Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի երևանյան այցը փորձ է՝ չկորցնելու Հայաստանը, որովհետև ակնհայտ է, որ այդ կառույցը կորցնում է Հայաստանը. քաղաքագետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի՝ Երևան կատարելիք այցը փորձ է՝ չկորցնելու Հայաստանը, որովհետև ակնհայտ է, որ այդ կառույցը կորցնում է Հայաստանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ չի բացառվում, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարը Երևան է գալիս նոր առաջարկների փաթեթով։

«Մենք այդ մասին հավանաբար կիմանանք Իմանգալի Տասմագամբետովի հայաստանյան այցից հետո։ Այնուամենայնիվ, այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև, նորմալ չէ, և կողմերից որևէ մեկը պետք է քայլ աներ։

Անձամբ ես կցանկանայի, որ առաջինը քայլ աներ պաշտոնական Երևանը՝ հայտարարելով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Բայց քանի որ Հայաստանը նեղացկոտ կեցվածք է ընդունելև ոչինչ չի անում, հավանաբար ստիպված որոշել է քայլ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Հարցին՝ ի՞նչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել Իմանգալի Տասմագամբետովի հայաստանյան այցից, և արդյոք վերջինս կկարողանա բեկում մտցնել պաշտոնական Երևանի՝  ՀԱՊԿ-ը բոյկոտելու քաղաքականության մեջ, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե ինչ առաջարկներով եկած կլինի ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյան։

«Եթե գալիս է՝ շարունակելու այն ուղեգիծը, որը որդեգրել է ՀԱՊԿ-ը՝ սկսած 2021 թվականի մայիսից, ապա չեմ կարծում, որ այստեղ պաշտոնական Երևանին ինչ-որ բան համոզելու խնդիր կա։ Այդ դեպքում ոչինչ չի փոխվի։ Իսկ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է նոր առաջարկներով՝ օրինակ պատրաստակամություն հայտնելով քննարկել Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, ապա պաշտոնական Երևանի դիրքորոշման մեջ, հնարավոր է, փոփոխություններ նկատենք»,- ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան:

Նա հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախատեսվում է քննարկել 2023 թվականի նոյեմբերին Մինսկում կայացած նստաշրջանի արդյունքները։

Հատկանշական է, որ Իմանգալի Տասմագամբետովի այցը կայանում է պաշտոնական Երևանի՝ տևական ժամանակ ՀԱՊԿ միջոցառումները բոյկոտելու և դրանց չմասնակցելու ֆոնին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, երեկ չէր մասնակցել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին, ինչի մասին ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին տեղեկացրել էր պաշտոնական նամակով:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել կազմակերպության գագաթնաժողովին, որը կայացել էր Մինսկում: