Ստորեւ ներկայացնում ենք ֆրանսիական «Լա Պրովանս» պարբերականի հունվարի 5-ի համարում լույս տեսած Մալիք Թեֆաի-Ռիշարի «Էքս-ան-Պրովանս. «Բարեկամություն» պետական պարախումբը հրավիրվել է ստեղծագործելու Պրելժոկաժի երիտասարդական բալետային խմբի հետ «Պավիյոն Նուարում»» հոդվածը, որի ենթավերնագիրն է՝ ««Բարեկամություն» պետական համույթի եւ Պրելժոկաժի երիտասադական բալետային խմբի նոր սկսվող համագործակցությունը նպատակ ունի պարի միջոցով կամուրջ ստեղծել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ»:
Գրեթե մեկուկես ժամ տեւողությամբ ինքնատիպ պարային ստեղծագործություն, Պրելժոկաժի երիտասադական բալետի խմբի տասներկու եւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի «Բարեկամություն» պետական համույթի տասներկու պարողների կատարմամբ. այդ ամենը՝ Երեւանի «Բարեկամություն» համույթի պարադիր, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար մենակատար Արսեն Մեհրաբյանի ղեկավարությամբ: Կներկայացվի թե՛ Երեւանում, թե՛ Էքս-ան-Պրովանսում:
Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության ֆոնին, անշուշտ, խիստ քաղաքական այս գայթակղիչ նախաձեռնությունը ծագել է Մարսելի «Ֆրանսիայի հայ երիտասարդության» (JAF) «Արաքս» համույթի գեղարվեստական ղեկավար Պասկալ Շամասյանի մտքում. «Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն ունի պարային շատ կայուն ավանդույթ՝ ուժեղ դասական հիմքով եւ շատ միաձույլ»,- բացատրում է նա, որը միջնորդ դարձավ հայ պարադիրի, կառավարման մարմինների եւ Էքս-ան-Պրովանսի «Պավիյոն Նուար» թատրոնի միջեւ՝ այս գեղեցիկ նախաձեռնությունն իրագործելու համար:
«Տղամարդկանց կատարման մեջ առկա են շատ ճկունություն եւ արագություն, կանանց պարագայում դրանք ավելի զգայելի են, սակայն երկու դեպքում էլ այդ կատարումները շատ ռիթմային են, համաժամանակյա ու տպավորիչ: Այս ծրագիրը նաեւ հնարավորություն է հայ պարողների համար՝ դուրս գալու իրենց երկրի սահմաններից՝ միջազգային ասպարեզում տեսանելիություն եւ գնահատական ձեռք բերելու համար: Առանց նման առիթների՝ նրանցից շատերը ստիպված են լինում արտագաղթել կամ համաձայնել պատահական աշխատանքի»:
Դիվանագիտական փափուկ ուժ
Պասկալ Շամասյանն իր գաղափարի մասին երկու խոսքով տեղեկացրել է Անն–Լորանս Պետելին: Վերջինս քաղաքային ընդդիմության անդամ է, Ազգային ժողովի պատգամավոր («Ռենեսանս» կուսակցություն) եւ «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամություն խորհրդարանական խմբակցության նախագահ: Ես հոկտեմբերին այդ մասին խոսել եմ Մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հետ Հայաստան կատարած այցելության ժամանակ, եւ նա հայտնեց, որ կաջակցի այդ նախաձեռնությանը 2024 թվականի տոնակատարությունների շրջանակներում առավել պատրաստ մշակութային նախագծերի շարքում,- ամփոփեց Անն-Լորանս Պետելը:- Սա իմ փոքրիկ ներդրումն է՝ որպես բարեկամության խմբակցության նախագահ եւ սա նաեւ դիվանագիտական փափուկ ուժի դրսեւորման մաս է, քանի որ Հայաստանն այսօր գտնվում է կրկին գլուխ բարձրացնող կայսրությունների՝ լինի Ռուսաստանը, թե Թուրքիան, լարվածության կենտրոնում»:
Քարտ Բլանշ
Ծրագրի գեղարվեստական մասով Արսեն Մեհրաբյանը ստացավ քարտ բլանշ եւ որոշեց բեմադրել ներկայացում Սերգեյ Փարաջանովի (1924-1990) մասին, որը համարվում է հայ (այն ժամանակ՝ ԽՍՀՄ) ամենամեծ կինոռեժիսորը եւ որի ծննդյան հարյուրամյակը պիտի տոնվի: «Մենք կներկայացնենք բեմադրություն այդ եզակի, յուրահատուկ մարդու մասին, որին ԽՍՀՄ-ը մի քանի անգամ դատապարտել ու կալանավորել է նրա արվեստի համար,- անգլերեն լեզվով բացատրեց պարադիրը:- Մենք կանդրադառնանք նրա թե՛ անձնական կյանքին, թե՛ ստեղծագործությանը՝ ցուցադրելով հատվածներ նրա ֆիլմերից՝ համադրելով ավանդական եւ շատ մոդեռն հնարանքներ: Պարից անդին, դա կլինի Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ կապերի նշանավորում՝ տարբեր երկրների երկու պարախմբերի համագործակցությամբ, ինչը շատ մարտահրավերային է»: Իր հերթին, Պրելժոկաժի երիտասադական բալետի գեղարվեստական ղեկավար եւ «Պավիյոն Նուարում» ծրագրի համադրող Գիյոմ Սիարը չի թաքցնում իր ոգեւորությունը. «Մենք շատ ենք ուզում հանդիպել պարի այլ մշակույթների: Պրելժոկաժ երիտասադական բալետի պարողների համար, ովքեր հազիվ 20 տարեկան են, Երեւան գնալը հիանալի առիթ է»: Նախաձեռնությունն իրագործելու համար կարիք կլինի օժանդակության համար դիմել Մշակույթի հարցերով տարածքային տնօրենությանը, տարածքային, տեղական եւ քաղաքային վարչական մարմիններին: Օրացույցն առայժմ վերջնականապես հաստատված չէ, սակայն Պրելժոկաժի երիտասարդական բալետի պարողների լսումները կսկսվեն թերեւս փետրվարին: Ապա սեպտեմբերին Արսեն Մեհրաբյանը երկու-երեք շաբաթով կգա «Պավիյոն Նուար», իսկ երիտասադական բալետի պարողներն իրենց հերթին հոկտեմբերին երեք շաբաթով կմեկնեն Հայաստան, ինչից անմիջապես հետո էլ տեղի կունենա ներկայացումը Երեւանի օպերայի եւ բալետի պետական թատրոնում: Իսկ Էքս-ան-Պրովանսում այն հավանաբար կնախատեսվի «Պավիյոն Նուարում» 2025 թվականի սկզբին:
«Սերգեյ Փարաջանովի մեծարումից բացի- հիշեցնում է պատգամավորը,- 2024 թվականը կնշանավորվի Հայաստանի համար Ֆրանսիայում նախատեսված միջոցառումներով. նախ փետրվարի 24-ին՝ ազգությամբ հայ ֆրանսիական Դիմադրության մարտիկներ Միսաք եւ Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը Փարիզի Պանթեոնում: Ապա Ֆրանսիայի ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունը՝ մայիսի 25-ին»:
Ֆրանսերենից թարգմանությունը՝ ԱՐՈՒՍՅԱԿ ԳՐԻՆՈ-ԲԱԽՉԻՆՅԱՆԻ
Լուսանկարում` Պրելժոկաժի երիտասադական բալետի գեղարվեստական ղեկավար եւ ծրագրի համադրող Գիյոմ Սիարը եւ Երեւանի Բարեկամություն համույթի պարադիր, Շվեդիայի թագավորական բալետի նախկին առաջատար մենակատար Արսեն Մեհրաբյանը: