Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հայտարարություն. Կլոր սեղան. «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը»

Հայաստանի Հայկական Ժողովրդային Շարժում ՀԿ-ի ներկայացուցիչ Վազգեն Պետրոսյանը, ԿԱՄՔ ՀԿ-ի ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, հասարակական գործիչներ Նարե Նավասարդյանը,  Արման Մխիթարյանը, «ԱԶԳ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և «ԶԱՐԹՕՆՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նախորդ շաբաթ խորհրդակցություն էին անցկացրել՝ քննարկելու ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» ապազգային բովանդակությամբ դասագրքի մերժմանն ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկելու միջոցառումները։

Ազգային այս կարևոր խնդրի վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելու համար հունվարի 24-ին՝ չորեքշաբթի,  ժամը 14:00-ին, Երևանի Թեքեյան Կենտրոնի սրահում (հասցե՝ Խանջյան 50) տեղի կունենա  հանդիպում:

Կլոր սեղանին ելույթներով կմասնակցեն Կարո Վարդանյանը («Պատմության խեղաթյուրումը՝  որպես ազգային անվտանգությանն սպառնացող վտանգ»), Կարինե Նալչաջյանը («Պղծված  դասագրքի հոգեբանական որոգայթները») եւ Կարին Տոնոյանը («Պատմության խեղաթյուրման ազդեցությունը ապագա սերունդների վրա»):

 Ողջույնի խոսքով հանդես կգան փաստաբան Արա Զոհրաբյանը եւ ուրիշներ: Կլոր սեղանը կվարի Հակոբ Ավետիքյանը:

Հանդիպման ավարտին  նախաձեռնող մարմինը կհայտարարի առաջիկա գործողությունների ծրագիրը:

Հանդիպմանը հրավիրված են այս հիմնախնդրով մտահոգ մարդիկ, ինչպես նաեւ  ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնցից ակնկալում ենք  միջոցառման լուսաբանում։