Նիկոլ Փաշինյանը քպ-ականների հետ վերջին հանդիպման ժամանակ ակնարկեց, որ պետք է «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխել և դարձնել «Հայաստանի պատմություն»։
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունն, իհարկե, չէր կարող նրա հրահանգը չկատարել։ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխել «Հայաստանի պատմություն» անվամբ։
Նախագիծը շրջանառվել է Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում։
«33-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված է, որ «Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,- նշված է նախագծի հակիրճ բնութագրի մեջ։