Հաշվի առնելով տարածքային և մարդկային կորուստները՝ կարող ենք վստահորեն ասել, որ վերջին հարյուր տարվա ընթացքում 2023 թվականը բոլոր առումներով ամենավատն էր Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ ամփոփելով անցնող տարին։
«Նույնիսկ 2020 թվականին մենք ավելի ամուր էինք, քան հիմա։ Ինչպե՞ս կարելի է անցնող տարվա մասին որևէ դրական բան ասել։ Ցավալին այն է, որ դեռ ապրում ենք պարտված իշխանության կառավարման ներքո, ինչը նշանակում է, որ նոր պարտություններ ենք ունենալու։ Պատճառն այն է, որ պարտված իշխանությունը միայն նորանոր պարտություններ է բերելու։
2023 թվականի ընթացքում ես ոչ մի լուսավոր բան չեմ տեսել. միայն բացասական զարգացումներ՝ ազգն ավելի է պառակտվել, բաժանվել սևերի և սպիտակների, հայաստանցու և ղարաբաղցու։ Տարածքային առումով ևս կորուստներն ավելացել են, առկա է անվտանգության, աշխարհաքաղաքական դիրքորոշման, ապագայի լրիվ կորուստ, փոխարենը՝ անորոշության գագաթնակետ։
Ամենալավը մեր ազգային հերոս Մանթե Մելքոնյանն է ասել՝ կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը։ Արցախը չկա, շրջել ենք հայոց պետականության վերջին էջը և լրացնում ենք այն. Ալիևը գրիչը դրել է Փաշինյանի ձեռքը և ասում է՝ դե, լրացրու։ Դրա համար էլ նույն Ալիևն ամեն օր խոսում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», անկլավների մասին, խուսափում է որևէ փաստաթղթի ստորագրումից»,- ասաց Թևան Պողոսյանը։
Ըստ քաղաքագետի՝ ՀՀ պատված իշխանությունների միակ պոտենցիալը կարող է լինել հերթական պարտությունը, և գալիք տարվա հետ կապված դրական փոփոխությունների նշույլ անգամ չկա։
«Տեսնում ենք, թե ինչպես են մեր թշնամիներն ագրեսիվ կերպով զինվում, փոխում իրենց խոսույթը՝ ցույց տալով, որ չեն պատրաստվում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։
Սրան զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները վատացնում են իրենց հարաբերությունները միջազգային գործընկերների, լավ-վատ դաշնակիցների հետ։ Հասարակական համերաշխությունը զրոյական մակարդակի վրա է, որևէ ձեռքբերում չունենք»,- ասաց Թևան Պողոսյանը։