Հետախուզությունը արդարացնում է իր գոյությունը եւ իր վրա ծախսվող հսկայական գումարները պետական բյուջեիցՙ պարզապես տեղեկատվություն մատուցելով: Տեղեկատվությունը դա հենց հետախուզության «մաքուր եկամուտն է», որը հայթայթվում եւ մատակարարվում է պետական մարմիններին: Այդ տեղեկատվության մեջ կարող են լինել փաստեր, իրադարձություններ, գաղտնիքներ (սկսած ռազմականից վերջացրած սոցիալ-տնտեսականով), անցած գնացած պատմություններ, սպասվող իրավիճակներ, գիտական ասպարեզի նորույթներ եւ հայտնագործություններ, ստեր, ապատեեկատվություններ, «օդում կախված լուրեր» եւ այլն, եւ այլն: Եվ նշված «տեղեկատվական ջունգլիներում» ոչ մի բան արժեք չունի, մինչեւ որ ինֆորմացիայի հետ աշխատող ստորաբաժանումները եւ անձինք չբացահայտեն այդ փաստերի էությունը, միտքը, շղթայական կապը, մոտիվացիան, հետեւաքները… եւ այլն: Գլխավորը ճիշտ սկզբունքներով համեմատեն այդ փաստերը այլ աղբյուրներից ձեռք բերված տեղեկատվության հետ եւ ստանան հնարավորինս «պարզ պատկերներ»: Միայն այս կտրվածքով «հետախուզության մթերքը» (տեղեկատվությունը) կարող է մատչելի լինել այն սպառողի (օգտագործողի) համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում հետախուզության գործունեությունը ստորադասվում է դաշնային կառավարության այն մարմիններին, որոնք մշակում են պետության քաղաքականությունըՙ ներքին եւ արտաքին: Օրինակ, որպես տեղեկատվություն սպառող ԱՄՆ-ում կարող են հանդես գալ Զինված ուժերը, Պետական դեպարտամենտը, Ազգային անվտանգության խորհուրդը, երկրի նախագահը:
Խորհրդային Միության (իր գոյության ընթացքում) հետախուզությունը, ինչպես եւ պետության մյուս բոլոր ենթակառույցներն ու դրանց օղակները ենթարկվում էին եւ պատկանում էին Կոմունիստական կուսակցությանը: Ընդ որում, այդ հետախուզությունը տարածվում եւ տարածում էր շոշափուկները եւ երկրի ներսում, եւ արտասահմանում:
Չկան օրեքներ, որոնք պետք է սահմանափակեն հետախուզության աշխատանքը, իսկ եթե կան, դա ծիծաղելի է, ի՞նչ օրենք, եթե դու աշխատում ես այլ պետության տարածքում եւ հայթայթում ես (կարելի է օգտագործել նաեւ «գողանում ես» բառը) այնտեղ քո երկրի համար պիտանի «մթերք»:
Հայերը, ինչպես Խորհրդային Միությունում (իհարկե եւ Հայաստանում) այնպես էլ ամբողջ Սփյուռքում, ուզեին, թե չուզեին, կամովին թե ակամա առնչվում էին այդ հզոր «մեքենայի» հետՙ Պետական անվտանգության կոմիտեի հետախուզության հետ: Այդ մասին կան գեղարվեստական գրքեր, ֆիլմեր, վավերագրություն, հետազոտություններ, հետախույզների մեմուարներ եւ այլն, եւ այլն:
Որեւէ երկրի հետախուզություն իր աշխատանքում օգտագործում է մարդկային ռեսուրսներ (առաջ էլ եմ գրել այդ մասին): Առանց դրա հնարավոր չէ: Հետախուզությանը հարկավոր է գործակալական ցանց եւ մեծ քանակությամբ «օգնականներ»:
Անձը հետախուզության օգնական կարող է դառնալ գաղափարական հիմքերի վրա, նյութական շահերից ելնելով, ինչպես նաեւ վարկաբեկիչ նյութերից զգուշանալով: Երեք իրավիճակներն էլ նորմալ են հետախուզության համար, եւ հասարակությունը դրան նորմալ պետք է վերաբերվի, առանց սոցիալական «պայթյունների», սենսացիաների եւ անհիմն պահանջների ընդդեմ ազգային հատուկ ծառայության:
Որեւէ քաղաքացի եւ անհատ կարող է քննադատել, դատապարտել, պահանջել «լյուստրացիա», վարկաբեկել իր երկրի հատուկ ծառայությանը, ընդդիմախոսել, բայց երբ նա դառնում է պետական այր, նա պետք է փոխի իր դիրքորոշումը շատ կարճ ժամանակում, հասկանա հետախուզության տեղն ու դերը պետական գործիքակազմում եւ սատարի այդ օղակին, հակառակ դեպքում վայն եկել ու տարել է այդ պետությանը, երկրին, ժողովրդին ու այդ քաղաքական գործչին: Օրինակ բերեմ Իսրայելին, այդ երկրի հետախուզությանըՙ «Մոսսադին» եւ հրեա ժողովրդին:
«Մոսսադի» հետախուզությունը իրականացնում է բավականին բարդ եւ ծավալուն խնդիրներ (ընդ որում Հայաստանի եւ Իսրայելի խնդիրները շատ հարցերում ընդհանրություններ ունեն): Տեղեկատվության հայթայթումը թերեւս նրանց ամենաբարդ խնդիրը չէ: Հակառակորդի, թշնամու (իսկ երբեմն նաեւ դաշնակիցների) գործակալական ցանցերի հայտնաբերում, դիվերսանտների, ահաբեկիչների հայտնաբերում, երբեմն նրանց ֆիզիական լիկվիդացիայի կազմակերպում, հեղաշրջումներ, այլ պետությունների «գրպանը» մտնելու գործողություններՙ հատկապես գիտատեխնիկական նվաճումների գծով եւ այլն: Իսրայելցի հետախույզը նախքան «թիրախ» երկիր մեկնելը այդ երկրում բնակվող շատ հրեա ընտանիքների հասցեներ ունի: Նա վստահորեն գիտի, որ 10-ից առնվազն 9-ը հրեաներ անհրաժեշտության դեպքում (եթե ինքը ձախողվի) իրեն «թաքստոց» կտրամադրեն մինչեւ նրան հաջողվի այլ փաստաթղթերով լքել այդ երկիրը: Նման շռայլություն իրենց չեն կարող թույլ տալ ռուս, ամերիկացի, թուրք, ֆրանսիացի, արաբ հետախույզները, եւ թող ներեն իմ հայրենակիցները, ոչ էլ հայ հետախույզը: Համենայնդեպս, այդ է հուշում ինձ այսօր օպերատիվ քաղաքական իրավիճակը իմ երկրի ներսում եւ Սփյուռքում, եւ իհարկե մեր հատուկ ծառայության վիճակը:
Եվ այսպես, չի կարելի անտեսել հետախուզության կարեւորությունը պետության կայացման գործում, չի կարելի քարկոծել «օգնականներին», որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել հետախուզությանը, չի կարելի նրանց անունները «լույս աշխարհ» բերել, եւ էլի մի շարք «չի կարելիներ»: Չի կարելի, բայց միշտ կգտնվեն Սնոուդեններ, Էյմս, Գարդիեվսկի, Սկրիպալներ, որոնք անուններ կհանեն «լույս աշխարհ», ընդ որում ոչ թե պարզապես կհրապարակեն ինչ-որ անուններ, այլ կհանձնեն այդ անունները հակառակորդին: Ի՞նչն է նրանց դրդում այդ քայլին, դա արդեն ուրիշ պատմություն է:
Այս անգամ ուզում եմ նշել ոմն Վասիլի Միտրոխինի մասին, որի «շնորհիվ» հրապարակվեցին ազգությամբ հայ «օգնականների» անուններ:
(շարունակելի)