Սակագնի վերաբերյալ մնացած բոլոր տեսակետներն ու մեկնաբանություններն այս դեպքում պարզապես դատարկաբանություներ են
Հուլիսի 31-ին Երեւանի քաղաքապետարանը «մայրաքաղաքի բնակիչների տրանսպորտային սպասարկման վիճակը բարելավելու նպատակով» 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիներում ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների լրացուցիչ մրցույթ հայտարարեց` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին առաջարկելով «ներդրումներ կատարել եւ սահմանված կարգով մասնակցել հայտարարվող մրցույթներին»: Խոսքը 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68 համարների ավտոբուսային եւ 77 համարի միկրոավտոբուսային երթուղիների մասին էր:
Ինչո՞վ էր հետաքրքրական լրացուցիչ մրցույթ հայտարարելը: Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղի տալով սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներին, կասեցրեց տրանսպորտի սակագնի բարձրացման իր որոշումը: Ի դեպ, այս խնդրի վերաբերյալ մեր տեսակետն արտահայտել էինք («Պայքար», որի արդյունքում շարունակում ենք 100 դրամով ստորացված երթեւեկել», «Ազգ», 29 հուլիսի, 2013) եւ որեւէ առարկայական հակափաստարկ չենք ստացել: Հիշեցնենք նաեւ, որ մասնագիտությամբ տնտեսագետ, բայց քաղաքական տարբեր կուսակցություններում ընդգրկված գործիչներ այդ ժամանակ հայտարարում էին, որ տրանսպորտային երթուղիների սպասարկման ինքնարժեքը 70-80 դրամ է, հետեւաբար սակագինը 150 դրամ դարձնելը` սխալ եւ տնտեսվարողների կամ այսպես կոչված գծատերերի շահերից բխող: Բնական է, որ հասարակության առողջ դատողություն ունեցող շերտերին հետաքրքրում էր, թե այս մոտեցումներից ո՞րն է հիմնավոր, հնարավո՞ր է առանց թանկացման, քաղաքակիրթ տրանսպորտ ունենալ, կատարելով ներդրումներ եւ նոր ավտոբուսներ ներկրել, թե՞, այնուամենայնիվ, առանց սակագնի բարձրացման էլ դա հնարավոր է: Այսինքն, կլինեն կազմակերպություններ, որոնք կցանկանան այս` 100 դրամ սակագնով երթուղիներ շահագործել, ընդ որում` հիմնականում ավտոբուսային: Ի դեպ, քաղաքապետարանը վաղուց էր պարտավորվել միկրոավտոբուսային երթուղիները դարձնել ավտոբուսային, ինչը, սակայն, չէր իրագործել: Այս մասին նույնպես անդրադարձել էինք մեր թերթում («Մոտ 30 միկրոավտոբուսային երթուղիներ «մոռացել» են ավտոբուսային դառնալ», «Ազգ», 24 հունիսի, 2013): Փաստորեն, հայտարարելով լրացուցիչ մրցույթ, Տարոն Մարգարյանը, ցույց է տալիս, որ ինքը ցանկանում է բարելավել հասարակական տրանսպորտի վիճակը, միեւնույն ժամանակ, ցանկանում ունենալ կոնկրետ փաստ, որ առանց սակագնի փոփոխության դա անհնար է: Ամեն ինչ կարծես դրան էլ գնում է:
Բանն այն է, որ հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն չի մասնակցել: Այսինքն, չի գտնվել որեւէ կազմակերպություն, որ ցանկություն ունենար ավտոբուսային երթուղի շահագործել 100 դրամ սակագնով: Փաստորեն, անկախ նրանից, կցանկանան սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդները կամ նրանց ասածը «հիմնավորող» քաղաքական գործիչները, թե՞ ոչ, փաստ է, որ գործող սակագնով ավտոբուսային 23 երթուղիներից որեւէ մեկը շահագործելու ցանկութուն ունեցողներ չկան: Մնացած բոլոր տեսակետներն ու մեկնաբանություններն այս դեպքում պարզապես դատարկաբանություներ են: Մնում է միայն ընտրություն կատարել, ցանկանում ենք երթեւեկել 100 դրամով այնպես ինչպես հիմա եւ հիմնականում միկրոավտոբուսներով, թե՞ 150 դրամով, բայց ավելի մարդավայել եւ հիմնականում ավտոբուսներով: Դժվար է, իհարկե, նման ընտրություն կատարել, քանի որ մենք ցանկանում ենք երթեւեկել մարդավայել եւ ավտոբուսներով, բայց 100 դրամով: Սակայն դատելով լրացուցիչ մրցույթի արդյունքներից, ավելի ճիշտ դրա բացակայությունից, փաստորեն, դա հնարավոր չէ: Ուրեմն ի՞նչ անել: Կարծում ենք, որ ելք, այնուամենայնիվ, կա:
Առաջարկում ենք Երեւանի քաղաքապետարանին, ավտոբուսային երթեւեկության սակագինը դարձնել 150 դրամ, միկրոավտոբուսայինը թողնել 100 դրամ: Չմոռանանք նշել, որ 150 դրամ ավտոբուսային երթուղիների դեպքում զեղչեր պետք է լինեն առավել խոցելի խավերի` թոշակառուների, երեխաների, ուսանողների համար: Ավտոբուսային երթուղիները 150 դրամ դարձնելով քաղաքապետարանը միաժամանակ կխրախուսի միկրոավտոբուսային երթուղիները սպասարկողներինՙ երթուղիները վերափոխել ավտոբուսայինի: Եվ ամենակարեւորը` նման քայլը ընտրության հնարավորություն կտա: Նրանք, ովքեր չեն ցանկանա առանց իրար գլուխ լցվելու, իրար գիրկ նստելու եւ իրար հետ անցանկալի սերտ շփվելու երթեւեկել, կնախընտրեն դա անել ավտոբուսներով, վճարելով 150 դրամ, իսկ նրանք, ովքեր կնախընտրեն շարունակել երթեւեկել վերոնշյալ ձեւով, վճարելով 100 դրամ, կնախընտրեն միկրոավտոբուսները եւ այլեւս նստացույցերի եւ բողոքելու առիթ չեն ունենա, քանի որ բոլորը կստանան այն, ինչ ցանկանում են: Այսինքն, ամեն ինչ արդար կլինի: