Նյու Յորքի երկու բնակիչ դատի են տվել աշխարհահռչակ երգչուհի Մադոննային՝ համերգը նախատեսվածից երկու ժամ ուշ սկսելու համար. հայտնում է «The Guardian»-ը։
Թերթը գրում է, որ երգչուհու՝ դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած համերգը պետք է սկսվեր 20:30-ին, այնինչ աստղը բեմ է բարձրացել 22:30-ից հետո։
«Համերգն ավարտվել է կեսգիշերն անց՝ ժամը 1-ից հետո։ Հայցորդ-երկրպագուները հայցի մեջ ներկայացրել են, որ չեն կարողացել օգտվել հասարակական տրանսպորտից ու ստիպված են եղել հավելյալ գումար ծախսել տաքսիների վրա։ Ընդգծել են նաեւ, որ հաջորդ օրը պետք է շուտ արթնանային»,- տեղեկացնում է պարբերականը։
Հանդիսատեսը հայցեր է ներկայացրել ոչ միայն Մադոննայի, այլեւ «Barclays Center»-ի, որտեղ տեղի է ունեցել համերգը, եւ «Live Nation» ընկերության դեմ, որը կազմակերպել է միջոցառումը։
Պահանջվող փոխհատուցման չափի մասին ոչինչ չի նշվում։
Ս․Վ․