Իրանն իր անվտանգության հետ կապված կոնկրետ շահեր ունի, և Հայաստանն այդ առումով նրա համար շատ կարևոր է. Դանիելյան

Իրանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, մինչդեռ Հայաստանը չի հասկանում՝ ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, չի վարում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի այն հայտարարությանը, որ Իրանը ցանկանում է Հայաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ ունենալ։
Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանն առհասարակ արտաքին քաղաքականություն չունի՝ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ կարճաժամկետ, և ՀՀ իշխանություններն զուտ պահի քաղաքականություն են վարում՝ ելնելով այս կամ այն իրավիճակից, մեկ-երկու օրվա կտրվածքով։
«Իսկ Իրանն իր անվտանգության հետ կապված շատ կոնկրետ շահեր ունի, և Հայաստանն այդ առումով նրա համար շատ կարևոր է։ Ընդ որում՝ Իրանն արդեն չի նայում այն բանին, թե Հայաստանում ովքեր են եկել իշխանության, ինչ են նրանք անում։ Իրանը Հայաստանին ուղղակի դիտում է որպես տարածք, որն իր անվտանգության համար կարևոր է։ Սա է ամբողջը»,- ասաց Ստեփան Դանիելյանը։
Վերլուծաբանը շեշտեց՝ Հայաստանում չկա կառավարություն, որը հասկանալի քաղաքականություն կվարի կամ կհասկանա՝ ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան։
«Իրանն, իր շահերից ելնելով, գոնե այս պահին թույլ չի տալիս, որ Թուրքիան և Ադրբեջանը հարձակում գործեն Հայաստանի տարածքի վրա։ Իհարկե, ես չեմ կարող ասել, թե այս իրավիճակը որքան կձգվի, որովհետև ամեն օր աշխարհում մի նոր բան է խառնվում, նոր պատերազմ է սկսվում։
Բայց որ Իրանը զսպիչ գործոն է, որը Թուրքիային և Ադրբեջանին հետ է պահում Հայաստանի վրա հարձակվելուց, ակնհայտ է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին այսօր խորհրդարանում ասել է՝ Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում։
Նա ընդգծել է նաև տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարևորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:
«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:
