Ադրբեջանին ոչ թե պետք է ուժ ցույց տալ, այլ նախևառաջ ուժ պետք է ունենալ։ Իսկ վերջին երեք տարում հայկական կողմը ոչ միայն ուժ չի ցուցադրել, այլև ամեն ինչ արվել է, որպեսզի ՀՀ պաշտպանական ռեսուրսը քայքայվի, և հնարավորինս անմարտունակ բանակ ունենանք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ հերթական ագրեսիային։
«Հնարավորինս անմարտունակ բանակ ունենալն արվել է և՛ կադրային ջարդի, և՛ քարոզչության, և՛ շատ հախուռն-աբսուրդային որոշումներ կայացնելու միջոցով։ Խոսքը թե՛ սպառազինության, թե՛ ամրաշինական աշխատանքների մասին է։ Բացի այդ, ամեն անգամ, երբ թշնամին առաջ է եկել, ստեղծվել են նրա համար առավել բարենպաստ պայմաններ. օրինակ՝ հրաման է տրվել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ, թշնամում երաշխիքներ են տրվել, որ ռազմական միջոցներով չեն փորձելու դիրք վերցնել, ինչն էլ թշնամին օգտագործել է այդ դիրքերը հանգիստ ամրացնելու, ճանապարհներ անցկացնելու համար»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Ռազմական փորձագետի խոսքով՝ բոլոր այս գործոններն, իրար վրա կուտակվելով, բերել են նրան, որ այսօր ՀՀ զինված ուժերը քայքայված, բարոյալքված և անհասկանալի երևույթ են դարձել։
«Սրանում դեր են խաղացել նաև 25-օրյա՝ իբր ուսումնավարժական հավաքները, իսկ իրականում անպատրաստ մարդկանց կամայականության սկզբունքով տանում-լցնում են դիրքեր։ Այնպես որ, այս վիճակը բերում է նրան, որ Ադրբեջանն ինչ ուզում, այն էլ անում է։
Իսկ ահա ՊՆ-ի երեկվա հայտարարությանը, որ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է, և հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության, աննախադեպ խայտառակություն էր։
Եթե այդ հայտարարությունը դիվանագիտական լեզվից թարգմանենք, ստացվում է, որ նույնիսկ հետաքննություն չկատարած՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն անուղղակիորեն ընդունեց հայկական կողմի մեղքը, դրան գումարած՝ թշնամուն նաև պատժելու սանկցիա տրվեց»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ այսօր Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել է 4 անձ։ Ըստ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ զոհվածներն են Էդուարդ Համլետի Հարությունյանը (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյանը (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյանը (1979 թ.) և
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (1957 թ.)։
Հայկական կողմն ունի նաև մեկ վիրավոր։