Երեւանցի նկարչուհի Մարինա Վաղարշյանի բնակարանը մեր քաղաքի իմ ամենասիրելի վայրերից է: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է` ինտերիերը, պատերի գեղանկարներն ու արձանիկները, տանտիրուհին ինքը… Այս ընտանիքում արդեն չորրորդ սերունդն է նվիրված արվեստին, եւ նույնիսկ ընտանիքի ամենակրտսերը՝ նկարչուհու ութնամյա թոռնիկ Մհերը, չէր կարող նման միջավայրում չնկարել: Կտավների վառ գույները, ասես դրանցից ճառագող լույսը, բազմաֆիգուր կոմպոզիցիաները ստեղծում են դրական եւ լավատեսական մթնոլորտ՝ հոգիդ լցնելով անդորրով, ջերմությամբ եւ դրդելով ստեղծագործելու, անգամ եթե ինքդ չես նկարում…
Մարինա Վաղարշյանը (ծնված 1953 թ. Երեւանում) սովորել է Երեւանի պետական թատերական եւ գեղարվեստի ինստիտուտի դիզայնի բաժնում: 1975-1986 թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում մասնակցել է երկու գեղարվեստական եւ վեց մուլտիպլիկացիոն ֆիլմերի. որպես բեմադրիչ նկարահանել է «Հողմացույցը» (1986) մուլտֆիլմը: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Վիեննայում, Քասելում (Գերմանիա), Լոձում (Լեհաստան), Դուբնայում (Ռուսաստան) եւ մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների տարբեր երկրներում (Հայաստան, Վրաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Լեհաստան, Շրի Լանկա, Ճապոնիա): Մարինա Վաղարշյանի բազմաթիվ գործեր պահվում են Հայաստանի եւ արտերկրի պետական եւ մասնավոր հավաքածուներում: Նրա նկարազարդումներով հրատարակվել է մոտ 10 գիրք. հեղինակ է ավելի քան 70 նկարազարդումների ամսագրերում եւ թերթերում:
«Հեռավոր Հայաստանից ժամանած նկարչուհու մանրանկարները կատարված են մեծագույն բծախնդրությամբ, մանրամասների գրեթե ոսկերչական հարդարմամբ: Բայց ես այլ բան եմ ուզում նշել. Մարինան հիանալի «պատմող» է: Նրա ստեղծագործությունները ներառում են կարճ էսսեներ, պատմվածքներ եւ նույնիսկ ամբողջական վեպեր: Դրանք պարունակում են սերն ու հիասթափությունը ճանաչող կենսափիլիսոփայություն, բաժանման դառնություն եւ իմաստություն, որը զուրկ չէ ինքնահեգնանքից» (Գերհարդ Մաթիաս, Գերմանիա):
«Մարինա Վաղարշյանի աշխարհը կանանց աշխարհն է: Կանայք՝ շրջապատված միլիոնավոր գաղտնիքներով եւ, իհարկե, այդ հեքիաթային գոյությանը պատկանող: Շագալի ֆանտազիաների ոճով ստեղծված նրա նկարներն ազդակ են՝ մտնելու կանանց զարդասենյակի յուրահատուկ միջավայրը: …Ներկայացված ոճը, ջերմ գույներն ու լավատեսության մթնոլորտը, զուգորդված նկարների հետ, ի սկզբանե նույնպիսի ընկերական մթնոլորտ են ստեղծում հիանալի նկարչուհու շուրջը: Մարինայի գաղափարները զգացմունքներն արտահայտելու ներքին կարիք են: Նրա նկարչությունը հոգեթերապեւտիկ վարժանք է, որ խաղաղեցնում է հոգեկանը՝ բացահայտ խոսելով իր մասին: Արվեստում կնոջ հայացքը կյանքին ուղղված հայեցակարգային հայացք է, այն աշխարհայացք է» (Յագա Միլթոն, Լեհաստան):
«Նրա նկարներին տված դիպուկ ձեւակերպումը՝ «տեսողական պատում», հիշեցնում է պատմելու միջոցով, ներաշխարհի մերկացմամբ հոգեվիճակի ազատագրման, ռելաքսացիայի հոգեվերլուծական ակտը: Առավել եւս, որ Մարինան հաճախ նկարելով պատմում է իր երազները: Սա նկարչուհու ծայրագույն անկեղծության հասած ստեղծագործության հոգեբանական ենթատեքստն է: Բայց կան նաեւ սոցիալական, բարոյա-էթիկական, եւ անգամ՝ մարգարեական ակնարկներ: Չէ՞ որ նա նկարում է այնպես, կարծես իրականում ապրածը իր անձնական փորձի եւ սուբյեկտիվ տեսանկյունից մեզ է հանձնում՝ մի բան, որ առօրյա շփումներում, ճակատագրական բախումների եկած մարդիկ պատմում են իրար, խոսում, ընդհանրացնում եւ որից հետեւություններ են անում» (Լիլիթ Սարգսյան, Հայաստան):
–Հարգելի՛ Մարինա, ձեր անհատականությունից, միջավայրից եւ ստեղծագործությունից զգացվում է մեզանում հազվադեպ բնածին մտավորականություն եւ քաղաքային ավանդույթ, ինչը զարմանալի չէ՝ նկատի ունենալով ձեր նախնիներին եւ նրանց բնօրրանը՝ Շուշի, Տփղիս-Թիֆլիս: Ես մեծ հաճույքով ընթերցել եմ ձեր պապիկի եւ ձեր հոր հեղինակած գրքերը: Պատմե՛ք նրանց մասին, խնդրում եմ:
-Սիրով: Ես մի կողմից բախտավոր էի՝ լինելով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի թոռնուհին, բայց մյուս կողմից շատ փոքր էի, երբ նա հեռացավ կյանքից: Միանշանակ կարող եմ ասել, որ նրա հետ գնաց մեզ հատկացված երջանկության մի մեծ բաժին: Պապիկիս հիմա ավելի շատ եմ ճանաչում՝ ծանոթանալով նրա մասին պատմող գրականությանը, շատ բան եմ իմանում նրա նամակներից ու գրառումներից: Այնուամենայնիվ, ինձ բախտ վիճակված այդ փոքր ժամանակահատվածը թողեց իր հետքը: Մեր ընտանիքն առանձնանում էր իր յուրահատուկ մթնոլորտով: Շատ հազվադեպ էր ձանձրալի լինում. աղմկոտ, արտիստիկ ընտանիքը չէր մնում պարապ, առանց զվարճանքի: Երեկոները, երբ պապս ազատ էր լինում, հաճախ էր իր թոռներին ու հարեւանի ոչ քիչ երեխաներին իր «Զիմ» մեքենայով տանում քաղաքից դուրս: Ղեկին նրա անձնական վարորդն էր՝ ֆրանսահայ Ժակը: Պապիկի ուշադրությունն ու բարությունը ուրիշների, նույնիսկ անծանոթների նկատմամբ անսահման էր: Իրենց կյանքի ընթացքում նա եւ կինը բազմիցս օգնության ձեռք են մեկնել մարդկանց: Կրասնոդարում ապրած ժամանակ մանկատնից տղա են որդեգրել, որի որդու հետ ես հիմա կապ եմ պահում Ֆեյսբուքում եւ անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը: Երեւան տեղափոխվելուց հետո նա որդեգրել է մի աղջկա, որի ծնողներին՝ ծագումով Շուշիից, համարել էին «ժողովրդի թշնամիներ»: Աղջիկը գիշերում էր «Կինոպրոկատ» հաստատության կինոմեխանիկի խցիկում, որտեղ էլ նրան գտել է տատիկս: Մորաքույր Ռիտան, ինչպես նրան հետագայում անվանեցին, մնաց մեր մտերիմը մինչեւ իր մահը:
Շուշին մեր ընտանիքի համար առանձին թեմա էր: Պապս ծնվել է այս, մինչ օրս աղմկահարույց քաղաքում: Պապիկիս «Ընկերներս, բարեկամներս եւ ես» գրքի շնորհիվ (ցավոք, չի վերահրատարակվել կամ թարգմանվել) ես մեծ հաճույքով ծանոթացա մինչեւ 1919 թվականը Շուշի քաղաքում ապրած ամենատարբեր մարդկանց ապրելակերպին, սովորույթներին: Չարաբաստիկ կոտորածներն ուղղակիորեն ազդեցին պապիկի ընտանիքի վրա. նրա հորը խոստացել են մի քիչ ոսկու դիմաց խնայել կյանքը, սակայն արդյունքում նետել են ջրհորը նրա իսկ տան, որն այրվել է այն ժամանակվա համար անսովոր գեղեցիկ քաղաքի մյուս ձյունաճերմակ տների հետ միասին: Ընտանիքում այս ողբերգության մասին քիչ է խոսվել, փորձել են լռել… Ինձ թվում է, որ մեծ վիշտ ապրելով հանդերձ՝ պապիկն ընդգծված կարեկցանք է ապրել իր տեսակի հանդեպ: Եվ, այդուհանդերձ, նա չի կորցրել կենսունակության ու սիրո զգացումը: Հիշում եմ մեր ընտանիքի սիրառատ մթնոլորտը, եւ զարմանալի չէ, որ իմ նախնիների սիրահար զույգերի սերը, ինչպես նաեւ փոխադարձ սերը երեխաների հանդեպ, ստեղծել են այդ անմոռանալի իրավիճակը: Այսօր դա հազվադեպ երեւույթ է:
Հայրական տատիկս՝ Աղավնին, որոշ ժամանակ պապիկի հետ հանդես է եկել բեմում, սակայն դերասանուհի չի դարձել: Նա չէր թաքցնում իր ուրախությունը եւ ավելին` հիանում էր ամուսնու յուրաքանչյուր հաջողությամբ: Մահվան անկողնում, արդեն գիտակցելով, որ բժիշկներին չի հաջողվի փրկել իր կյանքը, Վաղարշ Վաղարշյանը շնորհակալություն է հայտնել կնոջը՝ իր կյանքում նրա ներկայության համար եւ ասել է. «Եթե դու չլինեիր, ես չէի դառնա այն, ինչ որ եմ»…
Մայրս՝ Եկատերինա Սաղաթելյանը, Հայաստանի առաջին տավղահարուհին էր. ավարտել էր Մոսկվայի կոնսերվատորիան, աշակերտել հայտնի տավղահարուհի Քսենյա Էրդելիին: Նրա ծանրաբեռնվածությունը շատ էր. նա ոչ միայն նվագում էր սիմֆոնիկ նվագախմբում, այլեւ դասավանդում Երեւանի կոնսերվատորիայում՝ տավղի դասարանում կադրեր պատրաստելու համար: Ուստի նա շատ հաճախ էր բացակայում տնից՝ միաժամանակ մնալով սիրող կին եւ աներեւակայելի հոգատար մայր իմ եւ մեծ եղբորս՝ Վաղարշիկի համար:
Հորս՝ կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի ուղին, բնավ հեշտ չի եղել: Աշխատել եւ ստեղծագործել մի երկրում, որտեղ արվեստը գաղափարախոսության հիմնական գործիքն էր եւ որտեղ ստիպում էին ամեն ինչով ենթարկվել դրան, պարզվեց, որ անհամապատասխան էր նրա ընկալումներին ու աշխարհայացքին: Այդ իսկ պատճառով նրա ստեղծած մի քանի ֆիլմեր դրվեցին «դարակի վրա»: Այնուհետեւ կուսակցությունը եւ նրա ղեկավարությունը ստիպեցին նրան դառնալ «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, ինչի արդյունքում նա Հայաստան հրավիրեց Սերգեյ Փարաջանովին, եւ նրա աջակցության շնորհիվ նկարահանվեց «Նռան գույնը» կինոնկարը: Հորս նախաձեռնությամբ ֆիլմի քննարկմանը հրավիրել էին արվեստի հեղինակությունների, քանի որ «Նռան գույնը» վախեցրել եւ վրդովեցրել էր կուսակցականներին, եւ ֆիլմը փակվելու շեմին էր. այն պարզապես կարող էր արգելվել: Սակայն Մարտիրոս Սարյանի եւ մյուսների դրական կարծիքն ազդեց վերջնական որոշման վրա: Պաշտոնյաներից մեկը չդիմացավ ու ասաց՝ ամեն ինչում Վաղարշյանն է մեղավոր: Իր գրառումներում հայրիկը հպարտացել է. «Ինձ ավելի լավ գովասանք ոչ էլ պետք է»: Պարզվեց, որ նա ճիշտ է. Փարաջանովի անունը եւ Սայաթ-Նովայի մասին նրա ֆիլմը հայտնի են ամբողջ աշխարհում: Իսկ երբ հայրս թողել է իր պաշտոնը՝ Փարաջանովին ոչ ոք Հայաստան չի հրավիրել:
Ինչ վերաբերում է իր զավակներին եւ միգուցե՝ ողջ ընտանիքին, հայրս փորձում էր մեզ պաշտպանել վատ տեղեկատվությունից, ավելին, փորձում էր տան մթնոլորտը հիմնականում դրական պահել: Եվ սերը միշտ հաղթում էր…
–Նման նախնիների շնորհիվ դուք մանկուց շփվել եք բազմաթիվ ականավոր արվեստագետների հետ: Ես տեսնում եմ, որ ձեր պապի եւ ձեր դիմանկարները ստեղծել է նույն ինքը՝ Մարտիրոս Սարյանը: Ուրի՞շ ովքեր են եղել ձեր շրջապատում…
-Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայի վրայի դերասանի տանը գտնվող մեր բնակարան այցելած հայտնի մարդկանց (որոնց ես անձամբ հիշում եմ) ցանկը շատ երկար է: Մեր մուտքում էին ապրում Հրաչյա Ներսիսյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Ավետիսյանը, Շարա Տալյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, մեր բակում էին ապրում բազմաթիվ արժանավոր մարդիկ: Մեր ընտանիքում հաճախ էին կազմակերպվում զվարճալի, սրամիտ եւ հետաքրքրական հավաքույթներ: Շատ տարբեր հյուրեր էին գալիս. հիշում եմ ամենապայծառներին կամ ինձ դուր եկածներին: Սուրեն Քոչարյանն ինձ ապշեցրեց իր ձայնով, արտիստականությամբ եւ ամենակարեւորը՝ հիշողությամբ. կարող էր անդադար պոեզիա արտասանել: Լեոնիդ Ենգիբարյանն իր բարդ հնարքները ցույց էր տալիս հենց սենյակում. հիշում եմ նրա համեստությունը: Վալենտին Պոդպոմոգովը հումորի մեծ զգացում ուներ եւ իր կատակներով զվարճացնում էր մարդկանց:
Մարտիրոս Սարյանը մեր ընտանիքի հարգված արվեստագետներից էր: Հայրիկն ինձ հաճախ էր տանում նրա տուն, որտեղ մեզ համար առավել հետաքրքրական էր նրա արվեստանոցն այցելելը: Հայրիկն ասում էր, որ Մարտիրոս Սերգեեւիչի ստեղծած Սերգեյ Էյզենշտեյնի դիմանկարն իրեն հաջողվել է փրկել հեղինակի դժգոհության պահին: Հետագայում Սարյանի գրառումներում կարդացի, որ նկարչին չէր հաջողվում ամբողջացնել դիմանկարը, այդ իսկ պատճառով, ըստ երեւույթին, Սարյանը հեշտությամբ նկարը փոխանցել է հայրիկիս: Այս նկարը կախված էր մեր տանը մինչեւ չարաբաստիկ 90-ականները: Վստահ եմ, որ այն նույնպես ազդել է գույնի իմ ընկալման վրա: Այդ ժամանակահատվածում է հայրիկը Մարտիրոս Սերգեեւիչին խնդրել ստեղծել իմ դիմանկարը: Շատ վառ ու անմոռանալի հիշողություններ ունեմ այն րոպեներից, երբ բնորդում էի մեծ վարպետի համար: Զարմանալիորեն, այն ժամանակ դիմանկարի աղջիկն ինձնից փոքր-ինչ մեծ էի թվում, բայց ես ինձ ճանաչում եմ այդ կտավում, քանի որ այդպիսին դարձա ավելի ուշ: Դիմանկարն այժմ թանգարանում է:
–Խոսենք ձեր ստեղծագործության մասին: Հայ գեղանկարչության մեջ վառ գույներով ոչ ոքի չես զարմացնի, բայց կարծես թե ձեզ հաջողվում է… Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել ձեր աշխատանքում՝ որպես արվեստագետ եւ որպես կին:
-Ինձ միշտ թվում էր, որ երբեք չեմ կարողանա զբաղվել արվեստով: Ապրելով բավական հայտնի եւ կայացած մարդկանց մեջ՝ ես տեսնում եւ նկատում էի այնքան շատ բաներ, որոնք ուղղակի անհնար էին դարձնում՝ տեսնելու ինձ նրանց մեջ: Նախ՝ անհավատալի նվիրում, բարձրագույն կրթվածություն. օրինակ՝ հայրիկն անգիր գիտեր տարբեր հեղինակների վիպերգեր, բանաստեղծություններ, նա բացառիկ հիշողություն ուներ, գրում էր, նկարում, միաժամանակ զբաղվում էր մարմնամարզությամբ (մարմնի գեղագիտությունը նրան պակաս չէր հետաքրքրում), միշտ տեղյակ էր աշխարհի անցուդարձից, եւ այս ամենը՝ որպես բեմադրիչ եւ հասարակական գործիչ իր աշխատանքի ֆոնին: Իսկ այս ամենի ֆոնին ես ոչ ոք էի…
Չեխովի անվան դպրոցում սովորելիս հիմնականում ժամանակս հատկացնում էի սովորելուն, երաժշտությանը, սպորտին, անգլերենի մասնավոր պարապմունքներին: Իններորդ դասարանում հայրս ինձ հիշեցրեց նկարելու մասին: Նրա որոշումը, որ ես ստանամ բարձրագույն նկարչական կրթություն, քննարկման ենթակա չէր: Ես դա հասկացա եւ, թաքցնելով այդ պահին հայտնված արցունքները (ավա՜ղ, ո՛չ երջանկության)՝ արժանապատվորեն ընդունեցի այս անակնկալը: Այդ պահին նկարելս զրոյական էր, իսկ մեկ տարում ամեն ինչին հասնելն ինձ աներեւակայելի էր թվում: Իհարկե, մանուկ հասակում միշտ հորս նկարակալին յուղաներկով նկարել եմ, սիրում էի մռութներ նկարել, ինչպես բոլոր երեխաները: Բայց ինչ-որ կերպ մտքովս չի անցել երազել այս մասնագիտությունը: Ես երազում էի դառնալ հնագետ, հիպնոսացնող կամ վատագույն դեպքում՝ ֆիզիկոս (ծիծաղում է):
Ի վերջո, համակերպվելով իմ անսպասելի ճակատագրական իրավիճակին, սկսեցի հաճախել նկարչության դասընթացների: Նկարչուհի Անյա Պարոնյանը գերազանց է կատարել իր պարտականությունները. բոլոր ուսանողները նկարել են նույն կերպ եւ, բնականաբար՝ ոչ հետաքրքիր: Եվ այնուամենայնիվ, մեկ տարի նրա արվեստանոց այցելելու շնորհիվ ես հանձնեցի բոլոր քննությունները: Ընդունվեցի Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը՝ վստահ լինելով, որ չեմ կարող մրցել Փանոս Թերլեմեզյանի անվան արվեստի դպրոցի շրջանավարտների հետ, որոնք քննություններ էին հանձնում գեղանկարչության բաժին ընդունվելու համար: Դիզայնի բաժինը դեռ սկզբնական փուլում էր, մասնագետները շատ չէին, բայց ուսուցիչների մեջ շատ ավելի արվեստագետներ կային: Մեր կուրսում կային 20-25 ուսանող, աղջիկներս միայն երեքն էինք: Երեք խումբ՝ յուրաքանչյուրում մեկական: Իմ խմբում կային նաեւ արվեստի դպրոցի շրջանավարտներ, որոնք սկզբում շատ հաճախ օգնում էին ինձ եւ հաղորդում իրենց հմտությունները: Ես սովորում էի առանց մեծ հետաքրքրության. այդ աշխարհն ինձ համար շատ նոր էր, շատ բան անհասկանալի էր, եւ ամեն ինչ անում էի առանց մեծ ոգեւորության: Այդ աշխարհը ճեղքվեց միայն վերջին տարիներին՝ շնորհիվ ռեժիսուրայի բաժնի մի ուսանողուհու, որն ինձ տվեց իր հոր՝ հայտնի մի նկարչի գործիքները՝ թանաքով գրիչ եւ փետուր: Դրանցով կատարած իմ առաջին էսքիզները զարմացրին ինձ: Ավելի ուշ պապիկիս հուշերից իմացա, որ Թիֆլիսի առեւտրային միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է Բաքվի նավթահանքերում որպես գծագրիչ: Ահա թե ինչպես գենետիկորեն ինձ հասավ իմ նախնիների կանչը՝ հետապնդելու իմ սկզբնական ստեղծագործական կյանքը: Ես արժանացա գերազանցության դիպլոմի, այնպես որ իմ վերաբերյալ հորս բնազդը ճիշտ է եղել:
Իսկ ինչպե՞ս կարողացա հաղթահարել գենդերային խնդիրները… Պատանեկությանս տարիներին, իհարկե, պաշտպանել եմ իմ «իրավունքները», բայց կամաց-կամաց իմաստությունը եկավ (ծիծաղում է): Կարծում եմ՝ շատ կարեւոր է, կին մնալով հանդերձ, չմրցակցել հակառակ սեռի հետ: Գլխավորը՝ ճանաչել մեր տարբերությունները թե՛ աշխարհայացքների, թե՛ ընկալումների մեջ: Համապատասխանաբար, ոչ թե մրցակցությունը, այլ խաղաղ գոյակցությունը կբարելավի ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց անձնական զարգացումը:
Այո՛, կար ժամանակ, երբ ես կասկածում էի մասնագիտությանս ճիշտ ընտրությանը. չէ՞ որ կարծիք կա, որ չկան մեծ նկարչուհիներ: Ժամանակին ինձ ինչ-որ ձեւով աջակցեց երգչուհի Մելանյա Աբովյանը՝ համեմատելով մեր մասնագիտությունները. մի՞թե երգչուհիներն իսկապես զիջում են երգիչներին: Սա նշանակում է, որ մենք երկուսս էլ ծառայում ենք արվեստին, պարզապես՝ տարբեր ձեւերով: Ես շատ շնորհակալ էի նրան այդ հուշման համար:
–Դուք աշխատել եք հայկական անիմացիայի ասպարեզում մի ժամանակաշրջանում, երբ այն ստիպեց իր մասին խոսել: Կարծում եմ, որ աշխատանքն անիմացիայում ազդել է ձեր ոճի վրա:
-Ինստիտուտն ավարտելուց հետո ինձ աշխատանքի նշանակեցին Տեխնիկական գեղագիտության գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես վկայագրված դիզայներ: Բայց ես չկարողացա զբաղվել այդ ձանձրալի, իսկական արդյունաբերական դիզայնի հետ կապ ունեցող աշխատանքով: Իմ թեզն, ի դեպ, աչքի է ընկել իր նորությամբ եւ ոչ ավանդական մտածողությամբ, այն ցուցադրվել է ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում եւ արժանացել է դիպլոմի: Իսկ այդ աշխատանքում ինձ պարտադրում էին ձեռնարկության պլանը տրված թեմաներով՝ առանց ստեղծագործականության եւ մտքի թռիչքի:
Միաժամանակ սկսեցի հետաքրքրվել հայկական անիմացիայով, որը հաճախ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ: Եվ քանի որ մանուկ հասակում սիրում էի թերթել տարբեր երկրների նկարիչների ծաղրանկարներով գրքեր եւ փորձել եմ նման բան նկարել, ուստի, բնականաբար, անիմացիայի հանդեպ իմ հետաքրքրությունը պատահական չէր: Հայրս պահում էր իմ այդ գծանկարները, ինչպես նաեւ շրջանակում էր իր հավանածները: Մինչ օրս մեր բնակարանի պատից կախված է իմ մանկության աշխատանքներից մեկը: Ի միջի այլոց, կրկին իմ երջանիկ մանկությունից հիշում եմ ռեժիսորական փորձերս իմ խաղընկերների հետ: Ինքնաբերաբար ստեղծվող դիպաշարը, երկխոսությունները, հագուստների աշխատանքը՝ ստեղծագործական երեւակայության այս բոլոր պոռթկումները մարմնավորվեցին անիմացիայում աշխատանքիս ընթացքում: Ես երախտագիտությամբ եւ հաճույքով եմ հիշում իմ կյանքի այդ շրջանը՝ այն ինձ սովորեցրեց աշխատասիրություն եւ ստեղծագործ մտքի կենտրոնացում: Եվ այո՛, ես սկզբունքորեն դարձա բոլորովին այլ նկարիչ: Իմ նկարաշարը, որտեղ գծանկարչությունը միաձուլվում է «ֆիլմի տեսլականի» հետ, հավանում էին ամենուր, որտեղ ցուցադրում էի: Բախտս շատ բերեց՝ մի քանի անհատական ցուցահանդես ունեցա Եվրոպայում, որտեղ էլ, սկզբունքորեն, հաստատեցի ինձ: Ցուցահանդեսները ոչ միայն փորձություն են, այլեւ արվեստագետի սեփական աճը: Իհարկե, անմիջապես պարզ չէր, թե դա ի՛նչ «նորություն» էր, նույնիսկ ինձ համար: Իմ նպատակը ոչ մեկին նման չլինելն էր, բայց ո՞ր արվեստագետը չի ուզում ունենալ իր լեզուն: Չգիտեմ՝ կարողացա՞ արդյոք դրան հասնել:
–Կարծում եմ՝ ակնհայտ է, որ հասել եք: Իսկ ի՞նչ կարծիքի եք, 21-րդ դարի Հայաստանում հնարավո՞ր է ապրել միայն արվեստագետի աշխատանքով:
-Իհա՛րկե հնարավոր է: Եվ պետք է ապրել հե՛նց Հայաստանում: Եթե մտածել միայն հարմարավետության տեսանկյունից՝ ապա այս հարցն ինձ համար չէ: Երջանկությունը շատ բաղադրիչներ է պարունակում: Ուրախ եմ, որ իմ նկարները հասանելի են տարբեր երկրներում, ինչպես նաեւ ուրախ եմ, որ Երեւանում շատ ընտանիքներ ձեռք են բերել իմ գործերը:
–Իսկ գո՞հ եք, որ ձեր դուստրը՝ Լիլիթ Վաղարշյանը, նույնպես նկարչուհի է դարձել:
-Ես միշտ քրտնաջան աշխատում եմ եւ, կարծում եմ, վարակում եմ շրջապատիս, այդ թվում՝ իմ տաղանդավոր աղջկան: Այո՛, շատ ուրախ եմ, որ Լիլիթն անում է այն, ինչ իրեն ուրախացնում է: Իսկ սա ամենակարեւորն է…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ