Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ամառային համազգեստի կտորը փոխելու համար Կառավարությունը հատկացնում է 57,5 միլիոն դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Տաբատ՝ կիսաբամբակյա ամառային» և «Շապիկ ուսադիրներով ամառային» անվանումներով համազգեստը ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացվում է տարեկան մեկ հատ, որն, ամենօրյա ռեժիմով կրելու դեպքում, շուտ է շարքից դուրս գալիս։ Միաժամանակ, անձնակազմը չունի փոխարինող համազգեստ:
Ներկայացվող նախագծով նախատեսվում է ոստիկանության զորքերի ամառային համազգեստը ձեռք բերել այնպիսի բաղադրությամբ կտորից, որը կապահովի համազգեստի կրման հարմարավետություն և տեսքի պահպանման երկարակեցություն, ինչպես նաև փոխարինող համազգեստ ունենալու պարագայում կպահպանվեն հիգիենայի կանոնները։
Հասարակական կարգի պահպանության ստորաբաժանումները նույնպես կապահովվեն համապատասխան համազգեստի տեսակով, որը հարմարավետ կդարձնի նրանց ծառայողամարտական գործունեության իրականացումը՝ հատկացվող անհրաժեշտ զենքի, հատուկ միջոցների և անհրաժեշտ պարագաների ծառայության ընթացքում կրման ժամանակ: