պապյանը դասվում է ժամանակակից լավագույն սոպրանոների շարքին: Երգչուհու երգացանկում կենտրոնական դեր են զբաղեցնում Վերդիի օպերաները (13 դերերգ), իսկ վագներյան օպերաներից Սենտայի եւ Իզոլդայի դերակատարումները իրավամբ համարվեցին նրա դերասանական կարիերայի գագաթնակետերից:
Հայաստանյան համերգից հետո երգչուհին շարունակելու է իր գործունեությունն արտերկրի տարբեր բեմերում, մեկ եւ կես տարի է նա աշխարհի հեղինակավոր բեմերում ներկայացնում է «Տրիստան եւ Իզոլդա» օպերան:
Հատկանշական է, որ ֆիլհարմոնիկի այս համերգաշրջանը լի էր հիշարժան համերգներով. բացումը ազդարարեց Երեւանյան 6-րդ միջազգայի երաժշտական փառատոնը, ապա ելույթներ ունեցան շեփորահար Սերգեյ Նակարյակովը, թավջութակահար Մարիո Բրունելլոն, կլարնետահար Մասսիմո Մերչելին, դաշնակահար Բերնդ Գլեմզերը եւ շատ ուրիշներ: Կայացան մի քանի բարեգործական համերգներ, Պուչինիի «Տուրանդոտ» եւ Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերաների համերգային կատարումները, ինչպես նաեւ մի շարք հոբելյանական համերգներ` նվիրված Անկախության 21-ամյակին, Գերմանիայի եւ Բրազիլիայի հետ դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակին, Նոտր-Դամի հիմնադրման 850-ամյակին, ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 65-ամյակին, կոմպոզիտոր Միշել Լեգրանի 80-ամյակին, կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյանի 75-ամյակին եւ այլն: Իսկ հատուկ համերգներով հիշատակվեցին Սպիտակի երկրաշարժի, Հայոց մեծ եղեռնի օրերը, ինչպես նաեւ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի վառ հիշատակը: