ՄԱՐԳԱՐԻՏ ՌՈՒԽԿՅԱՆ, Երաժշտագետ, Ռուս. թարգմ. Պ. Ք.
Ամենայն հստակությամբ գիտակցում ենք այն փաստը, որ պետական արժեհամակարգերի ձեւախեղումը ժողովրդին զրկում է ոտքերի տակի հողից: Ժողովուրդ ասելով ես նկատի ունեմ նրանց, ովքեր երկրի հիմքն են, նրա մշակույթի միսն ու արյունը: Գյուղական ժողովուրդը, անկասկած, լավագույն եւ հիմնական ժողովուրդն է: Հենց նա է մինչեւ օրս պահպանել մարդկային բարձրագույն այն արժեքների մնացորդները, որոնք դավանում է պարզ, անբռնազբոս ձեւով, առանց պաթոսի, առանց սնապարծության ու գոռոզության, հարգալիր բարոյականությամբ, ամեն օր աշխատանքի մեջ, սեփական կենցաղային գործերի մեջ: Դաշտերում աշխատող, անասնապահությամբ զբաղվող հասարակ մարդու մեջ պահպանված են ինտուիցիան եւ այն բնական ինտելեկտը, որը մշտապես պատրաստ է զարգանալ, որը պոտենցիալ կերպով դրական է: Ոչ թե բարձրաստիճան պաշտոնյան, այլ հենց գյուղացին է խելամտորեն իմաստավորում աշխարհի պատկերը եւ գտնում իր համար ճշմարիտ ճանապարհ, որեւէ եզակի ճիշտ լուծում: Այո, դա ամենից հաճախ վերաբերում է իր գոյատեւմանը, իր ընտանիքի գոյատեւմանը, բայց հենց միայն դրա համար հարկավոր է հուշարձան կանգնեցնել հայ գյուղացուն, քանի որ առանց այդ հոտառության, առանց այդ բնական հաշվարկի չէր լինի ո՛չ հայ ընտանիք, ո՛չ էլ Հայաստան: Իսկ եթե գյուղացին նաեւ համայնքի ղեկավար է կամ կոոպերատիվի նախագահ, այդ դեպքում նա պատասխանատվություն է կրում իր ընկերների, համագյուղացիների համար, եւ նրա ինտուիցիան աճում է:
Մեր սերունդը մշտապես հիանում էր այդ գյուղացիներով, նրանց մեջ տեսնում իրական ամուր հիմք, որը մեզ օգնում էր հանգիստ ապրել, զարգանալ, գիտելիքներ ստանալ: Կրթության պետական կառույցը կրթական համակարգում ակտիվորեն ներգրավում էր գյուղական երիտասարդներին, եւ, որպես կանոն, լավ կրթություն ստանալովՙ նրանք հարազատ վայրեր էին վերադառնում արդեն որպես մասնագետներ: Այդպես էր խորհրդային ժամանակներում, երբ այդ մարդկանց կարգավիճակը պահպանվում էր պետական կառույցի շնորհիվ: Վերջինս ստեղծել էր բարեկեցիկ գյուղատնտեսական կազմակերպություններիՙ կոլտնտեսությունների ու խորհտնտեսությունների, գյուղտեխնիկայի նորոգման արտելների ցանց, որոնց կոլտնտեսականին կամ արտելի աշխատողին ապահովում էին մշտական վաստակով:
Մենք ծիծաղում էինք դաշտերում ու կոլտնտեսություններում հաղթանակների ամենօրյա հաշվետվությունների, աշխատանքի հերոսներին նվիրված անվերջանալի ակնարկների վրա, հոգնում էինք լրագրային ու հեռուստատեսային պաթետիկայից, որը պետք էր ավելի շատ չինովնիկներին, քան բանվորներին ու գյուղացիներին: Սակայն ժողովուրդն իրոք իրեն զգում էր գլխավոր շարժիչ ուժ եւ, պատերազմից հետո ամրապնդվելով, ձգտում էր վերջնականապես ոտքի կանգնել, դառնալ այն հողի տերը, որի վրա ապրում է ինքը: Գյուղացիությանն օգնության եկան 70-ականների գրողները, որոնց անվանեցին «գյուղագիրներ»: Նրանք հիանում էին հողի մարդկանց վեհանձնությամբ, կարեկցանքով էին վերաբերվում նրանց խնդիրներին, հանդես էին գալիս հանուն դարավոր ավանդույթների պահպանման: Հայտնվեցին Ռասպուտինի, Տենդրյակովի, Աստաֆեւի, Շուկշինի, Աբրամովի, մերոնցից Մ. Մնացականյանի, Հ. Մաթեւոսյանի, Զ. Խալափյանի գրքերը եւ կինոֆիլմերը… Խորհրդային գրողներն ու լրագրողները մասնակից էին դառնում ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներին, շատերը նույնիսկ տեղափոխվում էին գյուղական վայրեր: Նրանք խստիվ քննադատում էին գյուղացիների ավանդական կյանքը քայքայող գերնախագծերը: Նրանք իրենց կյանքը նվիրաբերում էին ժողովրդին, պաշտպանելով նրա շահերը: Ինչպիսի՜ ճակատամարտ էր ծավալվել «Լիտերատուրնայա գազետայի» էջերում 80-ականների սկզբին, երբ Ռուսաստանի բոլոր պայծառ ուղեղները հանդես եկան ռուսական հյուսիսային գետերի հոսանքները շրջելու նախագծի դեմ: Ժամանակը ցույց տվեց, որ այդ նախագիծը Ռուսաստանին սպառնում է էկոլոգիական կատարյալ աղետով:
Իսկ Հայաստանում քննադատում էին ՀԷԿ-երի կառուցումը, Արարատյան դաշտը ջրող եւ Սեւանից ջուր ստացող Սեւանի ջրանցքի շինարարությունը եւ շատ այլ բաներ: Քննադատությունը լսվում էր, ընդունվում էին կշռադատված որոշումներ:
Իսկ ինչպե՞ս է իրեն զգում հայ գյուղացին այսօրվա անկախ Հայաստանում: Լրագրողները պարզապես աղաղակում են հայկական գյուղի դժբախտությունների մասին: Եվ մենքՙ երաժիշտներս, ականատեսն ենք մշակութապես երբեմնի ծաղկուն վայրերի ամայացմանՙ հենց նույն Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի, որտեղ փաստորեն ԱԷԿ-ի տարածքում գտնվող երաժշտական դպրոցում չեն կարողանում ապահովել ջեռուցում, իսկ երեխաները համառորեն գալիս են երաժշտություն սովորելու եւ սառած դաշնամուրներ են նվագում փոքր էլեկտրասալիկով տաքացվող դասարաններում:
Սակայն վերադառնանք հողին: Լրագրողը նկարագրում է «Նոյյան» գործարանին Այգեշատ, Ամասի եւ այլ գյուղերի ծիրանի իրացման ահավոր պատկերը, երբ Երվանդաշատ-Բագարան խճուղու վրա կիզիչ արեւի տակ հսկայական հերթ են կանգնում հյութաքամվող ծիրանով լի բեռնատարները: «Ասում են, թե կառավարությունն օգնություն է հատկացրել արմավիրցիներին: Ո՞րն է այդ օգնությունը. երկար հերթե՞րը, անտանելի տառապանքներն ու նվաստացումնե՞րը: Մի՞թե այս երկրում մենք ոչ մեկին պետք չենք…», հուսահատ հարցնում է գյուղացին: Գյուղացու, այգեգործի, հողի բարիքների մատակարարի այս հարցը, ըստ իս, այսօր ամենահրատապն է: Երկրին պետք են, թե՞ ոչ… Ինչպես հայտնի է, անպետքությունը չքանում է: Եվ չկա հողից կտրված մշակույթ: Ի դեպ, մշակույթ բառը նշանակում է հենց հողի հետ կապված աշխատանք: Եվ ինչպես վերաբերվում են հողագործին, նույն ձեւով էլ վերաբերվում են մշակույթին ու գիտությանը: Յուրաքանչյուր երկիր ուժեղ է միայն բանվորի եւ գիտնականի, գյուղացու (կամ ֆերմերի) եւ գրողի, երաժշտի, կոմպոզիտորի այդ միասնականությամբ: Նրանց փոխադարձ գնահատականը միշտ եւ ամենուրեք եղել է շատ բարձր: Մեր երկրում եւս գրողը, բանաստեղծը, կոմպոզիտորը իսկապես սիրել են ժողովրդին, հիացել նրանով, շփվել նրա հետ: Խորհրդային ժամանակներում դրա՛ն տրվում էր հսկայական, պետական կարեւորություն: Հայ գյուղացու, գեղջուկի տանը կարելի էր տեսնել Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Պետրոսյանի, Վիկտոր Համբարձումյանի ոչ միայն լուսանկարները, այլեւ գեղանկարները կամ հենց տանտիրուհու ասեղնագործած պատկերները: Այն ժամանակ ժողովուրդը պաշտում էր արվեստի եւ գիտության մարդկանց: Դա խորհրդային հասարակարգի ամենամեծ հաղթանակն էր: Հենց դա էլ փրկեց երկիրը, քանի որ ամբողջ երկիրը լսում եւ ուկնդրում էր լավագույններին եւ խելացիներին, պատասխանատու եւ հայրենասեր մարդկանց, եւ այդպիսով մոտեցավ քաղաքական բարեփոխմանը: Չէ՞ որ ռուս ազգի, ԽՍՀՄ բոլոր ազգերի ընտրյալները դարձան նոր երկրի առաջին խորհրդարանականները: Սակայն, ինչպես միշտ, կայսրությունները փլուզվում են իրենց խնդիրների ծանրությունից: Եվ մեր աչքերի առջեւ ժողովրդի լավագույն մարդիկ չկարողացան կանխել մորեխի հարձակումը, որը ոչնչացրեց բոլոր ձեռքբերումները:
Այսօր որտե՞ղ են խրախուսանքից, պետական աջակցությունից, աշխատելու հնարավորությունից ոգեւորված, գոհունակ հողագործները: Նրանք չեն երեւում: Եթե ուշադիր շուրջդ նայես, այնպիսի տպավորություն կստանաս, թե այդ նույն գյուղացիներն ու բանվորներն այլեւս չկան, եւ կան միայն վարձու աշխատողներ, որոնք ասես «լիմիտականներ» լինեն սեփական երկրում: Իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է ինքնուրույն աշխատել եւ իրեն ապահովել, անմիջապես խոչընդոտներ են հարուցում, հողատուրք են պահանջում… Նրան թույլ չեն տա բարձրանալ: Չէ՞ որ ավելի հեշտ է կառավարել մեկ նախարար, քան ինքնուրույն եւ կայացած ձեռներեց-տնտեսվարողների ցանց:
Այսօր անիմաստ, անանուն գյուղացիների եւ պետությունից լքված արվեստի կամ գիտության մարդկանց բաժանումը արդեն ոչ թե սպառնալիք է, այլ իրողություն: Եվ այս իրավիճակն աղքատացնում է բոլոր կողմերին: Ինքներս մեզ հարց տանք. առանց այդ էլ փոքր երկրից ինչո՞ւ են փախչում գյուղացիները, բանվորները (որոնք վարձու են), տաղանդավոր գիտնականներն ու երաժիշտները: Այս հարցին պետական կարեւորություն չի տրվում, մինչդեռ դա անհրաժեշտ է: Եվ այս հարցը պահանջում է ոչ թե խոսակցություններ ու խոստումներ, այլ լուրջ քննարկումներ, ի դեպՙ նաեւ «փախչողների» հետ: Արդ, մեր հասարակությունն արիություն ունի՞ իրեն գոնե հայելու մեջ նայելու եւ տեսածին համապատասխան գնահատական տալու: Չսպասե՛նք համաշխարհային հայտնի գործակալությունների վարկանիշներին եւ չձեւացնե՛նք, թե չենք նկատել մեր անկումը մինչեւ հետամնաց երկրների մակարդակ: Հայաստանը համառորեն մնում է փաստորեն սառեցված ամենացածր աշխատավարձեր ու կենսաթոշակներ, ամենից անհրաժեշտ եւ օգտակար մասնագիտությունների համարժեքի ցածր գնահատական ունեցող երկրների թվում: Ի՞նչ, նա փնտրում է իր ուղի՞ն: ինչո՞ւ օրինակ չվերցնենք զարգացած երկրներից, որոնց մեջ Հայաստանի նման փոքր երկրները հասել են ամենաբարձր կենսամակարդակի: Ի դեպ, զարգացած դառնում են այն երկրները, որոնց բնակչությունը սիրում է աշխատել: Հայերն աշխատասիրության պակաս չունեն: Արդ, գուցե ազգային գաղափար հայտարարենք այդ բացառիկ աշխատասիրության համատարած բավարարումը եւ ըստ այդմՙ դիտավորյալ բարդացված տնտեսական քաղաքականության օպտիմալացումը: Եվ հասկանալի է, որ գաղափարը կկարողանան կենսագործել ոչ թե քաղաքական գործիչները եւ չինովնիկները, այլՙ մասնագետները: