Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են, և սա Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է: Երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ. «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Պատմականորեն մեզ կապող շատ բաներ կան: Ավելորդ է նշել, թե ինչն է կապում մեր ժողովուրդներին բազմադարյա պատմության ընթացքում։
Ես համոզված եմ, որ երկու պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներն ամուր հիմք են, որը մեր հարաբերություններն ավելի է ամրացնում: Համոզված եմ նաև, որ հիմնական պարամետրերի առումով մեր ռազմավարական շահերը նույնպես օբյեկտիվորեն համընկնում են, դա կրկին ապացուցել է թե՛ հին, թե՛ ժամանակակից պատմությունը։ Ուստի, կարծում եմ, միանգամայն ճիշտ է, որ ռուսական կողմը հստակ նշում է, որ մեր հարաբերությունները, չնայած բոլոր խնդիրներին, որոշ թյուրիմացություններին, արտաքին խաղացողների փորձերին՝ ճեղքեր ստեղծել մեր հարաբերությունների միջև՝ ելնելով իրենց պատեհապաշտական, աշխարհաքաղաքական շահերից, պահպանում են իրենց դաշնակցային, ռազմավարական բնույթը»,- ասել է Կոպիրկինը։